Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստին հարցաքննվեց Դավիթ Սանասարյանը:
Նա պատմեց, որ Սամվել Ադյանին որպես գնումների ոլորտում լավ մասնագետ խորհուրդ է տվել ընկերը: Ինքը Ադյանին հարցրել է՝ զբաղվո՞ւմ է բինզեսով, նա ասել է՝ ունի կլինիկա Մոսկվայում, ընտանիքն այստեղ ունի բիզնեսներ: Սանասարյանի խոսքով, ինքն ասել է Ադյանին, որ պետք է հրաժարվի, հավատարմագրային կառավարման հանձնի ու կատարի բացառապես պետական աշխատանք: Ըստ Սանասարյանի՝ Ադյանը համաձայնել է. «Այն, ինչ հետագայում կարված գործում ներկայացվեց, որ ինքը ի սկզբանե տեղյակ է պահել «Զորաշեն» ընկերության մասին, չի համապատասխանում իրականությանը, որեւէ ապացույց չկա դրա մասին»:
Սանասարյանի խոսքով, ընթացքում ինքն ավելի է վստահ եղել Սամվել Ադյանին աշխատանքի ընդունելու հարցում, որովհետեւ վերջինս լավ թիմ է հավաքել վերահսկողական ոլորտից. «Երբ հանձնարարականներ եմ տվել կատարել ուսումնասիրություններ, դրանց արդյունքում մի քանի 100 միլիոն վերականգնվել է պետբյուջե, դա Ադյանի ու իր գլխավորած վարչության աշխատանքի արդյունքն է»:
Հետո Սանասարյանը անդրադարձավ այն ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հեռախոսազրույցներին. «Ինքը զանգել է ինձ, ասել է, որ իմ աշխատողները լավ առաջարկ են արել, եթե փաստաթղթերն ամեն ինչ նորմալ է, մենք կընդունենք: Զարմացա, ասացի՝ Արսեն, ի՞նչ է նշանակում աշխատողը լավ առաջարկ է արել, դու կընդունես: Մեր խոսակցությունների 80 տոկոսը եղել է կառավարական կապով, ինչքան գիտեմ այդ կապը վերահսկվում է: Կանչում եմ Ադյանին, ասում եմ՝ նման բան է ասում, կա՞պ ունի քեզ հետ, ասում է` չէ պարոն Սանասարյան: Ասում եմ՝ լավ, նորից զանգում եմ Թորոսյան Արսենին, ասում եմ՝ նման բան չկա: Ասում է՝ լավ, ես իմ կապերով կճշտեմ»:
Կարդացեք նաև
Սանասարյանն անդրադարձավ նաեւ դիալիզի պարագաների գնման գործընթացին վերաբերող ուսումնասիրություններին: Նրա խոսքով, տվյալներ էին ստացվել, որ մենաշնորհ կա այդ ոլորտում, տարիներ շարունակ չարաշահումներ են տեղի ունենում, երկու կազմակերպություն է մրցույթը միշտ շահում: Ինքը Ադյանին հանձնարարել է գործողության պատրաստվել. «Արսեն Թորոսյանը բողոքել է, որ բավականին բիրտ են մեր աշխատողները, ներս են ներխուժում, աթոռ են ուզում, իրենց պահում են Հատուկ ծառայության աշխատակիցների պես: Մի անգամ Արսեն Թորոսյանն ինձ զանգել է, ինձ մոտ մարդ կար, անջատել եմ, երկրորդ անգամ, երբ զանգ եղավ, վերցրեցի վիրավորական արտահայտություններով ասում էր, որ աշխատողներիդ վիրավորական բառերով այնտեղից կհանեմ: Մոտս մարդ կար, չպատասխանեցի, հետո ձայնային ուղարկեցի, որ իմ աշխատողների մասին այդպես չխոսի…Վերջը, հետագայում Թորոսյանն ասաց՝ բա էս ամեն ինչը անում եք, որ քո աշխատող Սամվել Ադյանի «Զորաշեն» ընկերությունը հաղթի՞: Ես ասացի՝ իմ սկզբունքները գիտես, ինձ համար կապ չունի Սամվել Ադյանն է, թե ով է: Այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկ կա, որ բոլորս վստահ լինենք, պետք է ուսումնասիրություն կատարվի: Բայց քննչական մարմնում ներկայացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել, ես ընդունել եմ, որ այդ ընկերությունը պատկանում է Սամվել Ադյանին»:
Սանասարյանի խոսքով, Ադյանին բերման ենթարկելուց հետո, շեշտել են իր անունը՝ ասելով, որ եթե ինքն ուզում է դուրս գալ, պետք է գրի, որ Դավիթ Սանասարյանը կապ ունի այս ամենի հետ. «Երկարատեւ ճնշումներից հետո ընտանիքի անդամի վերաբերյալ մի խնդիր են գտնում, որ քրեորեն պատժելի է: Ասում են Ադյանին դիմում գրի, որ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություն ես ուզում տալ, Ադյանը մի չորս անգամ դիմում է գրում, թե կանչեք տեղեկություն եմ ուզում տալ այդ թվում Դավիթ Սանասարյանի վերաբերյալ: Ես նրա ձեռագիրը գիտեմ, այդ տեքստը պատրաստի տվել են իրեն: Իմ գնահատմամբ՝ ամբողջությամբ գործը կարված է եղել»:
Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել է իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ