Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Օրվա իշխանությունը անում է Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկացած պահանջ միայն թե իշխանությունը պահի, որովհետեւ ավելի շատ ինքը գիտի, թե ինչ դավաճանական քայլեր է արել եւ ինչ պատժի է արժանանալու իշխանությունը կորցնելուց հետո»

Դեկտեմբեր 19,2024 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում ասաց. «Երեկ Ալիեւը բարձրաձայնեց «Խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթղթի ստորագրման դեմ իր ակնկալիքների մասին: Ի՞նչ ակնկալիքների մասին է խոսում Ալիեւը, առանց որոնց կատարման նա չի պատրաստվում որեւէ «Խաղաղության պայմանագիր» ստորագրել:

Նա բազմիցս ասել է ու երեկ նորից կրկնեց, որ առաջին պայմանը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունն է: Իսկ ինչո՞ւ է Ալիեւը այսպես համառությամբ պնդում սահմանադրության փոփոխության պահանջը: Որովհետեւ նա շատ լավ գիտի, որ որեւէ իրավական ուժ չունեն այն բոլոր փաստաթղթերը, որոնք հակասում են սահմանադրությանը եւ վաղը մյուս օր, երբ նոր ազգային ուժ եկավ իշխանության, առաջին հերթին միջազգային հարթակներում դնելու է այս իշխանության կողմից ցանկացած պայմանագրի հակաիրավականության, հակասահմանադրականության հարցը: Իսկ սահմանադրության մեջ այդ ո՞ր կետն է, որ Ալիեւին անհանգստացնում է: Դա հղումն է Անկախության հռչակագրին: Իսկ անկախության հռչակագիրը հստակ անժամանցելի, անփոփոխելի իրավական փաստաթուղթ է, եւ որեւէ կերպ հնարավոր չէ անտեսել նրա պահանջները: Հետեւաբար, միջազգային հարթակներում ազգային իշխանությունը անպայմանորեն կարող է բարձրացնել արցախահայության վերադարձի, Արցախը Հայաստանին միավորվելու հարցը եւ այլ հարցեր:

Սա առաջին հերթին ապացույց է հանրության այն մասի համար, որոնք պնդում են, թե մենք այլեւս ոչինչ անել չենք կարող, այլեւս անվերադարձ կորցրել ենք Արցախը, արցախահայության վերադարձի իրավունքի հարցը: Եթե դա այդպես լիներ, Ալիեւը այսպես համառորեն չէր պայքարի, չէր պահանջի սահմանադրության փոփոխությունը: Սա առաջին հերթին ապացուցում է, որ, այո, Հռչակագիրը անփոփոխելի, անժամանցելի փաստաթուղթ է: Եվ նա ուզում է դրանից ազատվել սահմանադրության փոփոխությամբ:

Հաջորդ պահանջը, որ Ալիեւը երեկ նորից բարձրացրեց, արեւմտյան Ադրբեջան գաղափարն էր եւ 300 հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան: Ըստ էության, մեր երկրի վարչապետը, ես կասեի՝ տգետ վարչապետը, որի կինը սկսել է տգիտության դեմ պայքարել ու երեւի առաջնահերթ ինքն է իրենց ընտանիքում զգացել, թե ինչ բան է տգիտությունը, այդ վարչապետը այսօր ինքն է արդեն նույն հարթության մեջ դրել Արեւմտյան Հայաստան, արեւմտյան Ադրբեջան գաղափարները, ինչը դավաճանական քայլ է հայ ժողովրդի, հայ ժողովրդի պատմության, Հայաստանի Հանրապետության հանդեպ: Ադրբեջանը, փաստորեն, պահանջում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ: Սա միանշանակորեն անընդունելի հարց է: Արեւմտյան ադրբեջանցի եւ արցախահայության վերադարձը նույն հարթության վրա դնելը միջազգային հարթակներում քննարկման, կրկնում եմ, դավաճանություն է, ինչը անում է օրվա իշխանությունը, օրվա վարչապետը եւ ինչպես վկայում է նրա տիկինը, տգետ վարչապետը:

Եթե Ադրբեջանը պատրաստվում է նման հարց բարձրացնել, ապա միայն ու միայն այն դեպքում, եթե զուգահեռորեն հարց բարձրացվի Բաքվում եւ Սումգայիթում բռնի տեղահանված, կոտորածների հետեւանքով փախուստի դիմած մեր հայերի վերադարձի իրավունքների համատեքստում եւ ոչ թե արցախահայերի վերադարձի համատեքստում:

Երրորդ պահանջը, որ Ալիեւը բարձրաձայնեց երեկ, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջն է: Ինչո՞ւ հանկարծ Ադրբեջանն այսպես համառորեն սկսեց դա պահանջել: Որովհետեւ դա այս պահին գոյություն ունեցող միակ միջազգային հարթակն է, որը անմիջականորեն զբաղվում է Արցախի հարցի միջազգային ճանաչման հիմնախնդրով եւ կարգավորման հնարավորությամբ: Բնականաբար, Ադրբեջանին երբեւէ չի կարող բավարարել Մինսկի խմբի համանախագահների գոյությունը, առավել եւս, նրա մանդատը, որն է՝ Արցախի հիմնախնդրի լուծում եւ միջազգային ճանաչում:

Հաջորդ պահանջը իրավունքների պաշտպանության հրաժարումն է: Ասել է, թե Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ որեւէ պահանջ բարձրացնելուց: Այսինքն, մեր երկրի ներկայացուցիչները որեւէ միջազգային հարթակում չպետք է խոսեն Արցախի հայերի վերադարձի մասին, ցեղասպանության ճանաչման, ցեղասպանության դատապարտման մասին, երբեւէ չպետք է խոսեն այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ ընդհանրապես, հայ գերիների՝ Բաքվի բանտերում գտնվելու եւ նրանց վերադարձի իրավունքի մասին: Բնականաբար, եթե օրվա իշխանությունը այնքան տգետ է, որ չի հասկանում, որ պետք է անմիջականորեն պատասխանել նման հարցադրումներին, ապա ուրեմն սա նույնպես դավաճանական քայլ է:

Հաջորդը Հայաստանին զենքի մատակարարման դեմ պահանջն է, դրա դեմ պայքարը: Ալիեւը դա որակեց որպես Հայաստանին հարձակողական  մահաբեր զենքեր տրամադրել: Դա նշանակում է, որ նա ըստ էության ինքը իր համար արդարացման հող է նախապատրաստում Հայաստանի դեմ որեւէ ռազմական գործողություն իրականացնելու համար:

Իսկ ինչ են անում օրվա իշխանությունները ի պատասխան Ալիեւի այս հայտարարությունների, որոնք միայն երեկ չեն հնչել: Մեր իշխանությունները լուռումունջ համաձայնում են այս պահանջների կատարմանը: Օրվա իշխանությունը պատրաստ է եւ անում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ներկայացված պահանջ միայն թե իր իշխանությունը պահի, որովհետեւ ավելի շատ ինքը լավ գիտի, թե ինչ է արել մեր երկրի հանդեպ, ինչ դավաճանական քայլեր է արել եւ ինչ պատժի է արժանանալու իշխանությունը կորցնելուց հետո: Մյուս կողմից էլ ինքը շատ լավ գիտի, թե էլ ինչ խոստումներ է տվել Ադրբեջանին եւ Թուրքիային եւ նրանք դեռ ինչեր են սպասում իրենից: Հետեւաբար, նա քայլ առ քայլ իրականացնում է այս ամենը եւ առաջին հերթին փորձում է ավելի քան 300 հազար ադրբեջանցիների համար Հայաստանում տեղ ազատել»,-ասաց պատգամավորը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031