Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռևս պատասխաններ չենք ստացել: Այս մասին Արմենպրեսի հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»,- ասել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը բնութագրեց կառուցողական:
«Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասել է, որ ակնհայտ է, որ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ:
«Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արեւմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետեւաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, եւ Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ: Նկատի ունեմ՝ բնականոն հարաբերությունների հաստատումը, որոնք կապահովեն, այդ թվում, Ադրբեջանի արեւմտյան եւ Հայաստանի արեւելյան սահմանների անվտանգությունը»,- նշել է նա: