Այսօր լրագրողները Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին հարցրեցին, թե հնարավոր կլինի՞ ավագանու նիստ գումարել, գոնե նոր բյուջեն հաստատել։
Նա նշեց, որ բյուջեն հաստատելն անիրատեսական է, քանի որ դա լուրջ փաստաթուղթ է, եկամուտներ են քննարկվում, հաստիքները, աշխատավարձի չափը պիտի հաստատվի։
Ըստ նրա, եթե անգամ ավագանու նիստ գումարվի, այս ամենը երկար գործընթաց է, փաստաթղթի հետ գործ ունեն և շտապելու իմաստ չկա։ Ըստ Սարիկ Մինասյանի, կառաջնորդվեն 2024 թվականի բյուջեով։
«Ավելի լավ է փորձ ունեցած բյուջեով աշխատենք, քան ոտքի վրա ՝արագ-արագ բյուջե ընդունենք, որովհետև և՛ հաստիքների, և՛ աշխատավարձի չափի հետ ես անհամաձայնություն ունեմ։
Կարդացեք նաև
Այստեղ շատ հաստիքներ կան, որոնք մեղմ ասած անիմաստ հաստիքներ են, դրանց կրճատման արդյունքում մենք կկարողանանք աշխատանք կատարող մարդկանց աշխատավարձը բարձրացնել։ Որևէ նորմալ մասնագետ 80 հազար դրամով չի գա էստեղ, չի աշխատի», ասաց Սարիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետարանում աշխատավարձը շատ ցածր է, այս թեման ևս դարձել էր պատճառ ՔՊ-ականների համար «Բալասանյան դաշինիք» հետ հուշագիրը միակողմանի խզելու։
Աշխատավարձը վերջին անգամ բարձրացել էր 2023 թվականի դեկտեմբերի 29-ին․ Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ վարձատրության նոր չափ էր սահմանվել․ Գյումրու քաղաքապետի աշխատավարձը 340 հազար դրամից (ներառյալ բոլոր տեսակի հարկերը՝ քաղաքապետը ստանում էր 247 հազար 800 դրամ մաքուր աշխատավարձ), դարձել էր 431 հազար դրամ։
15 տոկոսով ավելացել էր նաև աշխատակիցների աշխատավարձը, որը, ըստ օրենքի, կախված է քաղաքապետի աշխատավարձի չափից։ Ասենք, բարձրացման արդյունքում գլխավոր մասնագետը 147 հազար դրամ այսպես ասած կեղտոտ աշխատավարձ է ստանում, որից փոխանցում են եկամտահարկը, կենսաթոշակային ֆոնդի համար գանձվող գումարն ու այսպես ասած զինվորի հարկը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ