«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ ասուլիսում խոսել է «Օրեշնիկ» հրթիռի մասին, նշելով, որ այն հնարավոր չէ խոցել։
Ռուսաստանի նախագահն առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, որը ցույց կտա, թե ինչպես ռուսական նոր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը կարող է հաղթահարել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ:
Անդրադառնալով «Օրեշնիկ»-ի նկատմամբ արևմտյան թերահավատությանը, Պուտինն առաջարկել է երկու կողմերին ընտրել նշանակված թիրախ, որը պաշտպանված կլինի ամերիկյան հրթիռներով:
«Մենք պատրաստ ենք նման փորձի», – ասել է Պուտինը։
Կարդացեք նաև
Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ «Օրեշնիկը» ժամանակակից զենք է, թեև այն հիմնված է ռուսական նախկին մշակումների վրա։
Ռուսաստանն առաջին անգամ «Օրեշնիկ» հրթիռն արձակեց ուկրաինական Դնեպր քաղաքի ուղղությամբ նոյեմբերի 21-ին, ինչն, ըստ Պուտինի, իրենց պատասխանն էր Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ATACM բալիստիկ հրթիռների և բրիտանական Storm Shadows-ի առաջին կիրառման՝ Ռուսաստանի տարածքին Արևմուտքի թույլտվությամբ հարվածելու համար:
«Խոսքը հարյուր, երկու հարյուր կամ երեք հարյուր մետրերով առաջխաղացման մասին չէ: Մեր մարտիկները վերցնում են, վերադարձնում են տարածքը քառակուսի կիլոմետրերով: Ցանկանում եմ ընդգծել՝ ամեն օր… Մարտական գործողությունները բարդ երևույթ են, այդ իսկ պատճառով դժվար է կանխատեսում անել, և կարիք էլ չկա: Սակայն մենք շարժվում ենք դեպի սկզբնական առաջադրանքների իրագործմանը, որոնք մեր առջև դրել էինք ռազմական հատուկ գործողության ժամանակ», – ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը խոստացավ, որ Կուրսկի շրջանից ուկրաինացիներին հեռացնելուց հետո այնտեղ ամեն ինչ վերականգնեն, թեև չասաց, թե դա երբ կարող է տեղի ունենալ։ Ըստ նրա՝ Կուրսկում ոչնչացված ուկրաինական զինտեխնիկայի թիվը գերազանցել է ամբողջ տարվա ընթացքում այլ շրջաններում ոչնչացված տեխնիկայի քանակին։ Պուտինի խոսքով՝ Կուրսկում է գտնվում ՆԱՏՕ-ի զինտեխնիկայի, ինչպես ինքը ձևակերպեց, աշխարհի ամենամեծ գերեզմանոցը։
Անդրադառնալով Սիրիայի իրադարձություններին, որոնց արդյունքում վերջ տրվեց Բաշար Ասադի տասնամյակների պաշտոնավարմանը՝ Պուտինն ասաց, որ Հալեպը պաշտպանում էր 30 հազար զինվոր, սակայն նրանք առանց կռվի հանձնվեցին, երբ քաղաք մտավ հակառակորդի ընդամենը 350 զինվոր։ Ըստ նրա՝ նույնը տեղի ունեցավ ողջ Սիրիայում։
«Իհարկե, մենք ակնկալում ենք խաղաղություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Մենք հարաբերություններ ենք պահպանում բոլոր խմբերի հետ, որոնք վերահսկում են այնտեղ իրավիճակը, տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նրանց ճնշող մեծամասնությունը մեզ ասում է, որ իրենք հետաքրքրված են, որպեսզի մենք Սիրիայում պահենք մեր ռազմաբազաները, չգիտեմ, մենք պետք է մտածենք դրա մասին, քանի որ պետք է ինքներս որոշենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները այն քաղաքական ուժերի հետ, որոնք այժմ վերահսկում են իրավիճակը այդ երկրում և կվերահսկեն ապագայում», – ասել է նա։
Պուտինը նաև նշեց, որ դեռ չի հանդիպել Մոսկվայում ապաստանած Բաշար Ասադին, սակայն պլանավորում է առաջիկայում հանդիպել: