Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ ի տարբերություն ԳԱԱ նախագահության շենքի, արդեն 3-րդ օրն է՝ ԳԱԱ Արեւելագիտության, Պատմության, Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Փիլիսոփայության եւ իրավունքի, Երկրաբանության ինստիտուտները, գրադարանը, մագիստրատուրան, հրատարակչությունը ջեռուցում չունեն, եւ այս իրավիճակը կրկնվում է 3-րդ անգամ:
Aravot.am-ը ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն ջեռուցվում հիշյալ կառույցները: «Մեր կաթսայատունը շատ հնացած է, եւ կաթսայատանը ամեն տարի նման բան տեղի է ունենում: Այժմ մեր երկու պոմպերը շարքից դուրս են եկել, դրանք հանվել են, տրվել են վերանորոգման: Հույս կա, որ մինչեւ կիրակի պոմպերը սարքին կլինեն:
Մենք դիմել Գիտության կոմիտե, գումար ենք ստացել՝ հիմնարար վերանորոգման համար: Գումարը կլինի հունվարից եւ հավանաբար գարնանը կվերանորոգենք, որովհետեւ հիմա չենք կարող անջատել: Ակադեմիան սեփական գումար չունի, եւ գումարը ստանում է գիտության կոմիտեի միջոցով: Իսկ կապիտալ վերանորոգման համար ծախսերն ընդհանրապես զրոյական են, եւ ամեն անգամ անհրաժեշտ է դիմել: Օգոստոսին դիմում եղել է, որ գումար հատկացվի, եւ հատկացվել է եւ մյուս տարի հիմնարար վերանորոգում կարվի»,-պարզաբանեց պարոն Իշխանյանը:
Ինչ վերաբերվում է այն մտահոգություններին, որ ակադեմիայի ինստիտուտներին միտումնավոր են սառեցնում, որպեսզի ակադեմիան ի վերջո մասնատվի , ակադեմիայի ինստիտուտները միացվեն տարբեր բուհերի, ու ԳԱԱ-ն փակվի, հատկապես, որ կառավարությունը նման մտադրություն ունի, այս մասին էլ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը հետեւյալ կերպ արձագանքեց. «Բոլոր նմանօրինակ անհանգստություններն ընդհանրապես տեղին են, բայց ո՛չ կոնկրետ այս դեպքի համար»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ