Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Քանի այս մարդը իշխանության է, իրեն ամեն ինչ կարելի է, ձեզ ոչինչ չի կարելի»

Դեկտեմբեր 19,2024 18:20

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում հիշեցրեց, որ երբ Արցախը շրջափակման մեջ էր, մեր հայրենակիցները ցեղասպանության, էթնիկ զտման էին ենթարկվում եւ անգամ սովամահության դեպքեր էին գրանցվում, այստեղ իշխանության ներկայացուցիչները ինչպիսի փարթիներ էին կազմակերպում, ի ցույց դնում, թե ինչպիսի սեղաններ ունեն, ինչպիսի միջոցառումներ էին կազմակերպում: «Դրանից հետո սրանց պաշտպանողները,  թերեւս խնդիրներ ունեն, որ պետք է հասկանալ: Ո՞նց կարելի էր այդ օրերին նման բան անել: Դա շարունակվեց նաեւ հետո: Ու էլի այս մարդիկ զվարճանում էին, էլի տոլմա էին փաթաթում, էլի քարոզում էին, որ մեր հայրենակիցները ոչ մի բանի մասին չմտածեն: Չմտածեն՝ ինչ է կատարվում երկրում, ինչ մարտահրավերներ, պրոբլեմներ կան այս երկրում: Մտածեն միայն ստամոքսի մասին, որ ուրախ ապրեն, զվարճանան, տրվեն հաճույքներին, որովհետեւ կյանքը կարճ է:

Նաեւ ուզում եմ մի կարճ անդրադարձ կատարել մեր հարգելի մսագործներին եւ այն մարդկանց, ովքեր այդ առեւտրով զբաղվում են: Եղել են դեպքեր, երբ ընդդիմադիր գործիչները կամ լրատվամիջոցները ցանկացել են խոսք ասել, լուսաբանել, ասել են, որ խնդրում են չքաղաքականացնել: Այսինքն, եկել, այդ մարդկանց ձեռքից հանապազօրյա հացը խլում են, իրենց խեղդում են, ոստիկանները ամենավիրավորական արտահայտություններով իրենց հետ խոսում են, այդ մարդիկ դժգոհում են, ասում, որ իրենց հացը կտրեցին, միսը տարան, յուրացրեցին, սա արեցին, նա արեցին, բայց ասում են՝ մի քաղաքականացրեք: Բա, կներեք, ի՞նչ է, որ քաղաքականություն չի: Քաղաքականության արդյունքում եք դուք դրա զոհը դարձել: Սրա պատճառով է, որ մենք այս վիճակում ենք: Խնդիրը, որ առաջանում է ձեր հետ, դա քաղաքականության արդյունքն է:

Այն մարդը, որ ժամանակին խոզ էր խանձում, սպանդանոցում է՞ր այդ խոզը խանձում: Այդ խոզը, որ մորթում էր, սպանդանոցում է՞ր մորթում կամ խորոված անում: Մի հատ էլ քարոզում էր, թե կաշին ինչ համով է: Բայց իրեն կարելի է՝ ձեզ չի կարելի: Եթե դուք անեք, ընտանյոք հանդերձ կհայտնվեք անազատության մեջ: Ու եթե գանք, հասկանանք, թե ինչ է, մի բան էլ ասեք, թե հարգում ենք ձեզ, բայց չենք ուզում: Ես կոնկրետ չեմ գնացել դրա համար, թեեւ մի բողոքի ակցիա կամ խնդիր ունեցող ոլորտային խումբ չի եղել, որ չգնամ, իրենց կողքը չկանգնեմ, ինչով պետք է եղել, չօգնեմ:

Այս պարագայում էլ ասում ենք. ամենքիդ դռանը չոքելու է, ամենքիդ հասնելու է այս խնդիրը: Երբ հարցը հասնում է ձեզ եւ ուզում եք դա որոշակիորեն լուծել, չի լինելու: Քանի այս մարդը իշխանության է, իրեն ամեն ինչ կարելի է, ձեզ ոչինչ չի կարելի: Անգամ չի կարելի ամանորին ձեր տան համար ձեր սեփական անասունը ձեր բակում մորթել: Գալու են դա էլ ձեր ձեռքից խլեն:

Ամենեւին դեմ չենք սպանդանոցային մորթին: Բայց ասում ենք՝ սա վերաբերմունք է ձեր նկատմամբ: Այս մարդու ասածները ծայրից ծայր իրար հակասում են: Ու էս մարդը հայի ապրելը չի ուզում, հայ վարորդի ապրելը չի ուզում, հայ գյուղացու ապրելը չի ուզում: Գնում, մի հատ էլ Տավուշում մուննաթ է գալիս, թե եղած հողերը մշակում եք, հիմա էլ ձեր հողե՞րն եք պահանջում: Բերքաբերում չասա՞ց՝ ձեր բակի հողը լավ չեք մշակում: Այսինքն, սա էլ ձեզ շատ է»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031