Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ զգուշացնում եմ՝ այն, ինչ կատարվում է Սիրիայում, կատարվելու է նաեւ Հայաստանում. հետախույզ

Դեկտեմբեր 19,2024 18:12

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց «Հյուսիսային տերեւաթափի» գործով նիստը, հարցաքննվեց գործով վկա Դավիթ Գրիգորյանը:

Նիստը նախագահողի հարցին, թե մեղադրյալներից ում է ճանաչում, վկան պատասխանեց՝ Սերգեյին: Նրա խոսքով՝ վերջինիս հետ իր հարաբերությունները ընկերական են, մարտական ընկերներ են եղել: Ի պատասխան մեղադրող Հովակիմյանի հարցերին՝ վկան հայտնեց, որ ինքը հետախույզ է, արտադրում է զենք-զինամթերք, ունի դրա համար անհրաժեշտ թույլտվություն. պետպատվերով էլ է աշխատում, բայց դրա մասին չի կարող խոսել, որովհետեւ պետական գաղտնիք է:

«Արտադրում եմ թեւավոր հրթիռներ՝ 1000 կմ  ճշտությամբ, բայց պետությունը պատվերներ չի տալիս, ուրի՞շ»,- դիմելով մեղադրողին՝ հարցրեց վկան:

Նիստը նախագահողը հորդորեց չզայրանալ, հանգիստ պատասխանել: Մեղադրող Հովակիմյանը վկայից հետաքրքրվեց՝ երբվանից է ճանաչում մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանին: Ի պատասխան՝ վկան մանրամասնեց՝ 1991 թվականից. «Երբ եղբոր հետ բռնվել է, գնացել է հակառակորդի գեներալին Բաքվից գողացել է, բերել, փոխանակել է: Նման բան լսած կա՞ք նորագույն Հայաստանի պատմության մեջ: Դրանից բացի՝ նախկին իշխանությունները, որոնց դուք չեք սիրում, իրեն հենց այնպես 13 տարի նստեցրել են: Հիմա դա շարունակվում է: Եվ Ձեզ՝ պարոն Հովակիմյան, զգուշացնում եմ՝ այն, ինչ կատարվում է  Սիրիայում, կատարվելու է նաեւ Հայաստանում»:

Վկան հայտնեց, որ 2020 թվականից հետո առնչվել է Սերգեյ Մկրտչյանի հետ, վերջինս իրեն դիմել էր օգնության համար: Վկան էլ հայտնեց, որ բոլոր թուրք խփողներին ինքը միշտ պատրաստ է եղել օգնել:

Մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սերգեյ Մկրտչյանը տեղյակ է եղել, որ ինքն արտադրում է հեռահար կառավարման սարքեր: Ի պատասխան ՝ վկան ասաց՝ ոչ: Հաջորդ հարցին, թե 2021,2022 թթ երբեւէ վկայի ու Սերգեյ Մկրտչյանի միջեւ զրույց  եղե՞լ է, որ որեւէ զինտեխնիկա իրենից խնդրի, ցանկանա: Վկան պատասխանեց՝ եթե սահմանում է  եղել, այո: Ըստ նրա՝ Մկրտչյանը զանգել է, հայտնել է՝ ինչ է պակաս, ինքն էլ ընկերներին խնդրել է, օգնեն: Վկայի խոսքով, իսկ ինքն իր արտադրած զինտեխնիկայից  երբեւէ չի տրամադրել, որովհետեւ իր արտադրանքը հաշվառված է: Նա ասաց, որ մեղադրյալ Մկրտչյանն իրենից ուզել է միայն ռացիա:

Հիշեցնենք, որ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ մի խումբ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, խմբի կազմում, 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031