Անդրադարձել էինք, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի՝ քաղաքապետարան ոտք դնելուն պես երկու պաշտոնյաներ՝ աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը և «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի Արտավազդ Ոսկանյանն աշխատանքից ազատման դիմում են ներկայացնել։
Այսօր Aravot.am-ը տեղեկացավ, որ աշխատանքից պատրաստվում են հրաժարական ներկայացնել մի քանի բաժնի պետեր՝ գովազդի բաժնի պետ Հարություն Թադևոսյանը, ֆինանսատնտեսական բաժնի պետ Լևոն Բարսեղյանը, բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Մարտին Սարուխանյանը։
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին հարցրեց՝ ինչո՞ւ են նրանք հեռանում, բալասանյանական կադրեր են, դրա համա՞ր, թե՞ ազատման դիմում են ներկայացնում՝ հետևելով ձեր այն հայտարարությանը՝ «ովքեր սրա, նրա մարդն են, գյումրեցու կողքին չեն եղել, պիտի հեռանան»։
Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը ևս որոշ չափով բալասանյանական կադր է․ նա Գյումրու նախկին քաղաքապետի առաջարկով 2013-2017 թվականներին զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։
Կարդացեք նաև
Սարիկ Մինասյանը հավաստիացրեց, որ նրանք հեռանում են սեփական դիմումի համաձայն, սեփական նախաձեռնությամբ․ ազատման դիմումներ են գրել, ինքը խնդրել է՝ հունվարից ազատվել։
Ըստ քաղաքապետի պաշտոնակատարի, իրենք նախատեսել են 13-րդ աշխատավարձ հատկացնել կոմունալ ծառայության աշխատակիցներին, նրանք ողջ տարին չարչարվել են, հետևաբար ճիշտ չէր լինի հենց այս պահին գնային, կզրկվեին և՛ 13-րդ աշխատավարձից և՛ աշխատավարձ կիսով չափ կստանային։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ