Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկխոսությունը Լևոն Հախվերդյանի հետ շարունակվում է». երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 17-րդ նստաշրջանը նվիրված էր ակադեմիկոսի վաստակի արժևորմանը

Դեկտեմբեր 19,2024 18:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սույն թվականի դեկտեմբերի 18-19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 17-րդ նստաշրջանը, որը կազմակերպել էր ԳԱԱ արվեստի ինստիտուտը։

Նստաշրջանը նվիրված էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի՝ 1987-2003թթ․ տնօրեն, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ Նա շեշտեց Լևոն Հախվերդյանի մեծ վաստակը թատերագիտության, գրականագիտության, լեզվաբանության ոլորտներում։ «Թեև նա ավելի շատ արվեստագետ էր, գրականագետ էր, բայց ժամանակի լավագույն լեզվաբանների հետ հավասար պայքարում էր մեր լեզվի անաղարտության համար, որ մեր լեզուն ունենա քերականական անթերի լուծումներ, այն հարստանա նոր ճշգրիտ տերմիններով։ Նրա կատարած գործը և եռանդը պետք է ոգևորի այսօրվա հետազոտողներին», – ասաց Յուրի Սուվարյանը։

Մասնակիցներին ողջունեց Լևոն Հախվերդյանի սան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ «Լևոն Հախվերդյանը մեծ տեղ էր հատկացնում երիտասարդներին, ճանապարհ հարթում նրանց համար։ Նա գիտեր, որ մեր ապագան մեր երիտասարդներն են։ Այսօրվա միջոցառումը նվիրված է Հախվերդյանի վաստակի արժևորմանը», – ասաց Աննա Ասատրյանը։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը պատմեց հուշեր Լևոն Հախվերդյանի մասին և նշեց․ «Մեր սերունդը երջանիկ սերունդներից է, մենք առիթ ունեցանք շփվելու բազմաթիվ մեծերի հետ՝ մեծ դրամատուրգների, մեծ թատերագետների հետ, մարդկանց հետ, ովքեր դեռ այն ժամանակ կենդանի դասականներ էին։ Այդ շարքում էր նաև Լևոն Հախվերդյանը։ Բացառիկ անձնավորություն էր։  Հույս ունեմ, որ մեր ականավոր գործիչներին հիշելու գործընթացը շարունակական կլինի»։

Հայ արվեստաբան, գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ Հենրիկ Հովհաննիսյանը Լևոն Հախվերդյանին նվիրված «Իր ժամանակի հայ թատրոնի մեկնաբանը» զեկուցման ժամանակ նշեց․ «Երբ ասում ենք 100-ամյակ, հասկանում ենք պատմություն, բայց մենք խոսում ենք մի մարդու մասին, ով երեկ մեր ժամանակակիցն էր։ Երբ մարդը չկա, նրա հետ երկխոսությունը շարունակվում է։ Իմ երկխոսությունը Լևոն Հախվերդյանի հետ շարունակվում է»։

Նստաշրջանի ընթացքում գիտական զեկուցումներով հանդես եկան երիտասարդ հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։

Նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող Գայանե Պողոսյանի «Պատկերագրական առանձնահատկությունները Վանի թագավորության կերպարվեստում» գրքի շնորհանդեսը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031