«Քաղաքական անպատասխանատվությունը դարձել է մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը։ Կառավարության ղեկավարը, անդամները հրապարակային կարող են ստել»,- ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի կազմակերպած «Խորհրդարանական մշակույթը եւ էթիկան որպես պառլամենտարիզմի զարգացման եւ ամրապնդման գործոններ» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նկատելով, որ այս հարցում իրավիճակ փոխելու համար հատկապես իշխանության վարքագիծն է կարեւոր։
«Այնքանով, որքանով ընդդիմությունը կկարողանա հակակշռել իշխանությանը, այդքանով նաեւ զարգացում կկարողանանք ունենալ։ Բայց քանի որ ընդդիմությանը վերապահված իրավունքները հռչակագրային են մնում, ավելին, Սահմանադրությամբ նախատեսված մի շարք իրավունքներ պարզապես ոչնչանում են քաղաքական մեծամասնության ցուցաբերած վարքագծով՝ գործողությամբ կամ անգործությամբ, սա բերում է նաեւ անառողջ վիճակի առաջացմանը հենց նույն պառլամենտում»,- ասաց նա՝ հումորով հավելելով՝ հիմա իրավիճակն ավելի է վատացել ոչ միայն այն պատճառով, որ «սուրճի սեղան չկա, այլ ընդհանրապես քննարկում չկա»։
Արծվիկ Մինասյանը մանրամասնեց՝ իբրեւ ընդդիմություն փորձել են օգտվել նաեւ այն գործիքակազմից, որը հնարավորություն է տալիս ՍԴ-ի միջոցով հաստատել ընդդիմության եւ իշխանության բաժանարար գիծը, բայց բացասական են գնահատել արդյունքը, քանի որ 2022-ին ՍԴ-ից ստացել են մի որոշում, որով արդարացվեց ԱԺ նախագահի ցուցաբերած վարքագիծը, ով ի սկզբանե պարտավոր էր ԱԺ-ում էթիկայի կանոններ պահպանել։ Ավելին, ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ, դա բերեց ավելի բացասական դրսեւորումների։
Նա նկատում է՝ նախկինում չկային սահմանադրական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային հակակշռելու իշխանությանը, բայց հիմա կան ու ըստ էության, հնարավորություն չի տրվում դրանք կիրառելու․ «Այսօրվա պառլամենտական արատավոր մշակույթը պատճառների խորքում ունի հակակշռելու լծակների բացակայությունը»։
Կարդացեք նաև
Նա համաձայն է առաջարկին՝ մշակել պառլամենտական մշակույթի եւ ընտրական գործընթացներում մասնակցող ուժերի էթիկայի կանոններ։
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ պառլամենտում Էթիկայի հանձնաժողովի ստեղծման հարցին՝ ասելով, որ կանոնակարգով սահմանված ձեւով բացարձակ անպիտան է նման հանձնաժողովի ստեղծումը, քանի որ այն կրկին քաղաքական մեծամասնության ներքո է գործում։ Ընդդիմությունը իշխանության հետ քննարկել է՝ հավասար՝ պարիտետային սկզբունքով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հարցը, հուսով են՝ ընդհանուր հայտարարի կգան։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ