«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրված Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրուցում ասաց, որ կուսակցության վարչությունն իրեն միաձայն է ընդունել իր շարքերը, և իր կողմից բարոյական էր ՔՊ-ին անդամակցելը։
«Կարծում եմ դա բարոյական է, որովհետև այդ կուսակցությունը՝ վարչության նախագահի գլխավորությամբ, ինձ հնարավորություն էր տվել որպես անկուսակցականի մասնակցել նախնական ընտրությունների։ Եվ քանի որ գյումրեցին ավելի շատ ինձ է վստահություն տվել, ես գտել եմ, որ բարոյական ու մարդկային քայլս է այդ թիմի կողմից տված հնարավորությունը ոչ միայն օգտագործել, այլ համախմբելով բոլոր ուժերը՝ միասնաբար կարողանանք մեր քաղաքն այս ճգնաժամից հանել»:
Aravot.am-ի այն հարցին, թե ձեր հարևանները, որոնք անկուսակցական Սարիկ Մինասյանին ձայն տվեցին, պատրա՞ստ են իրենց վստահության քվեն տալ արդեն ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանին, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը պատասխանեց․ «Այս անգամ արդեն մեր հարևանի բարեկամներն էլ են ձայն տալու, վստահ եղեք»։
Կարդացեք նաև
Մեր ճշտող հարցին ՝ձեր մոտ ինչ-որ բան փոխվե՞լ է, ավելի ինքնավստա՞հ եք դարձել ՔՊ-ական դառնալով, Սարիկ Մինասյանն ասաց․ «Ինձ ոչինչ չի փոխի՝ ո՛չ պաշտոն, ո՛չ կուսակցություն: Ես ով եղել եմ, այդ մարդն էլ կմնամ, հաստատ, վստահ եղեք, չկասկածեք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ