Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Տեսեք՝ քանի օր է անցել Ադրբեջանի այդ հայտարարությունից հետո, թե եկեք, համագործակցեք մեզ հետ: Եվ ՀՀ այդ պատկան մարմինները լռում են»

Դեկտեմբեր 19,2024 16:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում ցավով նշեց, որ այսօր իր խոսքը սկսում է հայ ռազմաքաղաքական գործիչներին ցմահ ազատազրկելու նպատակով Ադրբեջանում կեղծ մեղադրանքներ հավաքելու եւ Հայաստանի իշխանությունների՝ մեր գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ որեւէ քայլ չանելու մասին խոսելով:

«Այո, սկսում ենք օրախնդիր եւ գոյաբանական վտանգ ներկայացնող այնպիսի մի թեմայից, ինչպիսին մեր ոչ միայն ռազմագերիների, այլ, իրոք, բացարձակ անմեղ մարդկանց հանդեպ սկսված անմարդկային ոճրագործության հանդեպ անտարբերությունն է: Ես տեսնում եմ, որ ինչքան հայ հասարակությունը, պարզ մարդիկ անհանգստանում են, սրտացավություն ու կարեկցանք են դրսեւորում եւ պահանջում են գործողություններ մեր հայրենակիցների ազատագրման համար, այդքան իշխանության կողմից ուղղակի ազգային, մարդկային արժեքներին դավաճանության, այդ մարդկային արժեքների ուրացումից բարձրացող անտարբերության պատը վերածվում է գրեթե չինական պարսպի:

Հայաստանի եւ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները ամեն օր օրակարգ են նետում թեմաներ, որոնք ընդհանրապես ոչ մի հեռավոր առնչություն չունեն օրակարգային հրատապ խնդրի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այսինքն, Արցախում հայ ժողովրդին ցեղասպանությունից փրկելու եւ իրենց հայրենի հողի վրա ապրելու իրենց իրավունքի համար մարտնչած անձանց, այդ թվում, 44-օրյա պատերազմում հայ ժողովրդին ցեղասպանությունից պաշտպանած զինվորականների իրավունքների հետ»,-ասաց քաղաքական գործիչը:

Նարինե Դիլբարյանը համոզմունք հայտնեց, որ այդ խնդիրը հայ հասարակության համար ամենացավոտն է եւ յուրաքանչյուրն է հասկանում Ադրբեջանի տարածած հայտարարությունը, իբր իրենք բազմաթիվ այլ գործեր ունեն՝ շաղկապված արդեն դատարանում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերի հետ: Ուստի, իրենք համագործակցության առաջարկով դիմում են ՀՀ պատկան մարմիններին, որովհետեւ «դժվարություններ են ծագում» վկաներին հարցաքննելու եւ մեղադրյալներին հայտնաբերելու գործով:

Այսինքն, ամբողջ հայ ժողովուրդը Իլհամ Ալիեւի համար գոյաբանական վտանգ է եւ ինքը առաջնորդվում է երիտթուրքական կառավարության կարգախոսով, որ հայեր պետք է ընդհանրապես չլինեն, ամենալավը մեռած հայն է, որովհետեւ նա չի հիշեցնի, որ Արեւմտյան Հայաստանը եւ մնացած հողերը պատկանել են հայերին, որտեղ հայերը ստեղծել են նյութական, մշակութային վիթխարի՝ անգնահատելի ժառանգություն:

Եվ ՀՀ իշխանությունները, նկատի ունեմ եւ խորհրդարանական, եւ գործադիր, եւ դատական, լռում են: Տեսեք՝ քանի օր է անցել Ադրբեջանի այդ հայտարարությունից հետո, թե եկեք, համագործակցեք մեզ հետ: Եվ ՀՀ այդ պատկան մարմինները լռում են:

Ես արդեն համոզվում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե այսքան թերապետություն, այլ անպետություն, երբեք չի եղել: Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Ինչո՞ւ է նա լռում: Ո՞ւր է արձագանքը, ո՞ւր են այն բոլոր գործերը, փաթեթները ադրբեջանցիների գործած վայրագությունների վերաբերյալ, որոնք կան եւ փաստաթղթավորված են»:

Նարինե Դիլբարյանը ասաց, որ հիմա ցեղասպանության հերթական փուլն է եւ Իլհամ Ալիեւը նախապատրաստվում է իր հոր՝ Հեյդար Ալիեւի նախաձեռնած ցեղասպանության վերջին փուլին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031