Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ 2021թ․-ին ԱԻՆ-ի 2 ներկայացուցիչ դրական եզրակացություն է տվել 12 հարկանի շենք կառուցելու նախագծի, սակայն փրկարարական ծառայությունը նման բարձրության աստիճանասանդուղք չի ունեցել. «Հետք»

Դեկտեմբեր 19,2024 16:20

«Հետք». Երևանի փոքր կենտրոնում վեր է խոյացել հերթական բարձրահարկը։ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցված շենքն ունի 18 հարկ։ Մեկ կամ երկու տարի հետո շենքը շահագործման կհանձնվի։ Նորակառույցի՝ 9-ից բարձր հարկերում հրդեհ բռնկվելու դեպքում ապագա բնակիչների տարհանումը կարող է անհնար լինել։ Նույն խնդրի առաջ կարող են կանգնել Տերյան փողոցում շահագործման հանձնված նորակառույց «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի այցելուները կամ հյուրանոցի հարևանությամբ գտնվող բնակելի-հասարակական շինության բնակիչները և այցելուները։ Պատճառն այն է, որ Հայաստանում առկա փրկարարական տեխնիկան անզոր է նման բարձրություն հաղթահարել։

2024 թ․-ին Երևանի մի քանի շենքի 9-ից բարձր հարկերում հրդեհներ են բռնկվել։ Ուսումնասիրել ենք երեք դեպք։ Դեպքերից մեկը Մոնթե Մելքոնյան փողոցում է գրանցվել, մյուսը՝ Երվանդ Քոչար փողոցում, երրորդը՝ Աջափնյակում՝ 16-րդ թաղամասում։

Նշված երեք դեպքում էլ Փրկարար ծառայությունը բարձրահարկերի հրդեհները մարելիս շենքերին մոտեցրել է «համար 0133» աստիճանասանդուղքը, որը գործի չի դրվել, եթե գործի էլ դրվել է, հնարավոր չի եղել աստիճանը մոտեցնել 9-րդ հարկից բարձր հարկերի։

Պարզեցինք, որ Հայաստանում կա 50 մետր երկարություն ունեցող հրշեջ-փրկարարական աստիճանասանդուղք, որը, սակայն, չի շահագործվում։ Այս տեղեկության հաստատումը հնարավոր դարձավ միայն լրացուցիչ ուսումնասիրությունից հետ։

Դեռևս 2022 թ․-ին Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի «911tert.am» էլեկտրոնային պաշտոնաթերթի թողարկումներից մեկում անդրադարձ է կատարվել Հայաստանում առկա հրշեջ-փրկարարական միջոցներին։ «Փրկարար ծառայության ավտոպարկն այս տարի 50 մետր բարձրությամբ ավտոսանդուղքով կհամալրվի, ինչը հնարավորություն կտա բարձր հարկերում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել»,- պաշտոնական հարթակում հրապարակված տեսանյութում իրազեկում է լրագրողը, ապա, հաջորդ կադրում, Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկը ներկայացնում է ծառայության ավտոպարկում առկա տեխնիկան։

Ցույց տալով «Իսուզու» մակնիշի «համար 0133» աստիճանասանդուղքը՝ ծառայության աշխատակից Հարություն Մոսեսյանը նշում է, որ մեքենան հրշեջ-փրկարարական աշխատանքներ է կարողանում կատարել մինչև 9-րդ հարկ բարձրության վրա։ Հաջորդիվ ներկայացվում է «Մագիրուս-50» աստիճանասանդուղքը, որի ֆունկցիոնալությունը ներկայացվում է այսպես․ «Կատարում է մինչև 16-րդ հարկ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ»։ Նույն տեսանյութում արդեն Փրկարար ծառայության այդ ժամանակվա տնօրեն Արմեն Գասպարյանը հայտարարում է, որ ծառայության ավտոպարկում կա ընդամենը 1 «Մագիրուս-50», որը հին է, իսկ շահագործումը՝ ոչ արդյունավետ։ «Շատ-շատ կարևոր է մեր ծառայության համար, բնակչության սպասարկման համար նմանատիպ տեխնիկայի ձեռքբերումը և ունենալը։ Նախատեսվում է 2022 թ․-ին պետական միջոցների հաշվին ձեռք բերել նոր հրշեջ-փրկարարական 50 մետրանոց ավտոսանդուղք»,- հայտարարում է ծառայության տնօրենը։

Երևանի բարձրահարկերում բռնկված և մեր ուսումնասիրած երեք դեպքում ակնհայտ է, որ «Մագիրուս-50» տեսակի 50 մետրանոց ավտոսանդուղքը չի շահագործվել։ Կարող ենք ենթադրել, որ այն պարզապես ենթակա չէ շահագործման, հակառակ դեպքում՝ տարօրինակ կլինի շահագործման ենթակա տեխնիկան բարձրահարկերում բռնկված հրդեհների ժամանակ չօգտագործելը։

Կեղծ տեղեկանքներով ավարտին հասցվեց 18 հարկանի շենքի կառուցումը

«Հետքն» ուսումնասիրել է Երևանում վերջին տարիներին կառուցված և կառուցվող բարձրահարկերի շինթույլտվությունները, առանձնացրել մի շարք բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման ծրագրեր։ Մեկ շինարարության օրինակով ներկայացնում ենք քաղաքաշինական փաստաթղթերը կազմելու, համաձայնեցնելու և հաստատելու շղթայում առկա ռիսկերը։

2024 թ.-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ Երևանի Աբովյան 5/5 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրի հիմնական շինարարությունն ավարտվել է։ Շենքի վերգետնյա 18 հարկերը կառուցվել են, այժմ երեսպատման և ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ Մոտ 100 մլն դոլար գնահատված համալիրը կառուցում են խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու իր գործընկերները։ Շենքի կառուցումը հարթ չի ընթացել։ 2017թ․-ին Աբովյան 5/5 հասցեի քառահարկ շենքը ապամոնտաժվեց, տեղում նոր համալիրի հիմքերը փորվեցին, ու 1 տարի անց ստորգետնյա հարկերից բացի, կառուցվեցին համալիրի 3 հարկերը։ 2018 թ․-ին շինարարությունը կասեցվեց դատական վեճի պատճառով, որը հանգուցալուծվեց 4 տարի անց։ 2022 թ․-ին շինարարությունը վերսկսվեց, և երկու տարում բարձրահարկ համալիրի հիմնական մասը կառուցվեց։

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի համար Երևանի տարբեր քաղաքապետեր տվել են ընդհանուր առմամբ շինարարության 3 թույլտվություն։ Առաջինը՝ 2017 թ․-ին, երկրորդը՝ 2018 թ․-ին, երրորդը՝ 2022 թ․-ին։ Շինարարության թույլտվություններին նախորդել է համայնքի ղեկավարի՝ նախագծման թույլտվությունը, որի հիման վրա կառուցապատողը նախագիծ է կազմել։

2017 թ․-ի նախագծման թույլտվությամբ սահմանվել է, որ համալիրը կարող է ունենալ 3 ստորգետնյա և մինչև 12 վերգետնյա հարկ։ 2019 թ․-ին տրված նախագծման թույլտվությամբ սահմանվել է, որ համալիրը կարող է ունենալ 11 վերգետնյա հարկ, իսկ 12-րդ հարկը՝ մասնակի ծավալով (տեխնիկական հարկ)։ 2022 թ․-ին տրված նախագծման թույլտվությամբ թույլատրելի բարձրությունը հարկերի փոխարեն նշվել է մետրով․ «Կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր, իսկ հետ ընկած գլանաձև ծավալի բարձրությունը՝ մինչև 71 մետր»։ Եթե ընդունենք, որ 1 հարկի բարձրությունը, առաստաղն էլ ներառած, կարող է լինել 3.3 մետր, ապա 71 մետրով հնարավոր է մինչև 21 հարկ կառուցել։ 2022 թ․-ի օգոստոսին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի տված նախագծման թույլտվությանը մեկ ամիս անց հաջորդել է շինարարության թույլտվությունը։

Կառուցվող համալիրի հարկայնության փոփոխման(ավելացման) մասին 2022 թ․-ին բարձրաձայնեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որից հետո «Հետքը» պաշտոնական հաստատում ստացավ հարկերն ավելացնելու՝ համայնքի ղեկավարի ծածուկ թույլտվությունների մասին։

Կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ ձևավորված հանձնաժողովը դեռևս 2021 թ․-ին դրական եզրակացություն է տվել Աբովյան 5/5 հասցեում շենք կառուցելու նախագծին։ Նախագիծը պատրաստվել է 2019 թ․-ին տրված նախագծման թույլտվության հիման վրա։ Այսինքն՝ 12 հարկանի համալիրի նախագիծն արժանացել է համալիր փորձաքննության դրական եզրակացության։ Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվում են համալիր փորձաքննության դրական եզրակացությունները, սակայն Աբովյան 5/5 հասցեի վերաբերյալ եզրակացությունը հրապարակված չէր։ Միայն գրավոր հարցմամբ Կոմիտեից կարողացանք ստանալ եզրակացությունը, որն ընդամենը 1 էջանոց փաստաթուղթ է։ Փորձաքննական հանձնաժողովը բաղկացած է եղել 11 անդամից, որոնցից 3-ը Քաղաքաշինության կոմիտեից են եղել, 2-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, 1-ական անդամ՝  Առողջապահության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ԿԳՄՍ նախարարություններից և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը մեզ գրավոր հայտնեց, որ համալիր փորձաքննությունների ժամանակ «բացասական» եզրակացություն չի կազմվում, այլ նախագծային փաստաթղթերը վերադարձվում են լրամշակման։ Նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի անդամներն իրենց կարծիքները տրամադրել են էլեկտրոնային եղանակով (հանձնաժողովը ֆիզիկական նիստեր չի անցկացրել)։ Նունե Պետրոսյանը մեզ է տրամադրել Աբովյան 5/5 հասցեի շենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունների փաստաթղթից քաղվածք, որը պարունակում է ընդամենը «կողմ» կամ «V» նշումներ։

Այսինքն՝ 2021 թ․-ին համալիր փորձաքննության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության 2 ներկայացուցիչ դրական եզրակացություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է 12 հարկանի շենք կառուցել, սակայն այդ ժամանակ ԱԻՆ-ի կազմում գործող փրկարարական ծառայությունը նման բարձրություն հաղթահարելու աստիճանասանդուղք չի ունեցել (եղած 1 հատ 50 մետրանոց ավտոսանդուղքը շահագործման ենթակա չէ)։ ԱԻՆ-ը համալիր փորձաքննական հանձնաժողովում ներկայացված է եղել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ների վարչությունների պետերի մակարդակով։ 

Այսինքն՝ 2021 թ․-ին համալիր փորձաքննության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության 2 ներկայացուցիչ դրական եզրակացություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է 12 հարկանի շենք կառուցել, սակայն այդ ժամանակ ԱԻՆ-ի կազմում գործող փրկարարական ծառայությունը նման բարձրություն հաղթահարելու աստիճանասանդուղք չի ունեցել (եղած 1 հատ 50 մետրանոց ավտոսանդուղքը շահագործման ենթակա չէ)։ ԱԻՆ-ը համալիր փորձաքննական հանձնաժողովում ներկայացված է եղել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ների վարչությունների պետերի մակարդակով։

Սա դեռ ամենը չէ։ 2022 թ․-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախագծման թույլտվություն է տվել, որով համալիրի հարկայնությունը հասցվել է մինչև 71 մետրի, որից հետո նախագիծը հաստատել է նույն Հրաչյա Սարգսյանը և տվել 18 հարկ կառուցելու շինթույլտվություն։

Տիրայր Մուրադյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031