Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։ Լրագրողները հարցրին՝ դատապարտյալները պարբերաբար բողոքում են, հացադուլ են անում, ԶԼՄ-ներին են ահազանգում, նախարարին չեն հետաքրքրո՞ւմ այդ հարցերը։
«Միանշանակ, այցելելում եմ քրեակատարողական հիմնարկներ։ Որեւէ մեկը չի ասում, որ ընդհանրապես խնդիր չկա ՔՀԿ-ներում եւ այնտեղ դրախտային պայմաններ են։ Խնդիրները միշտ եղել են, բայց մեր խնդիրն ու գործառույթն է այդ խնդիրները մինիմալի հասցնելը եւ հետզհետե այդ խնդիրները լուծելը, ինչը եւ անում ենք»,- ասաց Գալյանը։
Հարցին, թե ո՞նց է պատրաստվում կարգ ու կանոն հաստատել «գողական աշխարհի» ներկայացուցիչների շրջանում, նախարարը պատասխանեց․ «Հիմա կոնկրետ դեղատոմս չեմ կարող ասել, բայց բոլոր խնդիրները պահանջում են համակարգային լուծում։ Իսկ համակարգային լուծումներ ունենք»։
Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին՝ նախարարն ասաց, որ արտոնյալ կարգավիճակ ունեցող անձինք չկան։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ