Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի Պետանժ քաղաքի մշակույթի տանը բացվեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը։
Բացման խոսքով հանդես եկան Պետանժի քաղաքապետ Ժան-Մարի Հալսդորֆը և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ Պարոն Հալսդորֆը նշեց, որ ցուցահանդեսը Հայաստանի նկատմամբ համերաշխության ևս մեկ դրսևորում է և Հայաստանի Դիլիջան քաղաքի հետ հաստատված համագործակցության գործնական օրինակ, որի կարևոր բաղադրիչներից է մշակութային փոխանակումը։
Դեսպան Տիգրան Բալայանը երախտագիտություն հայտնեց Պետանժի քաղաքապետ Ժան-Մարի Հալսդորֆին և քաղաքային խորհրդին՝ միջոցառումը հյուրընկալելու համար։ Շնորհակալություն հայտնեց նաև Երևանում Փարաջանովի տուն թանգարանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցահանդեսի նմուշները տրամադրելու համար։ Առաձնահատուկ ընդգծեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը ներառել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների և հոբելյանների 2024-2025 թթ․ օրացույցում, ընդգծեց Փարաջանովի մեծ ներդրումն ու ակնառու դերը արվեստի զարգացման գործում, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի կողմից մեծն վարպետ Փարաջանովին «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով պարգևատրումը։
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց հայկական «ՎանԱրդի» գինիների համտես։
Բելգիայում ՀՀ դեսպանություն/ ԵՄ–ում ՀՀ առաքելություն