«Մասնագիտական հարթության քննարկման չեկան, և բանավեճը մնաց ավելի շատ քաղաքական հարթության մեջ, ինչը չեմ ողջունում»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բանավեճին։
Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ պետք է հասկանանք՝ կողմերն ի՞նչ խնդիրներ էին լուծելու քաղաքական առումով․ «Բանավեճի ընթացքում քաղաքական իշխանությունը որևէ կերպ չկարողացավ հիմնավորել, որ տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, քանի որ ինքնարժեքի հետ կապված պրոֆեսիոնալ հարթություն գալուց խուսափելն ամենավառ ապացույցն է։ Իրականությունից դուրս ոչ մասնագիտական դաշտում թվեր են հնչել։ Ինձ համար ավելի խնդրահարույց է այն, որ մեր քաղաքական օրակարգում չկա մի շատ ավելի կարևոր ու առանցքային հարցի պատասխան՝ եթե դուք չեք կառավարում պրոֆեսիոնալ, եթե դուք չունեք իրական ինքնարժեք, ո՞վ է ձեզ թողել՝ ձեր հոր դուքյա՞նն է՝ ինչքան ուզեք, սուբսիդավորեք։ Եթե մենք չունենք իրական ինքնարժեք, չենք կարող հաշվել սուբսիդավորման չափ, սա ևս քաղաքական կարևոր բաղադրիչ է, որ գործող ընդդիմադիր քաղաքական ուժերը թույլ չպետք է տան իշխանություններին սուբսիդավորել այնքան, ինչքան իրենք են ցանկանում։ Պետք է սուբսիդավորել այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ