Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի նախատեսվում է քաղաքացու եւ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից եւ առողջական վիճակի վատթարացում չարձանագրելուց հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ «Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկի որոշ հիվանդությունների նախանշանների դեպքում տրվում է մեկ տարով տարկետում։ Եվ ենթադրվում է, որ այդ ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանում ու բարդանում է, որը կտանի ազատման, թե՞ ոչ։ Նաեւ լինում են հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ մեկ տարվա բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու աշխատանք կատարել։ Եվ սա բերում է նրան, որ մեկ տարվա տարկետումը դառնում է եւս մեկ տարվա, եւս մեկ տարվա։ Մեր գնահատմամբ՝ սա յուրօրինակ սողանցք է՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Եվ դրանից ելնելով՝ մենք այս փոփոխությունով վերականգնում ենք արդարությունը եւ հնարավորություն չենք ընձեռնում տարաբնույթ միջոցներով ու ձեւերով զինվորական ծառայությունից խուսափելը խրախուսել»։
Սուրեն Պապիկյանը նաեւ հավելեց, որ սպաների զգալի հատվածը տարիքի բերումով ունենում են լեղապարկի խնդիրներ։ Սպաները, ովքեր ուզում են ծառայել, ստիպված են լինում այս հիվանդության բերումով հաճախ ընդհատել զինվորական ծառայությունը, որովհետեւ համարվում են ոչ պիտանի ծառայության համար, եթե դիմեն համապատասխան հանձնաժողովին՝ իրենց առողջությունը վերագնահատելու համար։ «Հաշվի առնելով, որ ժամանակակից վիրահատությունները լինում են շատ արագ եւ առողջության վրա էական ազդեցություն չեն թողնում, առաջարկում ենք, որ այս հիվանդությունը նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռնի»,- ասաց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ