Եվրամիության գործադիր իշխանությունը պաշտոնական հետաքննություն է սկսել TikTok-ի նկատմամբ՝ Ռումինիայի նախագահական վերջին ընտրություններում TikTok-ի միջոցով օտարերկրյա միջամտության «լուրջ նշանների» լինելու հետևանքով, հայտնում է BBC-ն: ԵՄ-ն հայտարարել է, որ հետաքննությունը կիրականացնի «առաջնահերթության կարգով»:
ԵՄ-ն կասկածում է, որ TikTok-ը խախտում է Եվրամիության թվային օրենսդրությունը, քանի որ իբր, անհիմն ազդեցություն է գործում անդամ երկրների ընտրողների վրա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի սկզբին Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներն այն բանից հետո, երբ գաղտնազերծված հետախուզական փաստաթղթերից պարզվեց, որ 25,000 TikTok հաշիվներ հանկարծակի ակտիվացվել էին առաջին փուլում ընտրատեղամասերի բացումից շաբաթներ առաջ:
Հաշիվները «պաշտպանում էին» անկախ թեկնածու Կալին Գեորգեսկուին: Նա «ծայրահեղ աջ քարոզիչ է, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նկարագրել է որպես հայրենասեր առաջնորդ»:
Կարդացեք նաև
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ «ժողովրդավարությունները պետք է պաշտպանված լինեն արտաքին միջամտությունից»:
Նշենք նաև, որ նախկինում ԵՄ արդեն սկսել էր ընթացակարգեր՝ ստուգելու TikTok-ի բովանդակության ազդեցությունը անչափահասների վրա: