2024 թ․ հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը մոտ 500 հազար արձանագրություն է կազմվել, որից 171 հազար 302 վարորդ տուգանվել է չամրակապվելու պատճառով։ 2024թ․ դեկտեմբերի դրությամբ Հայաստանում տեղի է ունեցել 4 հազար 94 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով զոհվել է 311 մարդ, մարմնական վնասվածք է ստացել 5 հազար 792 մարդ։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ զոհվել են հիմնականում չամրակապվելու եւ սահմանված արագությունը գերազանցելու հետեւանքով։
Չիլինգարյանը պատահարները պայմանավորում է նաեւ Հայաստան մտած մեքենաների շեշտակի ավելացմամբ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 30 հազար մեքենա է մտել Հայաստան։ Վերջին տվյալներով, Հայաստանում հաշվառված 95 հազար ավտոմեքենա կա։
«2018-ից մինչեւ 2024թ․ բոլոր տարիների համեմատ այս տարի ունենք զոհերի թվի նվազում: 2023-ին 2022-ի համեմատ ունեցել ենք մոտ 30 հազար տրանսպորտային միջոցի աճ։ Եթե համեմատենք 10 տարի առաջվա տվյալների հետ, ապա այսօր ունենք մոտ երկու անգամ ավելի մեքենա»,- նշեց Չիլինգարյանը։ ՊԾ պետի տեղակալի խոսքով՝ տեսախցիկների առկայությունը զսպում է վարորդներին։ Ուսումնասիրություն են արել՝ այն խաչմերուկներում, որտեղ առկա է տեսախցիկ, վարորդներն ավելի կարգապահ եւ զգոն են։
Կարդացեք նաև
Աննախադեպ ծավալի տուգանք է գրվել քաղաքացիների վրա։ Ամենամեղմ հաշվարկներով` 5 միլիարդ դրամից ոչ պակաս:
«Տուգանքն ունի իր արդյունավետությունը 2 տեսանկյունից․ նախ՝ վարորդը գիտի, որ արարքը պատժելի է, եւ տուգանվելու է, մյուսը տուգանային միավորների համակարգն է․ մարդիկ հասկանում են, որ բալերը սպառելով՝ կզրկվեն վարորդական իրավունքից։ Հետեւաբար, տուգանքն իր արդյունավետությունն ունի»,- ասաց նա։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: