Այն ժամանակ, երբ Հայաստանից ահազանգում էին Թուրքիայի ներգրավվածության և վարձկան ահաբեկիչների վտանգավորության մասին, Ռուսաստանն ու Իրանը լուռ հետևում էին իրադարձություններին և չփորձեցին անգամ միջամտել իրադարձություններին՝ հօգուտ Հայաստանի։ Արդյունքում ունեցանք նոր իրավիճակ, երբ Անկարայի դիրքերը տարածաշրջանում ժամանակի ընթացքում ավելի են ամրապնդվում, իսկ Թեհրանի ու Մոսկվայի ունեցած դիրքերը՝ թուլանում։ Այս համատեքստում ակնհայտ է, որ այն հիմնական ուժը, որը թուլացնում է Ռուսաստանի ու Իրանի տարածաշրջանային ազդեցությունը, ոչ թե Արևմուտքն է, ինչպես կարծում են որոշ շրջանակներ, այլ հենց Թուրքիան։
Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը հիմնականում Հայաստանի միջոցով է պահպանվում, քանի որ մեր երկրում ոչ միայն ռուսական ռազմական ներկայություն կա, այդ թվում՝ ռազմաբազայի տեսքով, այլև Հայաստանին ու Ռուսաստանին միավորում են տարբեր ինտեգրացիոն կառույցներ ու միասնական այլ հարթակներ։ Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, թե վերջին շրջանում Ադրբեջանը թեքվում է դեպի Ռուսաստան, բայց սա թյուր կարծիք է։ Դրա համար պետք է դիտարկել, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության ինչ մակարդակ է ձևավորվել, ու Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ինչպես է փոխգործակցությունը ստացվում։ Երևի թե չկա ամիս, որ Թուրքիայից պաշտոնական պատվիրակություն չմեկնի Ադրբեջան կամ հակառակը, իսկ երկկողմ փոխգործակցությունն անընդհատ խորանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Իսկ Ադրբեջանում Ռուսաստանի ներկայության վերջին նշույլը խաղաղապահների տեսքով էր, որոնք թողեցին ու հեռացան։ Համագործակցության միակ դաշտն էլ այն է, որ ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ կարող է հայտնվել Եվրոպայում։
Կարևոր է նշել, որ, բացի Ադրբեջանում իր ազդեցությունը տարածելուց, Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում Թուրքիան իր համար ռազմավարական խորություն ապահովեց։ Եթե մինչ այդ Թուրքիան Ադրբեջանին ցամաքային ուղիով կապելու համար պետք էր հաղթահարել Արցախի ու Սյունիքի տարածքի խոչընդոտը, ապա նոր իրավիճակում որպես խոչընդոտ մնում է միայն Սյունիքի հատվածի նեղ գոտին։ Դրա համար էլ առաջ է եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի գաղափարը, որին Իրանը կտրուկ դեմ է արտահայտվում, քանի որ դրա իրագործման արդյունքում պանթուրքական ծրագրերն ինչոր մի պահի իրենց սուր ծայրով հենց Թեհրանի դեմ են ուղղվելու։
Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով գործում էր Աստանայի ձևաչափը, որի մեջ ընդգրկված էին Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։ Բայց Թուրքիան խախտեց Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնություններն ու Ռուսաստանին և Իրանին դուրս մղեց Սիրիայից։ Հաջորդն արդեն կարող է լինել Լիբիայից Ռուսաստանին դուրս մղելը:
Կարդացեք նաև
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։