Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը «Մարկոս Հոլդինգ» գործի վարույթը կարճելու որոշում է ընդունել

Դեկտեմբեր 19,2024 13:30

«Մարկոս Հոլդինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ՝ փաստաբան Արա Զոհրաբյանի դիմումը Սահմանադրական դատարանում էր 2024 թվականի հուլիսի 2-ից: Նա խնդրել էր. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ եւ 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին:

Դիմողը նշել էր. «Սեփականության իրավունքից զրկումը հնարավոր է խիստ բացառիկ դեպքերում, երբ առկա է օրենքով սահմանված դեպք, որն էլ իր հերթին պետք է պայմանավորված լինի հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ, ներկայացվող գործով. «Իրավաբանական անձի գույքի արգելադրումը, իսկ հետագայում էլ հարկադիր վաճառքի հնարավորությունը ոչ միայն որեւէ աղերս չունի հանրային շահի հետ եւ նախատեսված չէ օրենքով, այլ նաեւ ուղղակիորեն արգելված է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով»:

Պատասխանողը Ազգային ժողովն էր:

Հիշեցնեմ, որ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 24-ի որոշմամբ թիվ ՏՎ-124/2003 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Վճռաբեկ դատարանն արձանագրել էր. «Համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում եւ թիվ ԵՄԴ/3367/02/15 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը 30.11.2023 թվականին որոշում կայացնելիս նշյալ օրենքի 5-րդ հոդվածը չի կիրառել եւ դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի արել»:

Իսկ այս գործի նախապատմությունը մինչեւ ՍԴ դիմելը սկսվել է 2002-ին, երբ Տնտեսական դատարանի 2002 թվականի դեկտեմբերի 6-ի վճռով Կենտրոնական բանկի հայցը բավարարվել է եւ վճռվել է հօգուտ «Կրեդիտ-Երեւան բանկ» ՍՊԸ-ի բռնագանձել 5.600.000 ԱՄՆ դոլար: Վերոնշյալ վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2003 թվականի հունվարի 17-ի որոշմամբ մերժվել է, իսկ Տնտեսական դատարանի 2002 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը թողնվել է անփոփոխ:

Տնտեսական դատարանի 2002 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ հայցի ապահովման միջոցներ է կիրառվել եւ 5.600.000 ԱՄՆ դոլարի չափով՝ արգելանք էր դրվել Լեւոն Գրիգորի Մարկոսին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչպես նաեւ պատասխանողին պատկանող եւ նրա հետ փոխկապակցված «Հատիկ», «Մարկոս Քիմպրոմ», «Մարկոս Հոլդինգ», «Մարկոս Գրուպ», «Սրետենկա Կոնսուլ» ՍՊ ընկերությունների, նաեւ «Մարկոս Էներգո», «Մարկոս Շինմոնտաժ» Փակ բաժետիրական ընկերությունների, Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորման …գույքի եւ դրամական միջոցների վրա: Դատարանի որոշմամբ արգելվել է Լեւոն Գրիգորի Մարկոսին պատկանող բաժնեմասերի վաճառքը կամ այլ կերպ օտարումը, ինչպես նաեւ այդ բաժնեմասերով հրավիրվող եւ անցկացվող ընդհանուր ժողովներում կամ այլ մարմինների նիստերում ընդունել համապատասխան ընկերությունների գույքի օտարման, գրավադրման վերաբերյալ որոշումներ:

Ըստ ՀՀ տնտեսական դատարանի՝ այդ ընկերությունների գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը հիմնավոր է, քանզի «այդ որոշմամբ ըստ էության արգելվել է այլ անձանց՝ վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումը եւ դա արվել է վերջինների գույքի վրա արգելանք դնելու միջոցով»:

Հիշատակված ընկերությունները ներկայացրել էին վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը 2003 թվականի մայիսի 8-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակի. որոշել էր բեկանել ՀՀ տնտեսական դատարանի վճռի՝ «Հատիկ», «Մարկոս Հոլդինգ», «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ՍՊ ընկերությունների եւ «Մարկոս Էներգո» ՓԲԸ-ի գույքը եւ դրամական միջոցներն արգելանքից հանելու մասերը եւ գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան նոր քննության: Վճռի մնացած մասերը թողնել անփոփոխ:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ՍՊ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չէ, այն գրանցված է Կիպրոսում: Նշված ընկերություններում Լ. Գ. Մարկոսի մասնակցության վերաբերյալ որեւէ ապացույց գործում առկա չէ…

Ի դեպ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Մարկոս Էներգո» ՓԲԸ-ի եւ «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ՍՊԸ-ի հայցերն ընդդեմ Լեւոն Գրիգորի Մարկոսի եւ Կենտրոնական բանկի գույքը եւ դրամական միջոցներն արգելանքից հանելու պահանջի մասին, նույնպես մերժել էր:

Վերաքննիչ դատարանը նշել էր, որ Վճռաբեկ դատարանն ըստ էության իրավաչափ է գնահատել ընկերությունների գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքների պահպանումը պատասխանող Լեւոն Մարկոսի ընկերությունների մասնակից հանդիսանալու փաստի ուժով, հետեւաբար նշված նյութաիրավական հարցի իրավաչափությանը Վերաքննիչ դատարանն ըստ էության չի անդրադառնում:

Սահմանադրական դատարան դիմած Ա. Զոհրաբյանը գտնում էր, որ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված՝ սեփականության իրավունքի սահմանափակման բոլոր նախապայմանները բացակայել են, եւ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից. «Ակնհայտ է, որ հանրությունը կամ այլք որեւէ կապ չունեն իրավունքի մեկ սուբյեկտի պարտավորություններով մեկ այլ սուբյեկտին սեփականազրկելու գործընթացի հետ: Ընկերությունը զրկվել է սեփականության իրավունքից իր մասնակիցներից միայն մեկի պարտավորությունների համար, որի շահերը առհասարակ հանրային հետաքրքրություն ներկայացնել չի կարող»:

Ինչ վերաբերում էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին, դիմումատուն նշել էր. «Թեեւ ձեւական առումով ընկերությունն իրացրել է դատական պաշտպանության իր իրավունքը, սակայն այն չի եղել արդյունավետ, քանի որ որեւէ ատյանի դատարան չի անդրադարձել ընկերության փաստարկներին պարտապան չլինելու մասով եւ չի պատճառաբանել, թե հատկապես որ իրավական նորմն է հնարավորություն տալիս մեկ սուբյեկտի պարտավորություններով բռնագանձում տարածել մեկ այլ սուբյեկտի գույքի վրա, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն առհասարակ վարույթ չի ընդունել ընկերության բողոքը եւ չի իրականացրել վերջինիս ըստ էության քննություն եւ դա այն դեպքում, երբ առնվազն դատական սխալն ակնհայտ էր»:

Ըստ պատասխանող ԱԺ-ի ներկայացուցչի գրավոր բացատրության, դիմողի որեւէ իրավունք չի սահմանափակվել:

Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ դիմումում բացակայում էին վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող դրույթների եւ դիմողի սահմանադրական իրավունքների խախտման միջեւ պատճառահետեւանքային կապի առկայության վերաբերյալ բավարար հիմնավորումները, մասնավորապես՝ չի հիմնավորվել, թե վիճարկվող դրույթները (իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ) ինչպես են ազդել դիմողի հիմնական իրավունքների վրա եւ ինչպես են հանգեցրել այդ իրավունքների խախտման, եւ որ դիմողը անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետեւաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթի միջեւ պատճառահետեւանքային կապի առկայության վերաբերյալ:

Սահմանադրական դատարանը ՍԴԱՈ-188 որոշմամբ գործի վարույթը կարճեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031