Շատ հետաքրքիր անհատական դիմում է դեկտեմբերի 4-ին մուտքագրվել Սահմանադրական դատարան: Դիմումատուն, մեր տեղեկություններով, կալանավոր է: Նրա բարձրաձայնած խնդիրն էլ առնչվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107 հոդվածի 1-ին մասին. «Մեր դատարանները օրենքի այդ հոդվածը մեկնաբանելիս, բավարարվում են դրանում առկա բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությունից, եզրահանգելով, որ օրենքում նշված «գույքային» եւ «ընտանեկան» բառերի միջեւ առկա «եւ» շաղկապը պարտադիր է դարձնում դրանով կապակցված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը»:
Ըստ դիմողի, թե կալանավորելը, թե ամսական երկու հարյուր հազար դրամի չափով ալիմենտ վճարելու պարտավորություն սահմանելը ստեղծել է պետությունը միաժամանակ. «Երբ այդ երկու պայմանները համընկնում են ժամանակային առումով, պետությունը պետք է սահմաներ նաեւ այդ պայմանները զուգակցելու հնարավորություն, այնպես, որպեսզի չտուժեն երեխաները՝ ալիմենտ ստանալու եւ իր՝ ծնողի կենսամակարդակային բավարար իրավունքները, ինչը պետությունը չի արել»:
Դատարանները փոփոխում են միայն ալիմենտի չափն ու գույքային դրությունը, մինչդեռ, ըստ դիմումատուի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107 հոդվածի 1-ին մասով նշված է «այլ ուշադրության արժանի շահերի» մասին ու պարտադիր չէ, որ այդ փոփոխությունները տեղի ունենան միաժամանակ:
«Օրինազանց» շաղկապը գործնականում եւ տեսականորեն կենսունակ չի դարձնում դատարանների կողմից տրված մեկնաբանությունը:
Կարդացեք նաև
Նշյալ օրենքի «Դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելը եւ ալիմենտ վճարելուց ազատելը» 107 հոդվածի 1-ին կետի համաձայն. «Եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային եւ ընտանեկան դրությունը, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ դա վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաեւ կողմերի` ուշադրության արժանի շահերը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.12.2024