Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գոռոզություն

Դեկտեմբեր 19,2024 12:30

«Հիշողություններ Գերմանիայի ու գերմանացիների մասին» իմ անտիպ գրքից

Գերմանացի ընկերոջս՝ Ալոյիս Բաուերի՝ Ֆրանսիայում գտնվող ամառանոցի, հրաշագեղ փայտե տնակի կառուցումն երկու օր առաջ արդեն ավարտել էինք եւ երեկոյան, նրա տանը, Կառլսբերգ գարեջրի հերթական շշերն էինք դատարկում, «հայեցի» խմելով տնակի, նրան շրջապատող ծառերի, ամառանոցի դարպասի, ցանկապատի եւ նման այլ կենացներ։

Տան մուտքի դռան զանգը հնչելուն պես, Ալոյիսն շտապեց իջնել ու բացել դուռը։ Քիչ անց, նա իր վաղեմի ընկերոջ՝ Ռուդիի հետ ներս մտան։ Ռուդին ինձ բարեկամաբար բարեւեց, հարց ու փորձ արեց ընտանիքիս, կնոջս, երեխաներիս եւ այլնի մասին ու տեղավորվեց իմ դիմացի աթոռին։

Ռուդին Սաառլանդի մեծահարուստներից էր, հաջողակ գործարար ու, ամենակարեւորը՝ շատ լավ մարդ, հավատարիմ ընկեր։ Նրա հրավերով մի քանի անգամ հյուրընկալվել էի իր տանը, վայելել նրա ու կնոջ՝ Հանուլեղայի անսահման հաճելի հյուրասիրությունը։ Ռուդին եւ կինը բավականին կրթված էին եւ տիրապետում էին չորս լեզուների։

Ռուդին ծնվել ու մեծացել էր Ֆելսբերգ գյուղաքաղաքում, ուսուցչուհու եւ գյուղական ֆերմերի ընտանիքում։ Նա պատմել էր, որ մանկությունն անցել է բավականին նպաստավոր պայմաններում։ Մի առիթով նրան հարցրել էի, թե ինչպե՞ս է պատահել, որ նա մոր կամ հոր մասնագիտությամբ չի ցանկացել ուսում ստանալ։ Նա զարմանքով ընդունեց եւ պատասխանեց, որ մասնագիտություն ընտրելու հարցում ծնողները երբեք չեն միջամտել կամ ուղղորդել, եւ միայն ուսումնառության առաջին երկու տարիներին օգնել են բնակարանի վարձը վճարելով, իսկ մնացած տարիների հոգսերն ինքն է հոգացել։ Այդպիսին են գերմանացիները։ Նրանք երբեք երեխաներին չեն ուղղորդում մասնագիտություն ընտրելու հարցում։ Ինչեւէ։

Ուսումն ավարտելուց հետո Ռուդին սկսել էր գործարարությամբ զբաղվել։ Ինչպես ասում են՝ «զերոյից սկսել» եւ հետզհետե ընդլայնելով, հասել էր ցնցող հաջողությունների։ Նա մի քանի փոքր գործարաններ էր հիմնել, սկսած մանր պտուտակների արտադրությունից մինչեւ ձեռքի շաղափիչների արտադրություն։ Ռուդին ուներ նաեւ իր գործարանների արտադրանքների վաճառքի ցանց։ Նա Մոսկվայում եւս բացեց հանրախանութ, որի հրահանգը, պատիվ ունեցա, գերմաներենից ռուսերեն թարգմանել եւ բարձր վարձատրություն ստանալ։

Ռուդին երկու տարի առաջ կենսաթոշակի էր անցել, որից հետո վաճառել էր արտադրական ու առեւտրային ողջ ունեցվածքը եւ «ազատ, անկախ» կյանք էր վարում։

…Ալոյիսն ու Ռուդին Ֆրանսիայի ամառանոցի մասին ինչ-որ հարց էին քննարկում ու, որքան հասկացա, համաձայնության էին գալիս։ Որոշ ժամանակ անց, Ռուդին բարի գիշեր մաղթեց մեզ ու գնաց։ Նրան ճանապարհելուց հետո Ալոյիսն ինձ պատմեց իրենց այն պայմանավորվածության մասին, որ Ռուդին առավոտյան մեզ հետ գալու է ֆրանսիական Վիլինգի ամառանոց՝ իմ կառուցած փայտե տնակի դրսի բետոնե մասի չորսբոլորը սալիկապատելու։ Թեեւ ես ծանոթ էի գերմանացիների հասարակ պահվածքին, այնուամենայնիվ զարմանքից «քար կտրեցի»։

Անկեղծ ասած, ողջ գիշերը մտածում, մտածում ու չէի կարողանում հասկանալ նրանց այսչափ հասարակ բնույթը։

Գերմանիա կատարած իմ բազմաթիվ այցելությունների ընթացքում հաճախ էի ականատես եղել, որ մեծահարուստներից շատերն են իրենց բակերը կարգի բերում, խնամում այգին, ներկում տան դրսի պատերը, աստիճանների բազրիքները, մինչեւ անգամ՝ ավլում տների չորսբոլորը։ Սակայն Ռուդին, ճիշտ է, մեծահարուստ էր, սակայն տարիքն առած։ Եվ բարետես այդ մարդը, չոքած, պիտի սալիկները ցեխաշաղախով բետոնի՞ն ամրացնի…

Սակայն հաջորդ առավոտ, երբ ամառանոցում Ռուդին սկսեց շաղախը հարթեցնել ու սալիկները շարել, ես ցնցված էի։ Ավելի ճիշտ՝ շվարած… Շվարած, քանի որ Հայաստանում մի քանի «կիսահարուստների» մասին իմ տեսած-լսածների եւ հազվադեպ ինձ հանդիպածների նիստ ու կացը, սովորոկան մահկանացուների հետ նրանց վարվելաձեւը համադրելով այս մեծահարուստի հասարակ պահվածքին, Ռուդիին «այլմոլորակային» էի կարծում…

Ախր, համադրելու եզրեր էլ չէի գտնում։ Միայն մտածում էի՝ դե մերոնք «ուրի՜շ են, ուրի՜շ»։ Քանի որ, իմ խորին համոզմամբ, նրանք իրենց հարստությունները ձեռք են բերել ոչ թե «դառն ու տքնաջան աշխատանքի» արդյունքում, ինչպես Ռուդին ու մնացած ազնիվ գործարարները, այլ թալանի, ուրիշներից խլելու, «քցելու» եւ այլ գողավազակային գործողությունների շնորհիվ։ Եվ ցավով հիշում, մտաբերում էի հասարակ ժողովրդի հետ «մերոնց» վարվելաձեւը՝ չոր ու կոպիտ, արհամարհական ու բիրտ, բոլորին «վերեւներից» նայող ու վախ հարուցող դեմքերով։ Մեր «ողորմելի» ավտոմեքենաներն իրավունք չունեն  նրանց շքեղ, թանկարժեք ավտոմեքենաների դեմից ընթանալ։ Իսկ եթե հանկարծ նման բան պատահի, շչակը զլած վազանց կկատարեն ու այդ «նվաստի» կողմը խեթ նայելով կսուրան։  Իրենց շքեղ ավտոմեքենաներով նրանք կարող են կանգնել փողոցի բանուկ մասում ու զրուցել միմյանց հետ, աններելի կարգով արգելափակելով երթեւեկությունը։ Եվ ոչ ոք իրավունք չունի այդ անհնազանդներին առաջարկել ճանապարհ տալ մյուսներին։ Հայցելով բոլորի ներողամտությունը, ես կարծում եմ՝ ինֆորմացիայի եւ տեղեկացվածության պակս կա մեր հասարակության մեջ, նաեւ ամենակարեւորը՝  կրթության։ Շատերը կկարծեն, թե չափազանցում եմ։ Նրանց մի մասն էլ չեն հավատա տողերիս։ Ախր հասարակ մարդկանց մեջ էլ գոռոզության, ինքնագոհության հիվանդություն է տարածվել։ Մի գործի վարպետը մյուսի կատարած աշխատանքը չի հավանում նույնիսկ այն դեպքում, երբ ինքն ավելի վատ է կատարում տվյալ գործը։ Ու հոխորտում է պատվիրատուի ներկայությամբ.

-Էս ի՞նչ է արել տնաշենի փինաչին,- աքաղաղի պես գոռոզանալով…

Հաճախ եմ հիշում երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի «Արտավազդ» դրամայում հնչող՝ «գոռոզությունը կկործանի ձեզ» արտահայտությունը, որը «կարմիր թելի պես» անցնում է ողջ ներկայացման մեջ։

Մեզանում անթիվ են նաեւ նմանատիպ կառավարողները, ովքեր իշխանության ղեկն ստաձնելուց հետո, գոռոզաբար հայտարարում են թե՝ նախկինները երկիրը «տերն են տվել», կտեսնեք մենք ինչպես կկառավարենք։ Եվ, ամեն Աստծո օր, մեղադրելով նախկիններին՝ կատարած սխալների ու կողոպուտի մեջ, իրենք այդ «սխալներն» ավելի մեծ չափերով ու քանակներով են անում…

Ցավով եմ մտածում, որ գոռոզությունն ու ինքնագոհությունը, մեծամտությունն ու ինքնահավանությունը վաղուց են «բուն դրել» մեր բնավորության մեջ, որն իմ կարծիքով, վնասաբեր է ու ոչ պատվաբեր՝ անթիվ-անհամար տաղանդներ, հանճարներ ու քանքարներ ծնած հայ ժողովրդի գոյատեւման համար…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

ՀՀ Ժուռնալիստների

միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031