Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

2 միլիարդ 900 միլիոն դոլար` Բաքվի շահերն առաջ մղելու, «վերաբերմունք ցույց տալու» համար

Դեկտեմբեր 19,2024 12:00

Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» մութ էջերի հայտնի դեմքերը կկանգնեն դատարանի առջեւ

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված՝ «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը, օրերս այս մասին գրել էր Deutsche Welle-ն:

«Ադրբեջանական գործով» մեղադրյալներն են քաղաքական գործիչներ Աքսել Ֆիշերը եւ Էդուարդ Լինտները։ Առաջինը մեղադրվում է կաշառք ստանալու, երկրորդը՝ պաշտոնյաներին կաշառելու համար՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու նպատակով։ Երկու կասկածյալներն էլ հերքում են մեղքը։

Հետաքննության տվյալներով՝ 2010-ից ԵԽԽՎ-ում աշխատող Լինտները 2016-ին 19 կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Այդ գումարի մի մասը նա փոխանցել է մյուս պատգամավորներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա, կարծում են քննիչները։

Ֆիշերը, որը նույնպես 2010-ից աշխատում էր ԵԽԽՎ-ում, Ադրբեջանին ձեռնտու ելույթներ է ունեցել եւ գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Դրա համար նա 21,800 եվրո կաշառք է ստացել:

Էդուարդ Լինտները գերմանական DPA գործակալությանը տված մեկնաբանությունում կաշառակերության վերաբերյալ մեղադրանքը որակել է «լիակատար անհեթեթություն»։ Լինտների խոսքով՝ պատգամավորական ժամկետն ավարտելուց հետո նա աշխատել է որպես լոբբիստ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ճանաչվի որպես Ադրբեջանի տարածք, ինչը «ճշմարիտ է միջազգային իրավունքի տեսանկյունից»։ Դրա համար Բաքուն գումար է վճարել իր ընկերություններին, սակայն, ըստ Լինտների, ինքը գումարը չի փոխանցել այլ պատգամավորների։ Իսկ Աքսել Ֆիշերը DPA գործակալության հետ զրույցում ասել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները «ճիշտ չեն»:

Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» մութ էջերը` հին պատմություն են…

Դեռեւս 2020թ. հունվարին Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր պատգամավոր Կարին Շտրենցին: Նա կանցլեր Անեգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատների միության անդամ էր։

Շտրենցն այն նույն պատգամավորն էր, ում 2019թ. Բունդեսթագը պարտավորեցրել էր 20 հազար եվրո տուգանք վճարել Ադրբեջանի շահերը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում պաշտպանելու համար։ Նա մեղադրվում էր կաշառքի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի համար լոբբիստական աշխատանք կատարելու մեջ։

Պատգամավորի հանդեպ իրականացվող հետաքննության շրջանակներում 2020թ. հունվարին Գերմանիայի դատախազության քրեական գործերի դաշնային գործակալության, նաեւ Բելգիայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ էին անցկացրել նրան պատկանող 16 վայրերում։ Խուզարկել էին Բունդեսթագի նրա աշխատասենյակը, Բեռլինում նրա անձնական բնակարանը, բնակելի տարածքներ, գրասենյակներ եւ փաստաբանական գրասենյակներ Բեռլինում, Բավարիայում եւ Բելգիայում։

Հենց այս շրջանում հայտնի դարձավ, որ այս գործով անցնում է նաեւ Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախարարությունում խորհրդարանական նախկին պետական քարտուղար Էդուարդ Լինտերը։ Վերջինս, ըստ դատախազության նյութերի, 2008-2016թթ. Ադրբեջանից մոտավորապես 4 միլիոն եվրո էր ստացել բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով, որոնք հաշիվներ են ունեցել Բալթյան երկրների բանկերում։ Այդ գումարի զգալի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ-ի անդամ որոշ պատգամավորների, որոնք դրա դիմաց պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանի ընտրությունների մասին եւ դեմ լինեին քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջներին։

2021թ. մարտին հայտնի դարձավ, որ Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին Գերմանիայի իշխող կուսակցության եւս մեկ պատգամավոր է հրաժարվել մանդատից։ Իշխող կոալիցիային մաս կազմող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պատգամավոր Մարկ Հաուփթմանը մեղադրվում է սեփական թերթում Ադրբեջանը գովազդելու համար՝ Բաքվում անցկացված Եվրոպական խաղերից մինչեւ շոփինգ փառատոն, ինչի դիմաց, Spiegel թերթի տեղեկություններով, պատգամավորը հազարավոր դոլարներ է ստացել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատնից։

Քաղաքական գործիչը կտրականապես հերքել էր մեղադրանքը, բայցեւ հրաժարվել էր ներկայացնել գովազդից ստացված եկամտի մասին փաստաթղթերը, միայն նշել էր, որ այդ գովազդները որեւէ կերպ չեն ազդել իր քաղաքական որոշումների վրա: Die Welt-ի հետ զրույցում պատգամավորը հավաստիացրել է, թե Ադրբեջանից երբեք գումար չի ստացել, թանկարժեք նվերներ չի ընդունել, իսկ Ադրբեջան կատարած իր բոլոր ճամփորդությունների համար վճարել է Բունդեսթագը, որի հետ էլ նախապես համաձայնեցրել է այցերը։

Ինչ վերաբերում է առանձնահատուկ ակտիվությանը՝ կապված Ադրբեջանի հետ, Հաուփթմանի խոսքով՝ առանցքում իր քաղաքական գործունեությունն էր, այդ թվում՝ արտաքին առեւտրի հարցերը։ Թե ինչ հաջողություններ է բերել իր երկրին պաշտոնական Բաքվի հետ այդ ակտիվ համագործակցության արդյունքում, պատգամավորը չի պարզաբանել, փոխարենը Spiegel-ը հստակեցրել էր՝ «36-ամյա քաղաքական գործիչը շարունակաբար աջակցել է ավտորիտար, նավթով հարուստ այդ երկրին»:

Հաուփթմանը կանցլեր Անգելա Մերկելի միակ կուսակիցը չէր, որը մեղադրվում է Ալիեւի վարչակազմի հետ կոռուպցիոն կապերի համար։ Գերմանական օրենսդիր մարմինը Աքսել Ֆիշերին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հնարավորություն տալով երկրի իրավապահներին պարզելու «ադրբեջանական լոբբիի» հետ նրա կապերը։ Այդ ժամանակահատվածում նշվում էր, որ կան կասկածներ, որ Ֆիշերը մաս է կազմել արեւմտյան քաղաքական գործիչներից կազմված խմբին, որը ԵԽԽՎ-ում հետեւողականորեն գործել է հօգուտ Ալիեւի վարչակազմի, թույլ չի տվել, որպեսզի մարդու իրավունքների, ժողովրդավարության, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանության հարցերի քննարկման այդ կարեւոր հարթակում Ադրբեջանի իշխանությունը հռչակվի բռնապետական ռեժիմ։ Գերմանացի իրավապահները կասկածներ էին հայտնել, որ իշխող կուսակցության ներկայացուցիչն իր ծառայությունների դիմաց՝ Ալիեւի վարչակազմին քննադատող բանաձեւերն արգելափակելու, Բաքվին ձեռնտու որոշումներ ընդունելու համար, 2008-2016թթ. Ադրբեջանից գումարներ է ստացել։ Թե ինչ պարբերականությամբ եւ որքան գումար, չի հաղորդվում։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ֆիշերն ադրբեջանական նավթադոլարները ստացել է Բալթյան երկրների բանկերում գրանցված բրիտանական կեղծ հաշիվների միջոցով։

Գերմանիայում Բաքվի «խավիարային դիվանագիտության» գործով նոր մեղադրանքների մասին այս տարի հունվարին եւս հրապարակումներ եղան: Հայտնի դարձավ, որ Գերմանիայում դատախազները կոռուպցիայի մեղադրանք էին առաջադրել չորս անձի, այդ թվում՝ երկու նախկին պատգամավորի: Նրանք կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ, ինչի դիմաց Եվրոպայի խորհրդում պետք է քվեարկեին Բաքվի օգտին: Նշվում էր` Աքսել Ֆիշերի եւ Էդուարդ Լինտների անունները:

Նշվում էր, որ երկուսն էլ ժամանակին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներ էին եւ ներգրավված էին մի սկանդալում, որը հայտնի է դարձել որպես «ադրբեջանական լվացքատուն»: Դա լոբբիստական եւ փողերի լվացման կառույց էր եւ գործել է ամբողջ Եվրամիության տարածքում: Առաջինը դրա մասին 2017-ին հայտնել էր Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը:

Բաքուն Ադրբեջանի շահերը դրսում առաջ մղելու եւ այդ նպատակով պաշտոնյաների հանդեպ, այսպես ասած, «վերաբերմունք ցույց տալու» նպատակով առանձնացրել էր 2 միլիարդ 900 միլիոն դոլար: Ինչի՞ վրա էր ծախսվել այդ հսկայական գումարը… Գերմանական մամուլը թվարկել էր՝ գումար, շքեղ նվեր, լյուքս հյուրանոց, առողջարան եւ արձակուրդ եւ VIP ավիատոմս: Դրա դիմաց ծախված պատգամավորները ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ներկայացրել են իբրեւ մի զարմանահրաշ դեմոկրատիա, մինչդեռ այնտեղ եղել են եւ կան բազում քաղբանտարկյալներ, կալանավորված լրագրողներ, եւ չկա ազատ մամուլ:

Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի եւ SՖddeutsche Zeitung պարբերականի համատեղ հետաքննությամբ բացահայտվել է Ֆիշերի եւ Լինտների հետ այդ հանցավոր գործելակերպի մեջ ներքաշված երրորդ անձը՝ ԵԽԽՎ պատգամավոր Կարին Շտրենցը: Տիկինը հանկարծամահ է եղել 2021 թվականին, սակայն դատախազները պահանջում են առգրավել նրա ստացած կաշառքը:

Մյունխենի դատախազները մեղադրանք են առաջադրել նաեւ Լինտների որդուն, որը գործել է կուլիսների ետեւում եւ դրամական փոխանցումներն է կատարել: Նրանից զատ, կասկածյալների թվում է Լինտների եւ Շտրենցի մի նախկին աշխատակից:

«Ի վերջո, այս գործընթացները շղթայական ռեակցիա կառաջացնեն: Այդ երեքն Ադրբեջանի շահերը սպասարկող գերմանական եւ եվրոպական կոռուպցիոն ցանցի սոսկ մի մասն են»,- Der Spiegel-ին ասել էր Եվրոպայի խորհրդում Բունդեսթագի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն:

Մյունխենի դատախազության ուշադրության կենտրոնում էր նաեւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախկին պատգամավոր Էլխան Սուլեյմանովը։ Նա ղեկավարել է Բաքվում գործող մի հասարակական կազմակերպություն, որը վճարումներ է կատարել եւ, այսպես ասած, հավաքագրել է Ֆիշերին:

Ենթադրվում է, որ Ֆիշերը 2015-ին ստացել է 4 հազար 500 եվրո, իսկ 2016 թվականին արդեն 21 հազար 800 եվրո կաշառք: Դրա դիմաց նա սատարել է Ադրբեջանին, մասնավորապես, 2016 թվականին Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողություններին վերաբերող քվեարկությունում: Այն ժամանակ նա Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցողն էր:

Հանգուցյալ Շտենցը ստացել է առնվազն 22 հազար եվրո Լինտների ստեղծած լոբբիստական ընկերության միջոցով: Նրա երկու ընկերությունները 2012-2014թթ. ստացել են ընդհանուր առմամբ 3 միլիոն 400 հազար: Ըստ դատախազների՝ դեռ պարզ չէ, թե Լինտներն այդ գումարի որ մասն է գրպանել:

Հայտնի է, որ կասկածյալների հետաքննության ընթացքում ոստիկանությունը խուզարկություններ էր անցկացրել ամբողջ Գերմանիայի տարածքում, մոտ 20 շենքերում, այդ թվում՝ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորների գրասենյակներում: Գերմանացիները քննչական գործողությունների կարգադրություններ եւ համագործակցության 15 դիմումներ էին ուղարկել Կիպրոս, Լիխտենշտեյն, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Ադրբեջան, Շվեյցարիա եւ Թուրքիա:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031