Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Երկիրը հարկավոր է կառավարել ոչ թե իրավիճակի թելադրանքով, այլ ունենալով ռազմավարական ծրագիր

Դեկտեմբեր 19,2024 14:00

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակագիտական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ հետ

– Պարոն Սուվարյան, նախ կխնդրենք գնահատել գիտության դերն ու նշանակությունը այսօրվա հարափոփոխ աշխարհում։

– Գիտությունը կարեւոր դեր է ունեցել մարդկության պատմության, քաղաքակրթության  ձեւավորման հենց սկզբից։ Մարդը, երբ հավաքչական գործունեությունից անցել է սեփական ուժերով բույսերի աճեցման, անասնապահության զարգացման, պահանջվել է գիտելիք, գիտական գաղափարներ։ Մարդն ստեղծեց գործիքներ՝ հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվելու համար, մշակեց սկզբունքներ, մեթոդներ… հասնելով մինչ ժամանակակից տեխնոլոգիաները, երբ ստեղծում են միջուկային զենքեր, արհեստական բանականություն…

Այսինքն՝ գիտությունը մշտապես ուղեկցել է մարդկային քաղաքակրթության վերելքին, տնտեսության զարգացմանը եւ հատկապես էական դեր է խաղացել անվտանգային հարցերի լուծման ոլորտում։ Արեւմտյան պատմաբանների վկայությամբ հատկապես վերջին երկու հարյուր տարում խիստ կարեւորվել է գիտության դերը։ Այս ուղղությամբ առաջին քայլը արդյունաբերական հեղափոխությունն էր Անգլիայում 1860-ական թվականներին։ Մարդկությունն առավելապես հասկացավ, որ զգալի հաջողությունների կարելի է հասնել, եթե օգտագործվում են գիտության ձեռքբերումները՝ թե՛ տնտեսության զարգացման, թե՛ անվտանգային խնդիրների լուծման ասպարեզում։

Միջնադարում լավ էին գիտակցում, որ զորեղ է այն պետությունը, որն ունի հզոր բանակ։ Բանակը հզոր է սպառազինությամբ, իսկ վերջինս առկա է, եթե ունես զարգացած ռազմարդյունաբերական համալիր։

Այսօր էլ հզոր են այն պետությունները, որոնք օգտվում են գիտության նվաճումներից, ստեղծում են հզոր, զարգացած արդյունաբերություն եւ համաշխարհային շուկայում առաջարկում մրցունակ արտադրանք, գրավելով առաջատար դիրքեր։ Օրինակ, Apple-ը բջջային հեռախոսների շուկայում առաջին տեղն է գրավում, որովհետեւ այդ ապրանքի մեջ ներառված են գիտության վերջին նվաճումները։ Նույն բանը կատարվում է զենքի, զինամթերքի շուկայում. առաջատար դիրքեր են գրավում այն երկրները, որոնք մեծ ներդրումներ են կատարում այս ոլորտում՝ գիտության վերջին նվաճումներն ու նորարարությունները ներառելու համար։

Այսօր էլ, 21-րդ դարում, արհեստական բանականության զարգացման դարում միայն գիտության մեջ նպատակային ներդրումներ կատարելով է հնարավոր ունենալ զարգացած տնտեսություն, հզոր բանակ… Գիտության դերը չափազանց էական է նաեւ քաղաքագիտության, դիվանագիտության ոլորտներում՝ ճկուն քաղաքականություն եւ դիվանագիտություն բանեցնելու առումով։

Այսօր հարկավոր է երկիրը կառավարել ոչ թե իրավիճակի թելադրանքով, այլ ունենալ ռազմավարական ծրագրեր եւ, ըստ այդմ՝ ռազմավարական կառավարում։ Սա նշանակում է գիտության նվաճումների հիմքի վրա կանխատեսել ապագա աշխարհաքաղաքական զարգացումները, տնտեսության զարգացման միտումները… եւ ըստ այդմ կառուցել այնպիսի քաղաքականություն, իրականացնել այնպիսի դիվանագիտություն, որը հնարավորություն կտա անվտանգ եւ անխափան ապահովել, իրագործել երկրի զարգացումը։ Ավելին՝ ունենալ նվաճումներ, բարձր հեղինակություն եւ ազդեցություն՝ աշխարհում ընթացող իրադարձությունների վրա։

– Անգամ Հիտլերը, գալով իշխանության Գերմանիայում, շեշտակի ավելացրեց գիտությանը հատկացվող միջոցները, հատկապես ռազմարդյունաբերության զարգացման ոլորտում։ Ըստ Ձեզ, այսօր մեր երկրում կա՞ այն գիտակցումը, որ գիտությունը կարեւորագույն դեր է խաղում ազգային, պետական անվտանգության ապահովման խնդրում։

– Ձեր հարցն ունի առնվազն երկու ենթահարց. առաջինը վերաբերում է գիտության կազմակերպմանը եւ ֆինանսավորմանը, երկրորդը՝ գիտության նվաճումների գործնական կիրառությանը։ Առաջինի պատասխանը դրական է, որովհետեւ ապահովվել է գիտության կայուն շարունակական ֆինանսավորումը։ Երկրորդ ենթահարցին, ցավոք, չեմ կարող դրականորեն պատասխանել, որովհետեւ հենց անկախության հաստատումից հետո պետք է շատ կարեւորվեր գիտության թե՛ տեսական ու հիմնարար, թե՛ գործնական նշանակությունը…  սակայն 90-ականների սկզբին ընդունվեց մի ռազմավարություն, որի խնդիրը գիտական ներուժի պահպանումն էր, ինչը չափազանց երկար տեւեց։ Հարկավոր էր շատ արագ անցում կատարել գիտության զարգացման ռազմավարության եւ գիտության նվաճումների ներդրմանը տնտեսության մեջ։ Այնինչ նույնիսկ առկա արդյունաբերական հզոր ներուժը փոշիացվեց, որովհետեւ խնդիր էր դրվել զարգացնել ծառայությունների ոլորտը։ Այս ոլորտի զարգացումը թեպետ կարեւոր, բայց բավարար չէ հզոր պետություն, հզոր երկիր ունենալու համար։ Նման պետություն ունենալու առաջին պայմանը գիտատեխնիկական նվաճումների հիմքի վրա կառուցված, տեխնոլոգիապես բարձր զարգացած արդյունաբերություն ունենալն է։ Սա հնարավորություն կտա լուծելու նվազագույնը երկու խնդիր. ապահովելու բնակչության կենսական կարիքներն ու անվտանգությունը եւ դուրս գալու միջազգային շուկա՝ մրցունակ արտադրանքով, որի մեջ մեծ է գիտության բաղադրիչը։ Անչափ էական է նաեւ, որ երկիրը կարողանա հիմնականում կամ մասամբ իր բանակն ապահովել սեփական ռազմամթերքով։ Վերջերս Էրդողանը հայտարարեց, որ եթե նախկինում բանակի կարիքներն ապահովում էին հիմնականում ներմուծվող զենք-զինամթերքով, ապա ներկայումս իրենք ապահովում են իրենց ռազմական կարիքների ավելի քան 80 տոկոսը։ Նախորդ դարի 80-ական թվականներին մենք ողջ տարածաշրջանում առաջատար դիրք էինք գրավում տեխնոլոգիական զարգացման մակարդակով, արտադրում էինք հաշվողական տեխնիկա, գիտատար արդիական սարքավորումներ, գործիքներ, քիմիական արտադրանք…Այսօր, ցավոք սրտի, հակառակ պատկերն է։ Սա վկայում է, որ մենք գիտության դերը, գործնականում, ըստ պատշաճի, չենք կարեւորել։ Չենք կարեւորում նորամուծական գործունեությունը։ Դրական է, որ վերջին տարիներին էականորեն ավելացվել է գիտության ֆինանսավորման ծավալը, սակայն այն դեռեւս չի ուղեկցվում նորաստեղծական գործունեության ակտիվացմամբ, արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների եւ արտադրատեսակների ներդրմամբ։ Իսկ ՀՆԱ-ում բարձր գիտատար արտադրանքի տեսակարար կշիռը շուրջ 5 տոկոս է։ Ըստ այդմ, ցավոք, տեխնոլոգիական զարգացման մակարդակը ցանկալիից բավական հեռու է։

– Վերջերս ԳԱԱ համակարգում ստեղծվեց «Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի» վարչություն։ Որքանո՞վ էր կարեւորվում նման կառույցի ձեւավորումը։

– Այդ վարչությունն, անշուշտ, կարեւոր խնդիրներ ունի լուծելու։ Այդ խնդիրներն առկա էին նաեւ նախկինում, որոնք չէին սահմանափակվում գիտական հանրամատչելի հանդեսների հրատարակմամբ։ Դա միաժամանակ գիտության կարեւորության պրոպագանդան էր։ Դա նաեւ երիտասարդ սերնդին գիտության եւ կրթության ոլորտ ներգրավելու խթանման համակարգ էր։ Գիտության հանրամատչելիացումը զուգակցվում էր նաեւ խոշոր գիտնականների պրոպագանդայի, նրանց կերպարների՝ հասարակությանը ներկայացնելու հետ։ Սա եւս գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու խթան էր։

Նորաստեղծ վարչությունը ոչ միայն ուսուցիչներին եւ դպրոցականներին պետք է ներկայացնի գիտության վերջին նվաճումները, այլեւ պետք է զբաղվի գիտության հանրամատչելիացման ողջ համալիրով։ Սա պետք է լինի պետական քաղաքանության բաղկացուցիչը։ Ոչ միայն հարկավոր է գիտությունը ներկայացնել հանրությանը, այլեւ հանրությունը պետք է ներգրավվի գիտական գործընթացների մեջ։ Այսօր ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները, գիտական աշխատանքի նկատմամբ  հետաքրքրությունը նվազել են։ Սա հետեւանք է նաեւ այն գործոնի, որ չկան համապատասխան գիտատեխնոլոգիական աշխատատեղեր։ Հանրամատչելիացման միջոցով պետք է հասարակության բոլոր շերտերին ներկայացվի, բացատրվի գիտության կարեւորագույն դերն ու նշանակությունը պետության զարգացման եւ անվտանգության ապահովման առումով։

– Խորհրդային տարիներին ամենատարբեր մեթոդներով իրականացվում էին գիտության հանրամատչելիացման եւ հանրայնացման միջոցառումներ։ Հրատարակվում էին բազմաթիվ գիտահանրամատչելի հանդեսներ, մասնագիտական հետաքրքրաշարժ գրքեր, թողարկվում էին հեռուստահաղորդումներ, նկարահանվում էին վավերագրական ֆիլմեր գիտության ճյուղերի, անվանի գիտնականների մասին։

Արդյոք այսօր չկա՞ այս ամենը վերականգնելու անհրաժեշտություն։

– Դուք իմ մտքերը հրաշալիորեն լրացրեցիք։ Սակայն, այս ամենին զուգահեռ, հարկավոր է ունենալ նաեւ զարգացած տեխնոլոգիական հնարավորություններ։ Այսօր, ցավոք, մեր կրթական համակարգը դեֆորմացված է. ավելի շատ պատրաստում ենք իրավաբաններ, տնտեսագետներ եւ ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետներ, քան բնական գիտությունների մասնագետներ։ Տոկոսային հարաբերակցությունը մոտավորապես 65-ը 35-ի է, մինչդեռ պետք է հակառակը լիներ։ Իսկ հակառակը լինելու համար պետք է ունենալ համապատասխան աշխատատեղեր։ Մարդը բուհ ընդունվելիս պետք է տեսնի իր ընտրած մասնագիտության մեջ աշխատելու հեռանկարները։ Պետք է լինեն գիտության եւ տեխնոլոգիական զարգացման նախադրյալներ, այլապես հանրամատչելիացումը կիսատ կմնա։ 21-րդ դարում գիտությունը չի կարող զարգանալ սոսկ իր համար, այն պետք է ունենա նպատակային ուղղվածություն, կարեւոր է, որ հիմնարար հետազոտություններն ստանան կիրառական նշանակություն, նպաստեն երկրի տնտեսության, երկրի ռազմավարական զարգացման խնդիրների լուծմանը։ Այս ամենի առկայության պարագայում հանրամատչելիացման ծրագրերն ավելի նպատակային եւ արդյունավետ կլինեն։

Ա. ՍԵՎԱՉԵՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031