Անցնող տարվա տնտեսական դրական ցուցանիշները փորձագետները կապում են բացառապես արտաքին գործոնի հետ, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսումները, մեղմ ասած, դրական չեն: Հարկերի և տուրքերի բարձրացում, գնաճ, ինչը նպաստելու է քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացմանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ նախորդ երկու տարվա բարձր տնտեսական աճն արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ էր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով: «Այդ գործոնի ազդեցությունն այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած էապես նվազեց, և, ցավոք, մեր այն վատատեսական կանխատեսումները, որ կային, կյանքի կոչվեցին ողջ ծավալով: Տնտեսական ակտիվության ցուցանիշն էապես նվազում է արդեն երկրորդ եռամսյակից սկսած, և այս իշխանությունների խոստացած առնվազն յոթ տոկոս տնտեսական աճի փոխարեն կունենանք մոտ հինգ տոկոս տնտեսական աճ: Այդ հինգ տոկոս աճում էական մասնաբաժին ունի այդ թուլացող գործոնը: Տարվա ընթացքում տնտեսական աճի տեմպի նվազումը հանգեցրեց նաև նրան, որ հարկային մուտքերն էապես թերակատարվեցին և շարունակում են թերակատարվել մոտ տասը տոկոսի շրջանակներում, նաև պետական բյուջեի ծախսերն են, ընդհանուր առմամբ, թերակատարվել միջինը տասը տոկոսով: Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս տարվա տասն ամիսներին էական թերակատարումը վերաբերել է խոստացված կապիտալ ծախսերին, այսինքն՝ երկարաժամկետ տնտեսական էֆեկտ ունեցող ենթակառուցվածքներ, շինարարություն և այլն: Սրանք փաստերն են, որոնց վրա հիմնվելով` օրվա իշխանությունները հաջորդ տարվա պետական բյուջեում նախանշել էին սկզբում 5,6 տոկոսանոց աճ, իսկ երկու շաբաթ անց, երբ պետական բյուջեն վերջնական պետք է հաստատվեր, տնտեսական աճի ցուցանիշն իջեցրեցին 5-5,1 տոկոս:
Հաջորդ տարվա նույնիսկ 5,1 տոկոսանոց աճը խիստ խնդրահարույց է կատարման տեսանկյունից, որովհետև միտումները, որոնք արդեն իսկ արձանագրում ենք հիմա, բավականին վատատեսական են հաջորդ տարվա համար: Երկրորդը՝ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մասնավորաբար՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսում են էլ ավելի ցածր տնտեսական աճ նույնիսկ լավագույն սցենարով, ինչը դրված է պետական բյուջեի հիմքում: Սա է պատճառը, որ շատ համեստ ցուցանիշներ ունենք հաջորդ տարվա բյուջեում եկամուտների իմաստով, դրան գումարած՝ ունենք փաստացի արձանագրում, որ հաջորդ տարի չի լինելու նվազագույն աշխատավարձի, սոցիալական, աղքատության նպաստների և կենսաթոշակների բարձրացում: Բայց փաստացի հաջորդ տարի գնաճային էական ճնշումներ կան, և նույնիսկ Կենտրոնական բանկը կանխատեսում է միջին գնաճ հինգ տոկոսի շրջանակներում», -«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:
Ակնհայտ է, որ կառավարությունից և որոշում կայացնողներից շատերն այլևս ակնկալիքներ չունեն: «Քաղաքականությունը ևս տնտեսության հիմքն է: Տնտեսական աճի պարագայում հույսդ չպետք է դնես արտաքին պատահական գործոնների վրա: Մշտապես ասել էինք, որ այդ դրական ֆոնը պետք է կապիտալիզացվի: «Տաք» փողերը եկան Հայաստան, հիմա այդ էֆեկտը նույն արագությամբ դուրս է գալիս մեր երկրից՝ իր հետ բերելով լրացուցիչ դժվարություններ: Տարիների ընթացքում տեսանք ռազմական էսկալացիաներ, ռազմական բնույթի գործադրումներ, սպառնալիքներ հարևան այն երկրների կողմից, որոնց հետ այս իշխանությունները կեղծ խաղաղության օրակարգ են խաղում:
Կարդացեք նաև
Օրինակ՝ չէին կարող անարձագանք մնալ ձախողումները. օրինակ՝ երբ թշնամին կրակում է օտարերկրյա ներդրումներով բացվող ձեռնարկության վրա, խոսքը Երասխի մասին է, կամ՝ պետականմասնավոր գործընկերությամբ «ԱՆԻՖ» հիմնադրամի միջոցով հայկական ավիաուղիների ձախողված նախագիծը, որի գործն արդեն հասել է միջազգային ատյաններ, և այսպես շարունակ կոռուպցիոն աճող ռիսկերը, «հարկային տեռորը» հանգեցրել են մի փաստի, որ այս տարի արդեն ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների «փախուստ» մեր երկրից: Մեր երկրից ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ գնացել են նույնիսկ պահպանվող բարձր տնտեսական աճի ֆոնին, քան եկել, բացասական է հաշվեմնացորդը: Այսինքն՝ ունենք կապիտալի «փախուստ» և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի էական նվազում, իսկ դրանք լրջագույն բացասական ցուցանիշներ են», -եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։