Հետաքրքիր է, որ Փաշինյանների սոցցանցային հրապարակումներին պատասխանողների մեծ մասի լեյտմոտիվն այն է, թե ինչպե՞ս կարող է այսքան մարտահրավերներ, գոյաբանական սպառնալիքներ ունեցող երկրի ղեկավարը հանրությանը ներկայացնել՝ ինչպես է ֆռթացնում սուրճը, կամ ինչպես է կինը փաթաթում տոլման։
Դա միանգամայն արդարացի հարցադրում է մինչ այն պահը, երբ նույն հարցադրում հնչեցնողները ներքաշվում են նույնպիսի անարժեք հակադրության մեջ, որն արտահայտվում է հեգնանքով, սրամիտ կամ տափակ հումորով, բարձրարժեք կամ գռեհիկ պիտակավորումներով։ Բայց անկախ այդ հակադրության էսթետիկ կողմից, խնդիրը հենց հակադրությունն է ինքնին, ներքաշվելը մի օրակարգում, որը, այո, որևէ աղերս չունի Հայաստանի իրական խնդիրների հետ։
Նիկոլ Փաշինյանը լուծում է պարզ խնդիր․ ցանկացած գնով պահպանել իշխանությունը, ապահովել դրա վերարտադրությունը։ Այդ խնդրի լուծման համար նա կանգ չի առնում ոչնչի առաջ, այդ թվում՝ հաճույքով հանրային բանավեճի նշաձողն իջեցնում է սեփական ամուսնական կարգավիճակի քննարկման մակարդակի։
Կարդացեք նաև
Բայց այդ բանավեճը տեղի չի ունենա, եթե դրանում չներգրավվեն նրա ընդդիմախոսները, որոնք՝ անկախ հակադարձման բովանդակությունից, ապահովում են բանավեճի կայացումը և իրենց հերթին նպաստում են դրա նշաձողի իջեցմանը գրեթե կեղտոտ սպիտակեղենի մակարդակի։
Այս գործընթացում պայմանականորեն ներգրավված են երկու սուբյեկտներ. մի կողմից՝ ի դեմս Փաշինյանների, և տասնյակ կամ հարյուրավոր սուբյեկտներ մյուս կողմից՝ ի դեմս նրան քննադատողների։ Դա նշանակում է, որ այդ գործընթացը, Փաշինյանների նպատակադրումը կարող է տապալվել, եթե մյուս կողմի սուբյեկտների գոնե մեծ մասը չբարձաձայնվող համաձայնությամբ ուղղակի անտեսի նրանց սոցցանցային հայտնությունները, արհամարհի դրանք և շարունակի հանրության հետ խոսել այն իրական խնդիրների մասին, որոնց անտեսման համար քննադատում է Փաշինյաններին։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում