1973 թվականին 40 խորհրդային ակադեմիկոսներ «Պրավդայում» հրապարակեցին կոլեկտիվ ստորագրված մի նամակ, որտեղ մեղադրում էին ակադեմիկոս Սախարովին՝ խորհրդային պետական կարգը վարկաբեկելու մեջ: Մի շարք ակադեմիկոսներ, սակայն, հրաժարվել էին այդ նամակը ստորագրել, այդ թվում՝ Պյոտր Կապիցան, Յակով Զելդովիչը, Անատոլի Ալեքսանդրովը: Արդյոք նրանք դարձա՞ն հետապնդման թիրախ: Ամենեւին: Ավելին՝ Ալեքսանդրովը երկու տարի անց դարձավ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահ: Քծնանքը, ինչպես եւ ցանկացած այլ մեղք, միշտ չէ, որ ունի զուտ «պրագմատիկ» բացատրություն. շատ հաճախ դա բնավորություն է, սովորություն, գենետիկա կամ անցյալի անդիմադրելի իներցիա:
Ես չեմ հիշում, որ 1-ին, 2-րդ կամ 3-րդ նախագահների տիկնայք գնային Երեւանի պետական համալսարան՝ պրոֆեսորներին եւ դոցենտներին խելք սովորեցնելու: Բայց, եթե նրանք նույնիսկ գնային այդ, մեղմ ասած, ինքնավստահ քայլին, ապա, համոզված եմ՝ այն դասախոսները, որոնք նման հանդիպմանը չէին ներկայանա, դժվար թե հետապնդվեին: Նույնն էլ, իհարկե, հիմա. դասախոսների մի մասը գնաց Խորենացու «Ողբը» լսելու, մյուսը՝ չգնաց: Նրանք, ովքեր գնացին, գուցե ինչ-ինչ առաջնահերթություններ կունենան՝ այս կամ այն «գործը դզելու»: Բայց չգնացածներն էլ շատ չեն տուժի: Քաղաքական հայացքների համար, այո, ԵՊՀ-ից հեռացնում են, բայց «նաչալստվայի» հետ հանդիպման չգնալը քաղաքական հայացքների արտահայտություն չէ: Մարդկային կեցվածք է, ինչպես եւ կոլեկտիվ նամակը չստորագրելը:
Բայց ես շատ խիստ չէի դատի ստորագրողներին, գնացողներին, ինչպես նաեւ այն մտավորականներին, որոնք Փաշինյանի մոտ են աշխատում: Այսօր դա, իհարկե, տհաճ է եւ անպատվաբեր, բայց վաղը, շատ հնարավոր է, կմոռացվի: Այդ առիթով եւս մի դրվագ խորհրդային պատմությունից:
20-րդ դարի մեծագույն ռուս գրողներից մեկը՝ Միխայիլ Բուլգակովը, կյանքի վերջում Ստալինին գովերգող մի պիես էր գրել՝ «Բաթում»: Բացատրությունը գուցեեւ «պրագմատիկ» է. ըստ վարկածներից մեկի, զգալով, որ իր երիկամների հիվանդությունն անբուժելի է (մասնագիտությամբ բժիշկ էր), գրողը որոշել էր գնալ այդ քայլին՝ իր ընտանիքին ավելի ընդարձակ բնակարանով ապահովելու համար: Բայց այդպես է, թե՝ ոչ, այնքան էլ կարեւոր չէ. մենք Բուլգակովին այդ դրվագի պատճառով չէ, որ հիշում ենք:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Վերջաբանը կարդալուց հետո կարծիք առաջացավ, որ Ստալինին գովերգող «Բաթում» պիեսը գրելուց և դրա շնորհիվ իր ընտանիքին ավելի ընդարձակ բնակարանով ապահովելուց առաջ Միխայիլ Բուլգակովը նախապատրաստվում էր «Շան սիրտը» վիպակի անալոգիայով գրել նաև «Խորամանկ աղվեսի սիրտը» ստեղծագործությունը և փորձում էր այդ նոր վիպակում փոխպատվաստված սրտով անձի դերում այս անգամ հանդես գալ հենց ինքը:
Իսկ ԵՊՀ-ում «նաչալստվայի» հետ հանդիպմանը գնացածները թող իրենք իրենց մտերիմներին խոստովանեն, թե ինչ սրտով էին լսում Խորենացու «Ողբը»: