Այսօր Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի , նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանի, մի քանի դեսպանների մասնակցությամբ նշվեց Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակը։
Շիրակի մարզում բացառիկ դերակատարություն ունեցող կրթօջախը՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտը, հիմնվել է 1934 թվականին ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ։ Այն մինչ 1988 թվականի երկրաշարժը գործել է քաղաքի սրտում՝ ալքեպոլյան շքեղ շինություններից մեկում, որտեղ 1919 թվականին հիմնվել էր մեր երկրի առաջին պետական համալսարանը։
Բուհի անցած հարուստ ճանապարհը ներկայացվեց ֆիլմով, ելույթ ունեցավ Գյումրի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Կարդացեք նաև
Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, շնորհավորհելով բուհի անձնակազմին ու ուսանողներին, ասաց․ «Շիրակի պետական համալսարանը դարձել է Գյումրու խորհրդանիշերից մեկը՝ ինչպես գիտեք և ինչպես տեսաք։ Գյումրին մի շարք խորհրդանիշեր ունի՝ ճարտարապետությունը, մարդիկ, մշակույթի գործիչներ, գիտնականներ, մարզիկներ։ Թույլ տվեք պատկերացնել Գյումրի քաղաքը և Շիրակի մարզն ՝ առանց պետական համալսարանի։ Այս հանգրվանը շատ նշանակալի է մեզ համար։ Ահագին երկար ճանապարհ անցնելուց հետո հասել ենք մի հանգրվանի, երբ համալսարանը բազմաթիվ նվաճումների հետ մեկտեղ ունի նաև խնդիրներ, բայց դրանք անլուծելի խնդիրներ չեն»։
Նա, կարևորելով կրթությունը, գիտելիքն անհատի կյանքում, ուշադրություն հրավիրեց մի կարևոր հանգամանքի՝ բուհերի միավորմանը։ Դիմելով վարչապետին ու ԿԳՄՍ նախարարին՝ ասաց, որ հոգաբարձուների խորհուրդը հնարավորություն չի ունեցել արտահայտվել բուհերի միավորման և կենտրոնացման գաղափարի շուրջ, իրենցից կարծիք չեն հարցրել, թեև նամակներով հայտնել են իրենց մոտեցումը։
«Հայաստանի 6 մարզերում 10-ից ավելի պետական բուհերի մասնաճյուղեր ունենք։ Ես շատ եմ դժվարանում պատկերացնել, թե ինչ է լինելու այդ մարզերում այդ բուհերը տեղափոխելու և մեկտեղ կենտրոնացնելու դեպքում։ Մարզերը զրկվելու են բուհական ուսանողությունից և բուհական աշխատակազմից, որոնք մտավորականության մի զգալի շերտն են։ Այսօր խնդրանքս այն է՝ վերանայել այդ դիրքորոշումը ՝ հօգուտ մարզային համալսարանականության»։
Դահլիճը թնդաց ծափահարություններից․ հոգաբարձուների խորհրդի նախագահն ասաց, որ իր այս տեսակետը շատերն են պաշտպանում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, նշելով, որ ՇՊՀ-ն անցել է հսկայական ճանապարհ, ասաց, որ քննարկումներ լինելու են նաև այս բուհի ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ։ Ըստ նախարարի, քննարկումներն են ճանապարհը լավագույն լուծում գտնելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում ասաց, որ բուհի մասին ֆիմլը դիտելիս՝ ինքն իրեն հարց տվեց՝ ինչո՞ւ է այն հիմնադրվել 1934։
«Այստեղ կա մի հարց, որը շատ կոնկրետ է, կա մի հարց, որը փիլիսոփայական է, սկսեմ կոնկրետությունից։ Ինչո՞ւ է 1934 թվականին Գյումրիում ստեղծվել այն բուհը, որը հետագայում դարձել է Գյումրիի պետական համալսարան (ի դեպ, վարչապետը չգիտես ինչու իր ելույթում մի քանի անգամ Շիրակի պետական համալսարանն անվանեց Գյումրիի պետական համալսարան, հեղ․)։Այդպես պահանջել և այդպես պարտադրել է տնտեսությունը և տնտեսությունից եկող առաջնահերթությունը, տնտեսական պահանջ է եղել բուհի ձևավորումը։ Եվ մենք պետք է շատ կարևոր արձանագրում անենք, որ բուհական, ընդհանրապես կրթական համակարգը եթե փոխկապակցված չէ տնտեսության հետ, որոշակի տրամաբանությունից դուրս է գալիս։ Եվ այս առումով շատ կարևոր է արձանագրել, որ այն կրթական համակարգը, որը մենք ունենք ո՞ր ստանդարտի մեջ է և ո՞ր ժամանակի մեջ է գործում։
1934 թվականին, այո, առաջիկա ռազմավարական կարիքներն ապահովելու համար ստեղծվել է բուհական համակարգ, և այն գործունակ է եղել 1947, 1957, 1974, 1984 թվականներին, բայց այդ խնդիրը բոլորի՝ հանրության, մարդու, ժողովրդի, պետության․ նրա մեջ է, թե ինչքանով ենք մենք կարողանում վերափոխվել՝ ինքներս մեզ հարց տալով ժամանակի պահանջին համապատասխան։
Շատ կարևոր է, որ 1934 թվականին եղել է որոշակի քաղաքական, տնտեսական, հասարակական ստանդարտ, այդ ստանդարտը ինչքան և որտեղ կարող է լինել կենսունակ։ Արդյո՞ք այդ ստանդարտը նույն արդյունավետությամբ գործում է 1994, 2014 թվականին և 2024 թվականին, սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք, իհարկե, միասին փորձենք գտնել»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի մի կարևոր հարց ևս կա՝ մենք մեզ հարց պիտի տանք ՝ ինչո՞ւ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդը չունի գոնե մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող բուհ։ Նրա ասելով՝ այս հարցի պատասխանի հետևից գնալը շատ կարևոր ճանապարհ է։
Նա նշեց, որ առավել մանրամասն քննարկում են ունենալու բուհական համակարգի, մարզերի ու քաղաքների զարգացման մասին։ Ըստ նրա, մենք միշտ բարձր ենք գնահատում մեր բուհական համակարգը, բայց ո՞ւմ հետ ենք համեմատում։
«Մենք պետք է հասկանանք, ո՞ւմ հետ ենք մեզ համեմատում․ երբ մեզ հետ ենք համեմատում, միշտ էլ լավ վիճակում ենք հայտնվում, որովհետև ոնց էլ լինի գուցե էսօր երեկվանից ավելի լավ ու շահեկան վիճակում ենք հայտնվում, բայց Շիրակի պետական համալսարանը պետք է Լյուվենի, Քեմբրիջի, Օքսֆորդի հետ համեմատվի։
Ու երբ այս համեմատության մեջ դնենք, գուցե թե մեր հարցի դիտարկումները մի փոքր կփոխվեն, բայց վերափոխվելու ցանկությունն ու անհրաժեշտությունը չի նշանակում չգնահատել այն, ինչ կա, ու այն ճանապարհը, որ մենք անցել ենք։ Ընդհակառակը՝ ուրիշ բանի մասին է, որ մենք պետք է ստեղծենք այն ճանապարհը, որը դեռ շարունակաբար պետք է անցնենք։
Պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչո՞ւ 105 տարեկանից ավել բուհ չունենք՝ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդ լինելով, որովհետև մենք պետություն չենք ունեցել, դրա համար բուհեր չենք ունեցել։
Մեր այսօրվա խնդիրները չպիտի դիտարկենք առանձին վերցրած բուհի շահերի տեսակետից, մենք մեր խնդիրները պետք է դիտարկենք առանձին վերցրած պետության, Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերի տեսակետից, որովհետև պետությունը, նրա բնականոն զարգացումն է միայն երաշխիքը, որ մենք ունենանք առաջիկայում 200, 300, 400, 500 տարվա պատմություն ունեցող բուհեր, պետություն, ինստիտուտներ,տնտեսություն և բարեկեցություն։
Ամփոփելով պիտի արձանագրեմ, որ պետք է բուհական համակարգի, ընդհանրապես կրթական համակարգի գործունեության նպատակը ճշգրտենք։ Մեր կրթական համակարգի նպատակը մեկը պետք է լինի․ որ նրա շրջանավարտները լավ ապրեն, վաստակեն այնքան, որքան հնարավոր կլինի իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովելու համար: Մենք պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալն աշխարհի մասշտաբով և պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ»։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց ՝մեզ հարց պիտի տանք՝ ինչո՞ւ բազմաթիվ ուսանողներ նախընտրում են աշխարհի ամենատարբեր երկրների բուհերը։
«Ինչո՞ւ են մղվում այնտեղ և չեն մղվում Հայաստանի Հանրապետություն, մի պարզ պատճառով, որովհետև մեր բուհական համակարգը միջազգայնորեն մրցունակ չէ»,- եզրակացրեց վարչապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ