«Ցանկալի է ապահովել քաղհասարակության, արտախորհրդարանական ընդդիմության ավելի լայն ներգրավում եվրաինտեգրման գործընթացում»,-«Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ժամանակ ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
Նա նկատեց՝ տեսանելի է, որ այդ հարցում իշխանությանն աջակցություն կա․ «Քանի դեռ եվրաինտեգրման կուրսն անշեղորեն առաջ կգնա, կարծում եմ քաղհասարակությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը կաջակցեն այդ հարցում»։
Փաստելով, որ մեր արտադրած ապրանքների՝ դեպի ՌԴ, ԵԱՏՄ արտահանման աճ կա, իսկ դեպի ԱՄՆ և ԵՄ նվազում, Հովսեփ Խուրշուդյանն ասաց․ «Գիտեմ դրա պատճառները, որ այն ջանքը՝ այդ թվում լոգիստիկ շղթաներն ավելի պարզ դարձնելու առումով, Լարսով անցնելն ավելի հեշտացնելու առումով գործադրվում է, արդյունք տալիս է։ Բայց միայն սպասել, թե երբ պետք է մեր ապրանքների ստանդարտները բարելավվեն, որ կարողանանք արտահանում կազմակերպել դեպի ԵՄ և առևտուրը ԵՄ-ի հետ մեծացնել առանց հատուկ մոտեցման, վերաբերմունքի, հատուկ պաշտոնյաների, հնարավոր չի լինի»։
Անդրադառնալով Վրաստանում կատարվածին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց․ «Պնդում եմ՝ առավել ևս, երբ ալեկոծում կա մեր տարածաշրջանում, մեզ հենման կետ է պետք․ «Մենք տեսել ենք, որ այն անվտանգային համակարգը, որում մենք կանք, մեզ համար այլևս հենման կետ չէ։ Եվ մենք ուզենք, թե՝ ոչ էն մյուս համակարգերի մեջ ինտենսիվ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրենք։ Գոնե հայտերը ներկայացնենք, տեսնեն այնտեղ, որ այստեղ սպասումներ կան․․․Լյուստրացիան, որ մենք չենք արել, անընդհատ գալու է մեր գլխին։ Մոլդովան ու Վրաստանը դրա փայլուն օրինակն են։ Վրաստանում, որտեղ հսկայական ատելություն կա ՌԴ-ի հանդեպ, տեսեք՝ ինչ պրոռուսական շարժեր են արվում։ Մոլդովայում կտեսնեք, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններում ինչ տհաճ անակնկալներ են մեզ սպասվում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ