ՀՖՖ 25-րդ հերթական ժողովից կարճ ժամանակ անց կայացավ Հայաստանի ազգային հավաքականի եւ հայկական ակումբների ֆան շարժումների անդամների մամուլի ասուլիսը, որտեղ նրանք խոսեցին հայկական ֆուտբոլում ստեղծված ճգնաժամի եւ առկա խնդիրների, անցած երկու ամիսների ընթացքում կատարած գործողությունների եւ դրանց արդյունքի, հայկական ֆուտբոլի առողջացման եւ զարգացման իրենց պատկերացումների, առաջիկա քայլերի մասին:
Նրանք հերթական անգամ վերահաստատեցին, որ իրենց պահանջը ՀՖՖ ամբողջ ղեկավար կազմի անխուսափելի հրաժարականն է, որն ամբողջովին ձախողել է իր իսկ ներկայացրած 2019-2025 թթ. ֆուտբոլային ռազմավարության ծրագիրը եւ վստահեցրին, որ պայքարելու են մինչեւ վերջ, լինելու են հետեւողական եւ ունեն իրենց նպատակին հասնելու համար անսահմանափակ գործիքակազմ եւ քայլերի հաջորդականության ծրագիր:
ՖԱՖ շարժման անդամները նշեցին, որ ֆեդերացիայի ղեկավարությունը ամեն կերպ փորձում է իրենց ազնիվ ու արդար պայքարը վարկաբեկել՝ այն կապելով ինչ-որ մտացածին մարդկանց եւ ուժերի հետ, ներկայացնելով որպես էմոցիոնալ, մակերեսային դժգոհություն, աթոռակռիվ, մինչդեռ, իրենց միակ նպատակը հայկական ֆուտբոլը ճգնաժամից դուրս բերելն է ու զարգացման ճիշտ հունի վրա տեղափոխելը: Իրենք ոչ թե անձանց փոփոխություն են ուզում, այլ ցանկանում են, որ համակարգ աշխատի, որի պարագայում կբացառվի անձի ազդեցության գործոնը, առողջ քննարկումների արդյունքում կընդունվեն կոլեգիալ որոշումներ: Շարժումը չունի եւ չի էլ ունենալու ֆեդերացիայի նախագահի որեւէ թեկնածություն:
«Մենք պայքարը տանելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հրաժարականի օրը, քանի որ չենք հավատում, որ այս գլոբալ ձախողումներից հետո ՀՖՖ-ն մնացած երկու տարում փոխվելու է եւ այս մեծ ստրատեգիական հարցերին լուծում է տալու»,- հայտարարեց հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնելով ՀՖՖ այսօրվա ժողովում Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունը, թե ազգային հավաքականում 26-29 տարեկան ֆուտբոլիստների տոկոսը շատ ցածր է, մինչդեռ, այդ տարիքի ֆուտբոլիստները պետք է կազմեին կորիզը, եւ այդ ցուցանիշով մենք վատագույնների եռյակում ենք աշխարհում, Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչի՞ հետեւանքով է դա այդպես, Երվանդ Իսմաիլյանը պատասխանեց. «Դա գալիս է նրանից, որ անցնող տարիներին այդ ուղղությամբ ֆեդերացիան աշխատանք չի կատարել: Տեղական ֆուտբոլում Հայաստանի առաջնությունը ունի հայազգի խաղացողների սահմանափակում, պարտադիր պայման է մեկնարկային կազմում 3-4 հայազգի խաղացողների խաղալը: Բայց դա բավարար չէ, քանի որ ակումբները զարգանում են՝ մասնակցում են եվրագավաթային խաղերի եւ հանուն արդարության չենք կարող մեղադրել ակումբներին եվրագավաթային խաղերում ավելի լավ արդյունքների հասնելու համար լեգեոներներ ներգրավելու մեջ:
Որտե՞ղ է այս հարցի պատասխանը: Ֆեդերացիան պետք է աշխատանք իրականացնի Հայաստանի բարձրագույն խմբում, առաջին խմբում, Հայաստանի երիտասարդական առաջնություն ստեղծելուց հետո այս խմբերում ակումբների եւ թիմերի քանակն ավելացնելու ուղղությամբ, որպեսզի բոլորը պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն ունենան:
Այսինքն, եթե այսօր Հայաստանի առաջնության 10 թիմերից հայազգի 30 ֆուտբոլիստների համար մեկնարկային կազմում լինելու հնարավորություն կա, կարելի է մյուսների համար հնարավորություն ստեղծել երիտասարդական առաջնություններում եւ երկրորդ լիգայում: Մենք գտնում ենք, որ սա ձախողված խնդիր է: Չունենք երիտասարդական առաջնություն, որտեղ 10 ակումբ կա: Այնտեղ վեց ակումբ է եւ խաղում են բարձրագույն լիգայի դուստր թիմերը: 12 ակումբ չունենք բարձրագույն խմբում: Կարծում եմ, կարելի է փաստել, որ հաջորդ տարի իրավիճակը ավելի վատ է լինելու, որովհետեւ որոշ թիմեր էլ գնում են իրենց գոյությունը դադարեցնելու: Ու այս ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվում: Մի խոսքով, պետք է ավելացնել ակումբների քանակը եւ աշխարհագրությունը, ինչը ֆեդերացիայի գործն է, բայց որը չի արվում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այս ամենը իմանալով՝ ֆեդերացիան Եվրոպայի առաջնությունում ինչ-որ արդյունքներ արձանագրելու խոստումներ է տալիս, դա միանշանակ պոպուլիզմ է:
Ես, իհարկե, որպես երկրպագու հավատում եմ, որ ցանկացած իրավիճակում Հայաստանի ազգային հավաքականը լավ մթնոլորտի, ամբողջական կազմով լինելու եւ առավելագույն ջանքերի պարագայում կարող է գոնե Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ հասնել, բայց այն, որ հիմա ֆեդերացիան ակումբների վրա է բարդում մինչեւ 17, մինչեւ 19 տարեկանների եւ երիտասարդական հավաքականների արդյունքները, սակայն իր ռազմավարության մեջ նախատեսել էր նրանց դուրս գալը Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, դա նշանակում է, որ կամ ֆեդերացիան իր առաջ դնում է նպատակներ, որոնց հասնելու համար չունի գործիքներ, լծակներ, կամ ֆեդերացիան չի հասնում իր առջեւ դրած նպատակներին եւ մեղքը բարդում է ակումբների վրա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ