«ԵՄ- ՀՀ հարաբերությունների զարգացումը վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում եղել է ինտենսիվ ու գոհացուցիչ»,- «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ժամանակ հայտարարեց Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։
Ամենայն հարգանքով և գնահատելով իշխանության ջանքերը՝ ըստ նրա պետք է նաև նշել, որ ԵՄ-ն արցախյան դեպքերի հետ կապված ուներ որոշակի մեղքի զգացում, և այդ պատճառով է, որ ավելի մեծ են ջանքերը և փորձում են հնարավորինս հաստատուն կանգնել ՀՀ-ի կողքին՝ ցուցաբերելով աջակցություն տարբեր ճակատներում։
Լուսինե Հակոբյանն ասաց, որ շարունակելու են 2025-ին ևս իրենց ուշադրության կենտրոնում պահել ներպետական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը․ «Այդ մասին շեշտադրում էինք նաև մեր Եվրաքվե նախաձեռնության շրջանակում։ ԵՄ անդամակցության մտադրության հռչակումը նաև խթան կլինի ներպետական բարեփոխումներն էլ ավելի արագացնելու համար»։ Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ եթե պետք է հայտ ներկայացնել ԵՄ անդամակցության կամ անգամ ինտենսիվ բարեփոխումների համար, ապա առնվազն միջգերատեսչական հանձնաժողովը պետք է ավելի ինտենսիվ հանդիպի ու քննարկի բարեփոխումների ընթացքը։
Անդրադառնալով իր դեմ հնչած քննադատություններին ի պատասխան ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի այն պնդմանը, թե CEPA-ն ուժի մեջ է մտել 2021-ի մարտին, Լուսինե Հակոբյանն ասաց․ «CEPA-ն պայմանականորեն ուժի մեջ է մտել 2018-ի կեսերից, դրանից հետո էլ հենց կառավարությունը ձեռնամուխ էր եղել ճանապարհային քարտեզի ստեղծմանը, որը ստեղծվեց 2019-ից։ Առնվազն այն դրույթները, որոնց շուրջ կա մեծ քննադատություն, դրանք 2018-ի կեսերից էլ ուժի մեջ էին մտել․ մասնավորապես դատաիրավական բարեփոխումներն էին։
Կարդացեք նաև
Մշակվեց դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն, դա 2022-ին վերանայվեց առանց գնահատման, խնդիրների պատճառները չվերլուծվեցին, նոր ռազմավարություն մշակվեց, էլ չեմ խոսում՝ հինգ նախարարի փոփոխության մասին։ էս ամենով հնարավոր չի իրականացնել։ Սակայն CEPA-ի իրականացումը միայն իշխանության պարտականությունը չէ․ նաև ԵՄ պարտականությունն է։ Այդ գործոնի արդյունավետ իրականացումը նաև կառավարության վերահսկողությունն է պահանջում։ Դրանք այն ծրագրերն են, որոնք ԵՄ-ն իրականացնում է CEPA-ի իրականացմանը ՀՀ իշխանությանը օժանդակելու համար։ Մեր մոնիտորինգային ջանքերը ցույց են տալիս, որ այդ ծրագրերն արդյունավետ չեն իրագործվում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ