Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մելիքբեկյան. «Ազգային հավաքականում 26-29 տարեկան ֆուտբոլիստների քանակով մեր ցուցանիշը աշխարհում վատագույնների եռյակում է եւ այս ցուցանիշով զիջում ենք միայն Սամոային»

Դեկտեմբեր 18,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՖՖ 25-րդ հերթական ժողովում 2023/2024 թթ. գործունեության հաշվետվության ընթացքում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը անդրադարձավ նաեւ հավաքականներին: «Սպասելի եւ կարեւոր հատվածը հավաքականներն են: Այստեղ պետք է վերլուծություններ ներկայացնեմ եւ պատճառների մասին խոսեմ: Սովորաբար, շատ են խոսում, օրինակ, կանանց հավաքականների պարտությունների մասին, տարբեր կոնտեքստներում պարբերաբար ֆուտզալին են անդրադառնում: Այսօր դրանից չեմ խոսի, որովհետեւ այստեղ որոշակի հաջողություններ կան, իսկ ես գիտեմ, որ ընդդիմախոսները չեն սիրում հաջողությունների դեպքում խոսել: Կանանց հավաքականը այս տարի երկու անընդմեջ հաղթանակ տարավ, ինչը շատ երկար ժամանակ չէր եղել եւ 3-րդ զամբյուղ բարձրացավ, իսկ ֆուտզալի հավաքականը երեք հանդիպում է անցկացրել եւ երեքն էլ հաղթել է:

Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների  ելույթներն առաջացրել են ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներից շատերի դժգոհությունը: Ես կարծում եմ՝ դա իրավացի գնահատական է: Պատճառները տարբեր են, բայց արդյունքը գոհացուցիչ չէ նաեւ մեզ համար:

Ազգային հավաքականի առջեւ անցյալ տարի այս ամբիոնից խնդիր էր դրվել՝ զբաղեցնել 1-ին տեղը Ազգերի լիգայի «C» լիգայի մեր խմբում եւ «B» լիգայի ուղեգիր նվաճել: Վերջինի համար պայքարը դեռ շարունակվում է: Մենք փլեյ օֆֆում ենք խաղալու: Սակայն առաջին տեղն զբաղեցնել չհաջողվեց: Եվ դա պարզ դառնալու հետ մեկտեղ մենք հրաժեշտ տվեցինք ազգային հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովին: Նրան շնորհակալություն եմ հայտնում կատարած աշխատանքի եւ այդ ընթացքում դրական տեղաշարժերի, մասնավորապես, հավաքականում մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներ ներգրավելու, որոշ դրական, հիշարժան հանդիպումների համար: Ցավոք, ավելին չստացվեց:

Ես ազգային հավաքականի օրինակով ցանկանում եմ անդրադառնալ նաեւ երիտասարդական հավաքականի անհաջող մրցելույթների որոշ պատճառներին: Վերջին օրերին շվեյցարական վերլուծական կենտրոններից մեկը բոլոր հավաքականների վերաբերյալ հետազոտություն էր հրապարակել, համաձայն որի Հայաստանի հավաքականում մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների քանակը կազմում է 19,1 %, 22-25 տարեկան ֆուտբոլիստներինը՝ 35,9 %,  26-29 տարեկաններինը՝ 6,8 %, իսկ 30-ն անց ֆուտբոլիստների քանակը՝ 38,2 %: Այս վերջին ցուցանիշով՝ վետերան ֆուտբոլիստների քանակով, մենք Եվրոպայում առաջատարներից ենք, ինչպես նաեւ առաջատարներից ենք մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների քանակով:

Ըստ մասնագետների, սրանք դրական միտումներ չեն: Մինչդեռ, 26-29 տարեկան ֆուտբոլիստների քանակով մեր ցուցանիշը աշխարհում վատագույնների եռյակում է: Այս ցուցանիշով մենք զիջում ենք միայն Սամոային: Այսինքն, այն հիմնական տարիքը՝ 26-29 տարեկան ֆուտբոլիստների, որը պետք է կազմի յուրաքանչյուր թիմի եւ հավաքականի կորիզը, մեզ մոտ բացակայում է, ինչը մասնագետների պնդմամբ լավագույն կարիերայի տարիքն է: Վրաստանի հավաքականում, որի հետ մեզ շատ սիրում են համեմատել, այս տարիքի ֆուտբոլիստները կազմում են հիմնական կորիզը՝ 35 %-ից ավելի:

Արդյո՞ք Հայաստանի հավաքականի մարզիչները վերջին տարիներին ունեցել են 1994/98 թվականին ծնված բարձրակարգ ֆուտբոլիստներ եւ չեն ընդգրկել նրանց հավաքականում: Իհարկե՝ չեն ունեցել: Նրանք ստիպված են եղել այդ «կորուսյալ սերնդի» պակասը լրացնելու համար շատ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ ընդգրկել ազգային հավաքականում: Այսպիսի լրացումով, օրինակ, զբաղվել է Ալեքսանդր Պետրակովը:

Երբ հիմա մենք ասում ենք՝ երիտասարդական հավաքականի ձախողել է ընտրական փուլը, պարտավոր ենք ընդգծել, որ երիտասարդականի մի շարք ֆուտբոլիստներ այդ փուլի ընթացքում կամ արդեն սկզբից սկսել են խաղալ ազգային հավաքականում, կամ ընտրական փուլի ընթացքում են տեղափոխվել ազգային հավաքական: Օրինակ, Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Հրանտ Լեոն Ռանոսը, Արթուր Սերոբյանը, Սերգեյ Մուրադյանը, Էրիկ Սիմոնյանը, Գոռ Մանվելյանը: Եթե այս ֆուտբոլիստները ընտրական փուլի ամբողջ ընթացքում հանդես գային երիտասարդական հավաքականում, արդյունքներն առնվազն կտարբերվեին ներկայիս ցուցանիշներից»,-ասաց Արմեն Մելիքբեկյանը:

Ֆեդերացիայի նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մարզչի անվան հետ կապված հարցին: «Չեմ թաքցնի, որ հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձերի եւ կազմակերպությունների հետ: Ուզում ենք այս անգամ հրավիրել ոչ միայն ազգային հավաքականի մարզիչ, այլ նաեւ մեր ֆուտբոլում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գլոբալ ծրագիր իրականացնել, որը միտված է լինելու հայկական ֆուտբոլի որոշակի վերագործարկմանը: Սա կարեւոր քայլ կլինի, եթե մենք կարողանանք բերել այդ կազմակերպությանը Հայաստան: Հույս ունեմ, որ հունվար ամսվա ընթացքում այդ աշխատանքները կավարտենք: Եթե չստացվի, ունենք նաեւ «B» եւ  «C» ծրագրեր: Բայց հույս ունեմ, որ հունվարի վերջին մենք կներկայացնենք թե նոր մարզչին, թե այդ նոր կազմավարությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031