Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ նախագահը խոսեց ենթակառուցվածքները զարգացնելու եւ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու անհրաժեշտության մասին

Դեկտեմբեր 18,2024 20:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի ունեցած ՀՖՖ 25-րդ հերթական ժողովում ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների եվրոպական տարածաշրջանի համակարգող Մարկո Ֆերիի, ՈՒԵՖԱ-ի «Հեթ Թրիկ» ծրագրի  պատասխանատու Դենիս Բաստոնեի ողջույնի խոսքերից եւ արարողակարգային մի քանի հարցեր լուծելուց հետո 2023-2024 թվականների ՀՖՖ գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Նա ասաց, որ այս անգամ մի փոքր երկար եւ մի փոքր այլ ֆորմատով է  խոսելու, քանի որ դրա պատճառները կան, իսկ իր ելույթը  բաղկացած կլինի երկու մասից. «չոր հաշվետվություն» եւ առկա խնդիրներ ու ընկալումներ, ապագա անելիքները ֆեդերացիայի համար կարեւորագույն 2025 թվականին:

Սկսելով ենթակառուցվածքներից՝ նա նշեց, որ ֆեդերացիան այս առումով բավականին մեծ աշխատանք է կատարում: «Այս տարի մենք նույնպես մեծ ուշադրություն ենք դարձրել ենթակառուցվածքների զարգացմանը եւ ինչպես մեր ռազմավարությունը, մարտավարությունն է, մենք դա անում ենք հիմնականում մարզերում: Ուզում եմ նշել նաեւ, որ այս տարի գրանցվել է դրական տեղաշարժ եւ դրան լծվել են նաեւ ակումբները»,-ասաց Մելիքբեկյանը: Նա կարեւորեց մարզերում խոտածածկով եւ արհեստական ծածկով դաշտերի, ինչպես նաեւ փոքր դաշտերի կառուցումը եւ արձանագրեց, որ ներկայումս Հայաստանում կա 129 փոքր դաշտ:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնություններին՝ ՀՖՖ նախագահը խոսեց ոչ միայն բարձրագույն խմբի, այլեւ մանկապատանեկան առաջնությունների մասին: «Մենք շատ հաճախ լսում ենք մանկապատանեկան ֆուտբոլի մասին զրույցները, բայց իրականում նրանք, ովքեր մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնում են մարզերում եւ շահառուներն են, նրանց ձայնը լսելի չէ ոչ մեր կողմից, որովհետեւ մենք մշտապես քննարկումներ ենք անում»,-ասաց  բանախոսը եւ բերեց  այս ոլորտում աճող վիճակագրական տվյալներ:

Անդրադառնալով պրոֆեսիոնալ ֆուտբոլին՝ Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ մեր պրեմիեր լիգայի լավ կողմերը տեսանելի են, սակայն ցանկանում է անդրադառնալ դժգոհություններին, որոնք հիմնականում վերաբերում են կանոնակարգին, խաղացանկին, մրցավարությանը, ինչպես նաեւ  ՀՖՖ-ի կողմից որոշ թիմերի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքին մասին խոսակցություններին:

«Կանոնակարգի եւ խաղացանկի վերաբերյալ ամեն տարի խոսում ենք: Ես շարունակելու եմ նույնը պնդել, որ ակումբները պետք է պայմանավորվեն եւ ստեղծեն պրոֆեսիոնալ լիգա: Դա նաեւ մեր նպատակն է: Մենք մեզնից կախված ամեն ինչ արել եք, նույնը կրկնում եմ ամեն տարի եւ չեմ հոգնելու կրկնել: Այն բանից հետո, երբ պրոֆեսիոնալ լիգան կստեղծվի, ակումբներն իրենք կկազմեն եւ կանոնակարգերը եւ խաղացանկը եւ մարքեթինգային իրավունքները կբաշխեն: ՀՖՖ-ն ակումբներին է փոխանցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ պատրաստ է համաձայնագիր ստորագրել պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման մասին հենց հիմա: Ակումբները ուղղակի չեն կարողանում միմյանց հետ պայմանավորվել:

Մրցավարության թեման հավերժ է լինելու, քանի ֆուտբոլում պարտվողներ կան: Դա չի նշանակում, որ մենք վատ մրցավարներ ունենք: Կան նաեւ հակառակ փաստեր: Այս պահի դրությամբ Հայաստանն իր պատմության մեջ միջազգային ասպարեզում մրցավարների ամենամեծ քանակն ունի: Սխալներ իհարկե լինում են, սակայն մեր խնդիրն է միայն ապահովել, որպեսզի դրանք չլինեն միտումնավոր»:

Կողմնապահության մասով Արմեն Մելիքբեկյանը թվարկեց դրանք հերքող մի քանի փաստեր: Օրինակ, որ իր ընտրվելուց՝ 2019-ից հետո Հայաստանի չեմպիոն դարձել են տարբեր ակումբներ, ինչպես նաեւ այն, որ ՈՒԵՖԱ-ի կողմից ֆեդերացիաների միջոցով ակումբներին տրվող համերաշխության վճարները բաշխվում են ոչ թե հավասար, այլ  համաչափորեն: Սակայն ըստ ՀՖՖ նախագահի, ստացվում է, որ իրենց կողմնապահության մեջ մեղադրողները ՈՒԵՖԱ-ից ՀՖՖ-ի միջոցով ամենաշատ գումարներն են ստանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031