«Պարոն Ավինյանը այս ընթացքում, ինչ քաղաքապետ է եղել, իր համար առել է մի հատ Մերսեդես դասի էլեկտրական մեքենա՝ ընդամենը 32 մլն 987 հազարով, այսինքն՝ 85 հազար դոլարով։ Ընենց հետաքրքիր է՝ պարոն Ավինյան, դուք ձեր գումարներով երբեւիցե կառնեի՞ք այդպիսի մեքենա»,- Factor TV-ի ուղիղ եթերում բանավեճի ժամանակ ասաց «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա նաեւ ասաց, որ ընդամենը մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը մեկնել էր Լոս Անջելես։ «Գնացել էին 9 հոգով, մենակ պարոն Ավինյանը իր բիզնես կլասի տոմսի համար ծախսել է 7 մլն 650 հազար դրամ։ Գիտե՞ք ինչի համար, որ հարմարավետ թռնի, հասնի Լոս Անջելես։ Գույքահարկ են թանկանում, ես հաշվել եմ, 43 շենքի բնակիչ իրենց այս տարվա գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես հարմար նստարանին։ Դա 1548 ընտանիք է, դա 6000 մարդ է, դուք այս տարի տվել եք ձեր գույքահարկը, որպեսզի այս մարդը թռնի Լոս Անջելես։ Հարց եմ տալիս ձեզ, պարոն Ավինյան, մինչեւ ձեր պաշտոնավարումը, դուք երբեւիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ եք»,- ասաց Հայկ Մարությանը։
Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց․ «Պարոն Մարության, ես հիշեցի, որ դուք քաղաքապետի ավտոմեքենան վաճառել էիք 2019, թե 2020 թվականին, եւ մենք ամբողջ հայությամբ դրա մասին գիտեինք։ Բայց երբ որ կա այդ անձնական PR-ի հատվածը, միշտ կարելի է ներկայացնել՝ տեսեք, ես ինչ լավն եմ, ավտո ինձ չի սպասարկում։ Ես 2,5 տարի իմ ավտոմեքենայով եմ աշխատանքի գնացել, ինքս վարել եմ, գնացել եմ բոլոր տեղերը շրջայցերի, մարդկանց հետ շփվել եմ, ոչ մեկի մոտ չեմ խոսել այս մասին։ Այն ժամանակ բոլորս գիտեինք, որ դուք այդ ավտոն վաճառել եք, այ ապրեք դուք, բայց բոլորս չգիտեինք, որ հարյուրավոր ավտոներ տարեկան 400 մլն դրամով սպասարկումով շարունակել եք պահել, որոնք մենք հիմա բոլորը կրճատում ենք, փոխարինում ենք 42 էլեկտրական ավտոմեքենայով»։
«Դուք 7 մլն 650 հազար դրամով նստում եք ինքնաթիռ եւ թռնում Լոս Անջելես»,- կրկնեց Հայկ Մարությանը։
Կարդացեք նաև
«Սիրելի երեւանցիներ, Երեւանի քաղաքապետարանը խնայում է, որովհետեւ Երեւանի քաղաքապետը սեփական PR-ի վրա չի կենտրոնացած»,- արձագանքեց Ավինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ