Վերջերս Փարիզի Պոմպիդու կենտրոնում կայացել է Երվանդ Քոչարին ու Սերգեյ Փարաջանովին նվիրված մեծարման երեկո: Քոչարի՝ 1926թ. ստեղծված «Արևելուհիներ» կտավը եւ 1934թ. ստեղծված տարածական նկարչության մեկ օրինակ ընդգրկվել են Պոմպիդու կենտրոնի մշտական ցուցադրությունում:
Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ վաղուց էինք փորձում Պոմպիդու կենտրոնի հետ կապեր հաստատել, որոշակի համագործակցություն արդեն իսկ ունեին, սակայն, ամեն ինչ ավելի առարկայական դարձավ, երբ 2024թ հունվարի սկզբներին Քոչարի թանգարան այցելեց Ֆրանսիայում Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Կարինե Քոչարը նշեց, որ Հասմիկ Տոլմաջյանի հետ ծանոթացել էր ընդունելության ժամանակ, երբ այդ օրերին Երևանում էր գտնվում Ֆրանսիայի մշակույթի նախարարը: «Քոչարի թանգարան այցելելուց հետո տիկին Հասմիկը միանգամից հասկացավ Քոչարի մեծությունն ու նշանակությունը, մերօրյա արդիականությունը եւ անսահման ոգեւորված եւ պատրաստակամորեն առաջարկեց իր միջամտությունը՝ Քոչարի հոբելյանական տարին Փարիզում ավելի նշանակալի դարձնելու համար»,-նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Կարինե Քոչարը հավելեց, որ Հասմիկ Տոլմաջյանը նախատեսված հանդիպում ուներ Պոմպիդու կենտրոնում եւ ցանկություն էր հայտնել Քոչարին ներկայացնել կենտրոնի նախագահին եւ տնօրենին, իսկ թանգարանից խնդրել էր նորատիպ ալբոմներ՝ Պոմպիդուում ներկայացնելու համար: Քոչարին նվիրված ալբոմներից մեկի առաջաբանի հեղինակը ֆրանսիացի հանրահայտ արվեստի պատմաբան էր, որն էլ իր կողմից էր խնդրել ալբոմի մի քանի օրինակ ուղարկել ժամանակակից արվեստի թանգարանի կուրատորներից մեկին:
«Ես հեռախոսազանգ ստացա, որ անչափ տպավորված է եղել Պոմպիդու կենտրոնի նախագահը, անսահման ուրախ է նման հանճարեղ արվեստագետին հայտնաբերելու համար եւ ցավում է, որ մինչ այսօր ծանոթ չի եղել Քոչարի ստեղծագործությանը: Նա ասել էր, որ հնարավորը պետք է անել՝ ինչ-որ ձեւով Քոչարի հոբելյանը տարվա ընթացքում նշելու համար: Եվ քանի որ տիկին Հասմիկը կազմակերպչական մի քանի այցեր պետք է ունենար՝ Փարաջանովի երեկոն կազմակերպելու համար, տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ հանգեցին այդ համաձայնությանը, որ նոյեմբերի 27-ի երեկոն նվիրվում է նաեւ Երվանդ Քոչարին: Անասելի էր մեր ուրախությունը, երբ ստացանք հրավերը Պոմպիդու կենտրոնից, որ ուրախ կլինեն հյուրընկալել Քոչարի հարազատներին:
Տիկին Հասմիկը նաեւ ստացել էր համաձայնությունը, որ Պոմպիդու կենտրոնի նախագահը պետք է այցելի Երևան՝ ԿԳՄՍ նախարարի անձնական հրավերով: Շատ մեծ էր իմ ոգեւորությունը եւ հպարտության զգացողությունը, որ դահլիճում երեկոյի ընթացքում, երբ ներկայացվում էր Փարաջանովի եւ Քոչարի արվեստը, Պոմպիդուի նախագահի կողմից հնչեցին երախտագիտության խոսքերը, որ երեկոն կազմակերպվել է տիկին Հասմիկի աջակցության ու մեծ հետեւողականության շնորհիվ: Սա պետական աջակցության այն արտահայտումն էր, որի կարիքը թանգարանն ունի երկար տարիներ:
Նշեմ նաեւ, որ դեկտեմբերի սկզբից Քոչարի գործերն արդեն տեղ են գրավել Պոմպիդու կենտրոնի ցուցադրությունում: Դեկտեմբերի 3-ին նաեւ տեղի ունեցավ միջոցառում, երբ Պոմպիդու կենտրոնը ներկայացնում էր տարվա ձեռքբերումները, եւ դրան նվիրված երեկոյի ընթացքում իրականացավ նաեւ Քոչարին ուղղված հարգանքի տուրքը: Ու Քոչարի գործերն ընդգրկվեցին Պոմպիդուի մշտական ցուցադրությունում:
Մենք ունենք համագործակցության տարբեր առաջարկներ, որոնք նախագծման ընթացքում են, նաեւ շատ մեծ հույս ունենք, որ որոշակի իրադարձություններ դեռ մեզ սպասվում են»,- նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Կարինե Քոչարի եւ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջերից: