Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց», «Հայկ Մարությանը մոլորեցնում է հանրությանը»․ բանավեճ՝ Տիգրան Ավինյանի եւ Հայկ Մարությանի միջեւ

Դեկտեմբեր 18,2024 19:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամով ունենալ որակյալ, լավագույն քաղաքների մակարդակի տրանսպորտային համակարգ։ Այսօր իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր է անել, որովհետեւ իրենք չեն կարողանում ճիշտ կառավարել»,- այս մասին Factor TV-ի ուղիղ եթերում բանավեճի ժամանակ ասաց «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի սակագնի թանկացմանը։

Նա հավելեց, որ քաղաքային իշխանությունները ձախողել են նաեւ «կարմիր գծերի բարեփոխումը»։ «Իրենք ասում էին, որ դա կտա լավ էֆեկտ, դա այն էր, որ կենտրոնում մեքենաների հոսքը պետք է քչանար։ Մենք բազմիցս ասել էինք, որ այդպես չի լինի, մենք հաշվարկներով ցույց տվեցինք, որ դա չի աշխատի, եւ ոչ ոք չլսեց, իրենք դա արեցին, եւ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում քաղաքում։ Տարեկան 12 հազարը դարձավ 160 հազար, բայց դրանից խցանումները չքչացան, ավելին, խցանումներն ավելացել են։ Ասեմ ավելին, մեքենաներն այսօր կանգնում են մարդկանց բակերում, Կենտրոնի բնակիչներն ուղղակի ցայտնոտի մեջ են, կոլապս է բակերում։ Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ գործող իշխանությունը չգիտի ինչ է անում, իր որոշումները կայացնում է առանց հաշվարկի։ Իրենց գլխավոր նպատակն է ուղղակի գումար կորզել քաղաքացիներից»,- ասաց Մարությանը։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ մեջբերեց, որ Հայկ Մարությանը նախկինում ասել է, որ  «․․․2013 թվականից 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացրել է, բացի տրանսպորտի գնից։ Սա զարմանալի է, այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝  մի թանկացրեք, այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում դա արդեն օբյեկտիվ չէ․․․»։

«Այս դեբատը հրահրելու իմ միակ նպատակն ու պատճառաբանությունը եղել է այն, որ քաղաքացիներն սկսել էին ինձ փողոցում սկսել էին մոտենալ ու հարցնել՝ ինչո՞ւ եք տրանսպորտը դարձնում 300 դրամ։ Այն, ինչ պարոն Մարությանը եւ շատ մեր ընդդիմադիր գործընկերներ ձեզ տարբեր հարթակներից հրամցրել են։ Ես ուզում եմ հստակ տեղեկացնել, որ սա սուտ է, սա մոլորեցում է եւ սա իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ավինյանը։

Հայկ Մարությանը հակադարձեց․ «Պարոն Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասեց։ Այսինքն՝ իրենք մոնտաժի արքաներն են։ Ես բերել եմ հատուկ այդ տեսանյութը, կարող եմ միացնել»։ Հայկ Մարությանը միացրեց ձայնագրություն եւ ասաց, որ ինքն ասել է, որ պետք է բյուջեից սուբսիդավորել տրանսպորտի սակագինը, ոչ թե թանկացնել։ «Ես ասել եմ, որ ինքնարժեքը բնականաբար թանկանալու է, բայց մենք հանրաքվեի միջոցով պետք է մարդկանց հարցնենք՝ նրանք ուզում են թանկանա, թե ոչ»,- հավելեց Մարությանը։

«Պարոն Մարությանը դիմել է քաղաքական գործչի վերջին հանգրվանին՝ մարդկանց սուտ հրամցնելուն, մարդկանց հրամցնում է, որ Երեւանում հանրային տրանսպորտը դառնում է 300 դրամ։ Դուք տասնյակ հազարավոր մարդկանց փողոցում սա եք ասել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Հայկ Մարությանը դարձյալ տեսանյութ միացրեց եւ ասաց․ «Հենց նոր սուտը բռնվեց, ՔՊ-ն՝ ի դեմս պարոն Ավինյանի, 100 տոկոսանոց սուտ է խոսում»։

Տիգրան Ավինյանն ընդհատեց Հայկ Մարությանին։ «Սա ավագանու նիստը չէ, որ միկրոֆոնը անջատեք»,- ասաց Հայկ Մարությանը։

«Մենք մարդկանց ասել ենք՝ ժողովուրդ ջան, այսպես է, կամ մեկ տոմսը գնում եք 300 դրամով, կամ ամսականը 9000-ով, կամ տարեկանը 90 հազարով։ Պարոն Ավինյան, դուք թերագնահատում եք մարդկանց, մարդիկ կարդալ գիտեն։ Դուք անընդհատ սուտ եք խոսում, ձեզ հավատում են, գիտեք, թե այդպես է»,- ասաց Հայկ Մարությանը։

Տիգրան Ավինյանը հավելեց, որ հատուկ խմբերի համար տրանսպորտի սակագնի զեղչեր են գործելու։ Թոշակառուների համար գործելու է 30 տոկոս զեղչ, նպաստառուների համար՝ 20 տոկոս, 8-18 տարեկան երեխաների համար՝ 20 տոկոս, ուսանողների համար՝ 15 տոկոս զեղչ։ Եվ կան խմբեր, որոնք առհասարակ ազատվելու են տրանսպորտի սակագին վճարելուց։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031