«90 րոպեանոց տոմսի վրա զեղչը չի ազդում, այս մարդը ինչ ասում է, սուտ է։ Այս մարդը չի տարբերում արդեն թացը չորից։ Պարոն Ավինյան, խնդրում եմ, իրականությունը ֆանտազիաներից տարբերեք։ Մեկ օրանոց տոմսի վրա զեղչերը չեն ազդելու, 7 օրանոց փաթեթի վրա չեն ազդելու եւ սկսում են ազդել միայն 10 անգամանոց տոմսերի վրա»,- Factor TV-ի ուղիղ եթերում հանրային տրանսպորտի թանկացման հարցի շուրջ բանավեճի ժամանակ ասաց «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Ես ապշում եմ ուղղակի, այս տաղավարում պարոն Մարությանն այնքան փնթի ձեւով է թվերի հետ վարվում։ Իրականությանը չհամապատասխանող բաներ եք բարձրաձայնում, որոնք որպես փաստարկ եք ներկայացնում, որ մեզ ինչ-որ բանում մեղադրեք։ Ես կրկնեմ՝ տրանսպորտային ցանցկի ռեֆորմի ավատից հետո մենք ունենալու ենք բարվոք, լավ տրանսպորտային ցանց։ Ի դեպ, 171 նոր ավտոբուսներ են մտնում հունվարի մեկից, էականորեն ծանրաբեռնվածության խնդիր ենք լուծում։ Մեր նոր ցանցում տեղափոխվող մարդկանց քանակն էականորեն ավելանալու է, եւ, այո, շատ մարդիկ են օգտվելու ամսական տոմսային պրոդուկտներից եւ իրենց համար էապես էժան է լինելու»,- ասաց Ավինյանը։
Նա հավելեց․ «Սիրելի երեւանցիներ, պարոն Մարությանը նախկինում այս թեմաներով ասել է 180 աստիճան հակառակը եւ այսօր խաղում է մի նոր խաղ։ Չգիտեմ՝ ինչ պլաններ ունի պարոն Մարությանը, բայց իմ խնդիրն է, որ դուք որեւէ կասկած չունենաք, որ Երեւանի քաղաքապետարանն ամեն ջանք ներդնում է, որ տրանսպորտային համակարգը բերի ամենապատշաճ մակարդակի՝ նվազագույն գնի փոփոխությամբ»։
Կարդացեք նաև
Հայկ Մարությանը հարցրեց Տիգրան Ավինյանին, թե սակագնի թանկացման արդյունքում ինչքա՞ն ավել գումար են հավաքագրելու քաղաքային իշխանությունները։ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ հավաքագրելու են 17-17,5 մլրդ դրամ, մոտ 5 մլրդ դրամով ավելի, քան այսօր։
«Այսինքն՝ պարոն Ավինյանը նոր ասաց, որ իրենց պետք է 5 մլրդ դրամ ավել հավաքել այսինքն՝ մարդկանցից 5 մլրդ պետք է քերել։ Իրենց պետք է 5 մլրդ դրամ հավաքել, բաժանել են ուղեւորահոսքի վրա, ստացել են այդ գումարը»,- արձագանքեց Հայկ Մարությանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ