Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի դպրոցների անբարեկարգ վիճակի ու սննդի բացակայությանը զուգահեռ՝ քաղաքապետարանի չարաշահումները գերազանցում են 50 մլն դոլարը. Պեդրո Զարոկյան

Դեկտեմբեր 18,2024 18:06

Դեռևս 2021թ. ՀՀ կառավարությունը որոշել էր, որ մինչև 2026թ. պետք է 300 դպրոց կառուցի, հիմնանորոգի կամ վերակառուցի, սակայն կառուցվել, հիմնանորոգվել, վերակառուցվել է 37 դպրոց, որից 13-ը՝ Երևան քաղաքում:

Պեդրո Զարոկյան

«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի համաձայն՝ Երևան քաղաքում ներկայում առկա է 13 կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման ենթակա դպրոց, սակայն Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի խոսքով՝ Երևանում 149 դպրոց հիմնանորոգման անհրաժեշտություն ունի:

Երևանի կենտրոնում գտնվող Լևոն Շանթի անվան h.4 հիմնական դպրոցը, մեղմ ասած, անբարեկարգ վիճակում է, սակայն ներառված չէ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում: Լևոն Շանթի անվան հիմնական դպրոցում սովորում է շուրջ 389 աշակերտ:

 

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել են, որ դպրոցների ցանկը, այդ թվում՝ Երևան քաղաքի, պարբերաբար թարմացվում է՝ ելնելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի դպրոցաշինության հետ կապված հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներից:

Իսկ Երևանի քաղաքապետարանից էլ պատասխանել են, որ «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրով այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրերով դպրոցաշինական աշխատանքներ նախատեսված չեն»:

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանն ընդգծում է, որ դպրոցների հիմնանորոգմանը զուգահեռ՝ նաև խիստ կարևոր է դպրոցներում անապահով ընտանիքների երեխաներին սննդով ապահովելու հարցը լուծել. «Օրինակ՝ ԱՄՆ դպրոցներում անապահով ընտանիքների երեխաներին տրվում է անվճար սնունդ, իսկ այն ընտանիքները, որոնք անապահով չեն՝ իրենք են գնում դպրոցական սննդի կտրոնները, որոնք մեծ գումար չեն կազմում»:

ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ Երևանի 254 դպրոցներում սովորում է 145045 աշակերտ. «Ինչ վերաբերում է Երևանի դպրոցներում աշակերտներին սննդով ապահովելու հարցին՝ ապա ք. Երևանը դեռ համապատասխան ծրագրում ընդգրկված չէ: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-հավելել են նախարարությունից:

Պեդրո Զարոկյանն էլ շեշտում է՝ Երևանի քաղաքապետարանը 300 դրամով կարող է մեկ աշակերտին տրամադրել մեկ բաժակ կաթ և 150 գրամ միս՝ հացով, որպեսզի երեխաները սպիտակուցի պակաս չունենան, իսկ գումարը, ըստ Զարոկյանի, մեծ չի լինի Երևանի քաղաքապետարանի բյուջեի համար՝ հաշվի առնելով և դպրոցական օրերի քանակը, և տարբեր ուղղություններով քաղաքապետարանի կատարած ճոխ ծախսերը: Նրա խոսքով՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության հաշվարկով՝ ավելի քան 50 մլն դոլարի չարաշահումներ կան Երևանի քաղաքապետարանում:

«Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ծառերի գնման համար այնպիսի տեխբնութագրեր են գրում, որ բացառեն Հայաստանից գնելն ու արտերկրից ներմուծեն: Օրինակ՝ ծառի համար այնպիսի հաստություն են գրում, որ այստեղի տնկիները չունեն, մինչդեռ հենց բարակ տնկիներն են ձեռնտու, որպեսզի հեշտ կպնեն: Հիմա տեսնում ենք, որ Մաշտոցի պողոտայում տնկված սոսիների մեծ մասը չորանում են, իսկ այդ սոսիները գնել էին 155 000 դրամով, սակայն Հայաստանում կարող են ծառեր ձեռք բերել 5000 դրամով: Բազմաթիվ գործեր ենք ուղարկել և Հակակոռուպցիոն կոմիտե, և գլխավոր դատախազություն, սակայն ոչ մի գործ ընթացք չի ստանում»,-ասաց Պեդրո Զարոկյանը:

Խոսելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի չարաշահումներից՝ ավագանու անդամը հավելեց, որ գեոդեզիական սարքի վարձակալության համար ծախսում են տարեկան 5.5մլն դրամ, մինչդեռ կարող են 5.5 մլն դրամով գնել այդ սարքը. «Իսկ իրենք գնելու գնով վարձակալում են ու վարձակալում են ոչ թե ընկերությունից, այլ Տավուշի մարզում բնակվող որևէ անհատից»:

Պեդրո Զարոկյանը հիշատակեց, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի չարաշահումների գործով նույնիսկ քրեական վարույթ կա նախաձեռնված, բայց տնօրենին մեղադրանք չի առաջադրվել. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ազատել էր ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, իսկ ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետ ընդունեց՝ իմանալով, որ կոռուպցիոն գործ կա նրա ղեկավարած կառույցի չարաշահումների փաստերով»:

Անդրադառնալով Երևանի ավտոբուսների գազալցմանը՝ ավագանու անդամն ընդգծեց. «Քաղաքապետարանը Ջրվեժում անհատույց օգտագործման տարածք հատկացրեց «Պարկ գազ» ՍՊԸ-ին և պայմանավորվեց ընկերության հետ, որ գազալցակայան կառուցի ու սեղմված գազ վաճառի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Մենք տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանը սեղմված գազի 1կգ գնում է 325 դրամով, և սա այն դեպքում, երբ սեղմված գազի 1կգ շուկայական գինը 280-300 դրամ է: Ստացվում է ամեն ամիս ավելի քան 18 մլն դրամ գրպանվում է»:

Պեդրո Զարոկյանը պնդում է՝ Երևանի քաղաքապետարանի գնումների գործընթացներին վերաբերող կոռուպցիոն բացահայտումները շատ են. «Առանց բիտում ասֆալտներ են անում, սալիկների համար բավարար ցեմենտ չեն օգտագործում, ցախավելներ են գողանում, իսկ ամենամեծ կոռուպցիան շինարարական թույլտվությունների մեջ է: Մեր հաշվարկով՝ տարեկան 50 մլն դոլարի թալան է գնում քաղաքապետարանում՝ չհաշված շինթույլտվությունները: Իսկ եթե շինթույլտվություններն էլ հաշվենք՝ տարեկան 100մլն դոլարը գերազանցում է»:

Երևանի ավագանու անդամի խոսքով՝ թեպետ իր բացահայտ արտահայտվելու համար փորձում են իրեն լռեցնել, բայց այնուամենայնիվ ինքը շարունակելու է բարձրաձայնել չարաշահումները. «Մի հետաքրքիր դեպք պատահեց՝ մոտ 2 ամիս առաջ Հակակոռուպցիոն կոմիտեից զանգ ստացա՝ ասացին քեզ որպես վկա ենք հրավիրում, ես էլ կարծեցի իմ ուղարկած գործերով են կանչում, ուրախացա, բայց պարզվեց, որ քրեական վարույթ են նախաձեռնել իմ հողատարածքում ինքնակամ կառույց ունենալու գործով: Մինչդեռ մինչև 2025թ. կարող եմ հաշվառել իմ ինքնակամ կառույցներն ու օրինականացնել, և այս տարվա ամռանն արդեն սկսել եմ հաշվառման գործընթացը: Գնացի Հակակոռուպցիոն կոմիտե որպես վկա, պարզվեց գյուղապետին են մեղադրում, որ թույլ է տվել ես ինքնակամ կառույց ունենամ: Իսկ գյուղապետը կարող է ինձ ասել է՝ մի կառուցի, բայց ես իրավունք ունեմ մինչև 2025թ. օրինականացնելու ինքնակամ կառույցները և գործել եմ օրենքի շրջանակում»:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031