«Ուզում եմ հիշենք 2013-ի սեպտեմբերի 3-ի «վթարը», որի հիմնական պատճառաբանությունն այն էր, որ մենք անվտանգային մի համակարգում ենք գտնվում, որ չի կարող տնտեսությունն այլ համակարգում գտնվել։ Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք, որը իր հետ բերեց աղետալի երկու պատերազմներ, էդ ժամանակ հասկացանք, որ մեր պատկերացումներն անվտանգության վերաբերյալ մակերեսային են եղել»,- «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Ըստ նրա՝ այդ ժամանակ մենք մեր տնտեսությունը զոհաբերեցինք գոյություն չունեցող անվտանգությանը․ «Ունենք իրավիճակ, որ տնտեսական այս կարճաժամկետ էֆեկտները, աճը, որը պայմանավորված է հատկապես ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներով, մենք դա գերադասում ենք երկարաժամկետ տնտեսական հիմնարար լուծումներին։ Արդյունքում լրջագույն խնդիր ենք ստեղծում անվտանգային մեր կարողությունների համալրման համար, դրանց տեխնոլոգիական լուծումներն ապահովելու համար։ Մենք այդ հնարավորությունները չենք ստեղծում։ Այն դաշինքը, որում ՀՀ-ն գտնվում է, չի կարող նպաստել, որ մենք ասիմետրիկ լուծումներ փնտրենք ու գտնենք մեր անվտանգության համար։ Սիմետրիկ լուծումներն այլևս կենսունակ չեն ՀՀ-ում։ Մենք ականներով ենք պատել մեր տնտեսությունը։ Ուրեմն կարծում եմ՝ այդ ականները կամ մի օր իրենք իրենց են պայթելու, քանի որ ՌԴ տնտեսությունը չունի երկարաժամկետ պոտենցիալ մեզ համար աճ ապահովելու համար, կամ այդ ականները պայթեցվելու են նրանց կողմից, որոնք ամենևին շահագրգռված չեն ՀՀ տնտեսական զարգացմամբ և միջնորդավորված կամ ուղղակի այս ականների նկատմամբ ունեն հասանելիություն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ