«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիները, պատանդները, Արցախի Հանրապետության նախկին նախագահները, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացիներ են։
Անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպիսի վերաբերմունք ունի նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, ինձ համար ակնհայտ է՝ պահելով Բաքվում ու նման շինծու մեղադրանքներ առաջադրելով՝ Ալիևը նվաստացնում է յուրաքանչյուրիս, Հայաստանի Հանրապետությանը և թքում մեր երեսնամյա պատմության վրա։
Կարդացեք նաև
Եթե նույնիսկ Բաքվում պատանդ պահվող մարդկանցից որոշները «շանորդի» են, այնուամենայնիվ՝ մեր «շանորդիներն» են։
Չգիտակցել այս պարզ իրողությունը, նշանակում է տուրք տալ քաղաքական ժամանակավոր ու փոփոխական կոնյուկտուրային։
Կան հարցեր, որոնց դեպքում ինձ համար իսկապես անհասկանալի է իշխանություն, ընդդիմություն, ռուսամետություն ու արևմտամետություն խաղալը։
Սա, առաջին հերթին, ազգային արժանապատվության հարց է։
Գործող իշխանության շահերից կբխեր, և անգամ դա կարող էր նրանց ունեցած վարկանիշի վրա ունենար դրական ազդեցություն, եթե այս խնդիրը սկզբունքային հարց դառնար Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Սակայն, ի զարմանս ինձ, այս հարցում առավել քան ակնհայտ է իշխանության, մեղմ ասած, զգուշությունն ու անուշադրությունը, որից կարելի է հանգել հետևության, որ վիճակն այն աստիճան ծանր է, որ իշխանությունն ամբողջությամբ լվացել է ձեռքերը։