Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, նա՝ արդարացում

Դեկտեմբեր 18,2024 17:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստինֆո». ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է։ Դատախազությունը պահանջում է բեկանել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին վճիռը և դատապարտել նրան ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպաններն արդարացում են պահանջում։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ բողոքները կքննվեն Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մեսրոպ Մակյանի և Ժենյա Մելիքսեթյանի։

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է եղել 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել էր՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, 2024թ․ սեպտեմբերի 20-ին հրապարակել է Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով վերջինիս մեղսագրվող արարքում և ազատելով քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը ոչ արդարացնող հիմք է համարվում։

Նշենք, որ մեղադրող կողմը պահանջում էր 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել նրան։ Պաշտպանության կողմն ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքին, որ Թովմասյանի նկատմամբ փաստացի հետապնդում է իրականացվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ Թովմասյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ հետապնդումն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով, ինչի նպատակը եղել է իրեն՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական տալը պարտադրելը։
Ի դեպ, Հրայր Թովմասյանի գործով դատավճռի հրապարակումից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջխաղացում է ունեցել՝ նշանակվելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031