«Մեր մտքում և օրակարգերում մենք կտրուկ, ռադիկալ փոփոխություններ անելուց առաջ պետք է վստահ լինենք, որ մեր ներքին ենթակառուցվածքներն ապահովում են այդ փոփոխության հետևանքը»,- «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Այնուհետև փաստեց՝ վերջին 30 տարվա ընթացքում՝ նորագույն պատմության ընթացքում տեղի են ունեցել տնտեսական և լոգիստիկ ադապտացումներ, որոնք հանգեցնում են նրան, որ կտրուկ քայլեր անելուց առաջ պետք է շատ լավ գնահատել, թե մեկ կամ մյուս բաղադրիչը ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Որպես օրինակ՝ ՀՀ փոխվարչապետը նշեց․ «Շատ հաճախ այդ խնդիրները ի հայտ են գալիս նաև էներգառեսուրսների հետ կապված, որովհետև շատ դեպքերում միջազգային շուկաներում կա էներգետիկ ապրանքների մի գին, հետո տեսնում ենք այդ ռիսկերը և իրադրությունը, լոգիստիկ ծախսերը կամ այլ խնդիրներ ուղղակի անհնարին են դարձնում մատակարարումը։ Եթե մենք միասին փորձենք գնահատել գազամատակարարման ենթակառուցվածքը տարածաշրջանում, այստեղ պետք է հաշվի առնենք, որ խնդիրը ոչ միայն ապրանքի գնի կամ լինելիության մեջ է, այլև այդ ապրանքի մատակարարման հնարավորությունների, որոնք շատ դեպքերում ուղղակի ֆիզիկապես սահմանափակ են։ Այդ իմաստով Խաղաղության խաչմերուկը գերկարևոր նշանակություն ունի այդ ռիսկերը չեզոքացնելու և ավելի ադեկվատ տնտեսական և առևտրային հարաբերություններ ձևավորելու համար»։
Մհեր Գրիգորյանը նաև որպես ռիսկ համարեց այն, որ արտաքին առևտրում ունենք ասիմետրիկ վիճակ։
Կարդացեք նաև
Արձագանքելով Մհեր Գրիգորյանի պնդումներին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց․ «Ես չեմ փոխի Մհեր Գրիգորյանի և իշխանության տեսակետը, իրենք էլ՝ իմը։ Տպավորություն է, որ մենք տարբեր բաներից ենք խոսում։ Իշխանությունը խոսում է օրվա խնդիրներից, իսկ այդ առումով պարոն Մհեր Գրիգորյանը պրոֆեսիոնալ է՝ բանկային համակարգի մասնագետ, իսկ բանկերում հետևում են օրվա կուրսին, հետևաբար օրվա խնդիրների առումով ինքը մրցակից չունի։ Ես խոսում եմ ապագայի մասով և կուզեի, որ Մհեր Գրիգորյանը՝ հանձին ՀՀ իշխանության ասի, թե հինգ տարի հետո որտե՞ղ է տեսնում ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշման տեղը՝ ժողովրդավարների՞, թե՞ ոչ ժողովրդավարների հետ, որտեղ է տեսնում ՀՀ զինված ուժերի զարգացման ուղղությունը՝ բլոկայի՞ն, թե՝ ոչ բլոկային։ Եթե մենք զբաղվենք օրվա խնդիրները լուծելով՝ մենք ևս երեսուն և ևս երեք հարյուր տարի նույն խնդիրներն ենք ունենալու։ Ես իմ առաջարկները ռադիկալ չեմ համարում, ռադիկալը պիտակ է, ես ռադիկալ մարդ չեմ, այլ պահպանողական մարդ եմ իմ էությամբ։ Առանց գազի, առանց հացի ժամանակները ես տեսել եմ, դա հաղթահարել ենք, որովհետև նպատակ ենք ունեցել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ