ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«COP 29-ից հետո. ի՞նչն է բորբոքում Ալիևի զայրույթը» վերնագրով իմ հոդվածում մանրամասն շարադրել եմ, թե ինչ հռետորաբանություն ու քաղաքականություն է որդեգրել Ալիևը COP29-ի նախօրեին, ընթացքում և հետո։ Հստակ օրինակներով ցույց եմ տվել, որ մեզ բոլորիս հայտնի հակահայկական քարոզչությունն արդեն ուղեկցվում է Արևմուտքի դեմ ատելության և անհանդուրժողականության քարոզով։
«COP29-ի ողջ ընթացքում՝ առաջ, ընթացքում և հետո, Ադրբեջանի ռեժիմը պահպանեց իր հակաարևմտյան հռետորաբանությունը՝ միաժամանակ մեղադրելով Հայաստանին Արևմուտքի հետ համագործակցության մեջ: Պատերազմի չդադարող քարոզչությունը և անհիմն մեղադրանքները Հայաստանի և ԵՄ անդամ երկրների հասցեին հուշում են, որ Ալիևը փորձում է հասկանալ իրադրությունը՝ հերթական սադրանքի կամ ռազմական գործողության գնալու նպատակով։
Ալիևի հրաժարումը խաղաղության պայմանագիր ստորագրելուց, ադրբեջանական հասարակության ներսում հաշտեցման կամ խաղաղության դիսկուրսի ճնշումը և նախապայմանների թելադրումը հստակ ցույց են տալիս, որ Բաքվի վարչակազմը մշտապես ունենալու է արտաքին թշնամիների կարիք, ինչը ավտորիտար ռեժիմների բնորոշ հատկանիշն է:
Կարդացեք նաև
Այս համատեքստում Ալիևը գնալով ավելի ու ավելի է թիրախավորելու ԵՄ-ին կամ արևմտյան որոշ դերակատարներին ոչ միայն որպես հակառակորդներ, այլ նաև որպես ապագա հնարավոր ագրեսիայի քավության նոխազներ և պատասխանատուներ: Այս աճող սպառնալիքը պահանջում է լուրջ ուշադրություն և կանխարգելիչ գործողություններ, քանի որ ճգնաժամից խուսափելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքների հետ բախվելը»,-նշել եմ հոդվածի ամփոփման մեջ։
Ալիևի՝ ռուսական РИА Новости-ին տված վերջին հարցազրույցը ևս մեկ անգամ փաստում է, որ ես իրավացի եմ իմ դիտարկումներում։