Լրահոս
Օրվա լրահոսը

Տիեզերական Ավետ Տերտերյան. Հանճարեղ կոմպոզիտորի երկրպագուի շնորհիվ կբացվի նրա տուն-թանգարանը

Դեկտեմբեր 18,2024 16:57

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

(Հովհաննես Թումանյան, 1922 թ. )

Հանճարը հանճարի մասին առանց նրան տեսնել-լսելու, իսկ 100 տարի առաջ ավելի դիպուկ կարող է արտահայտվել, քան 100 տարի հետո հանճարի կողքին ապրած մահկանացուներս: Զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս են կարողանում հատուկենտ անհատներ դուրս պրծնել կրթական հարյուրավոր տարիների ավանդվող փորձ ունեցող կրակե դարբնոցներից, որտեղ երկաթը տաք – տաք ծեծելուց հետո, այդքան կռելուց ու կռվելուց, այդ ծանր մուրճերի թեժ ծեծն ու ջարդը ստանալուց հետո, այդ հրե տանջանքը սառեցնել-կաղապարել-կաղապարվելուց անծռելի, անփոխելի- անփոփոխելի կերպ ու ձև տալուց հետո, դեռ հանդգնում են իրենք իրենց ինքնուրույն ձևն ու բովանդակությունը գտնել ու կրթական այդքան ամրացած, կռած-կռված ամրությունից դուրս պրծնել և մի նոր ձև ու կերպ տալ այս աշխարհին էլ, երաժշտությանն էլ, տիեզերքին էլ, կյանքին էլ, ներկային էլ և դեռ նոր եկող գալիքին էլ առատ սնունդ թողնել, քանզի ժամանակը ցույց տվեց, որ Տերտերյանի երաժշտափիլիսոփայությունը կամ փիլիսոփայաերաժշտությունը իր ժամանակից շատ ու շատ առաջ է անցել և գալիքը գուցեև ավելի հարմար միջավայր է լինելու իր հնչողության և հնչեղության համար, քան ներկան, կամ իր ապրած իր ներկան, որի ժամանակ իր ժամանակից առաջ էր անցած և սեփական երաժշտությունն իր ժամանակ շատերի համար անժամանակ էր, մյուսների` ժամանակավրեպ, իսկ շատերի համար էլ վերժամանակյա:

Ժամանակին, անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանը մեր հարցին ի պատասխան կարճ ու կոնկրետ ասել էր, թե Տերտերյանի երաժշտությունը գալիք դարերի համար է: Այս միտքը հաստատեց ու հետևյալ ձևակերպմամբ հայտնեց մեր զրուցակիցը` դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը. «Տերտերյանի երաժշտությունը ոչ միայն միտված է ապագային, և գալիք սերունդների առջևից կքայլի, այլ այն մետաֆիզիկական է, որը ներառում է անցյալը, ներկան ու ապագան: Դա կարծես հայելի է երկնքի և երկրի միջև, որպեսզի մարդկությունը տեսնի, թե ինքն ի~նչ աստվածային միջավայրում է` երկիր մոլորակում, դրախտավայրում…»:

Հավելեց նաև, թե Եկատերինբուրգ իր հյուրախաղերից մեկի ժամանակ նվագախմբի երաժիշտներից, ովքեր պատիվ են ունեցել շփվելու կոմպոզիտորի հետ, մինչ օրս մտաբերում են, որ ի պատասխան իրենց հարցի՝ Տերտերյանը բառացիորեն այսպես է պատասխանել` «Իմ երաժշտությունն այն մասին է, ինչի մասին դուք ինքներդ եք, այն մասին է, ինչի մասին գիտեք ընդհանրապես»:

Մեր զրուցակցին, որը վաղուց հայտնի է որպես Տերտերյանի արվեստի մեծ երկրպագու և միանշանակ նրա գործերն ավելի շատ ղեկավարող դիրիժոր ոչ միայն Հայաստանում, հիշեցրինք, որ կոմպոզիտորի համար այս հոբելյանական տարում Գյումրիում կայացած համերգներում, հնչեցրել է ստեղծագործություն ավելի քան կես դար դադարից հետո: Դիրիժորը մանրամասնեց՝ տեղեկացնելով. «Այո, կոմպոզիտորի ծննդյան օրը, հուլիսի 29-ին կայացած համերգը նվիրված էր Տերտերյանի ծննդյան 95-ամյակին: Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Ոսկանյան), Երևանի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներ Լուիզա Երեմյանի (սոպրանո), Նարեկ Խաչատրյանի (բարիտոն) հետ 60 տարվա լռությունից հետո ներկայացրինք Թումանյանի և Շիրազի խոսքերով «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ շարքը: 25 տարիների լռությունից հետո կատարեցինք «Սիմֆոնիա թիվ 2»-ը գրված սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և մենակատարի համար»: Վերջինի պարտիայի կատարմամբ հանդես եկավ կոնսերվատորիայի ժողերգեցողության բաժնի շրջանավարտ Էդիկ Ալոյանը (ի դեպ, այս գործը վերջին անգամ հնչել է 1999թ. դարձյալ կոմպոզիտորի ծննդյան օրը, կրկին Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ):

Անդրադարձանք նաև երաժշտության ազգային կենտրոնի` Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի փակման օրը (դեկտեմբերի 8) բարձրարվեստ հնչած «Սիմֆոնիա թիվ 1» ստեղծագործությանը: Այս առիթով մեր զրուցակիցը նախ նշեց, որ այդ երկը գրված է երգեհոնի, դաշնամուրի, պղնձափողայինների, հարվածայինների և բաս կիթառի համար, ապա ասաց, թե հիշյալ գործը վերջին անգամ կատարվել է 2018թ. Երևանում, իսկ CD-ն` ձայնագրվել ու հրատարակվել է Սանկտ-Պետերբուրգում:

Զրույցի ընթացքում ափսոսանք հայտնելով, որ կոմպոզիտորի 9-րդ սիմֆոնիան անավարտ մնաց, Ռուբեն Ասատրյանը հետաքրքիր զուգահեռ անցկացրեց մեր հանճարեղ Տերտերյանի և համաշխարհային դասական երաժշտության որոշ հանճարների, ու նրանց հենց 9-րդ սիմֆոնիաների նույն ճակատագրին արժանանալու մասով: «Տեսեք, իրենց 9-րդ սիմֆոնիաները ավարտին չեն հասցրել Բեթհովենը, Դվորժակը, Շուբերտը, Մալլերը, Բրուքները», – ասաց դիրիժորն ու մի հետաքրքիր եզակի փաստ արձանագրեց` աշխարհում երկու կոմպոզիտոր` Մոցարտն ու Տերտերյանն են, որ ստեղծագործելիս երբևէ սևագիր չեն արել և հատկապես արձանագրեց. «Տերտերյանն իր բոլոր գործերը գրել է Հայաստանում` Դիլիջանում և Հայրավանք եկեղեցու դիմաց գտնվող իր տանը: Ու գիտեք, երբ երկար բանակցություններից հետո, տիկնոջ` երաժշտագետ Իրինա Տիգրանովայի հետ, իհարկե գերմանական կողմի հրավերով ու երկարատև պնդումներից հետո, 1994թ. ընդմիշտ մեկնում են Գերմանիա ապրելու և ստեղծագործելու: Հասնելուն պես կոմպոզիտորը հանկարծ հիշում է, որ 9-րդ սիմֆոնիան չի ավարտել, չէ որ նա այլևս իր հողում չէ և բնականաբար չի կարող այդ գործն ավարտին հասցնել… Նույն թվին մեկնում է Եկատերինբուրգ իր անունը կրող փառատոնին ներկա գտնվելու ու հենց այդ օրը` դեկտեմբերի 11-ին կնքում մահկանացուն` քնում և չի արթնանում»:

Իհարկե, հայ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը շարունակվում է մինչ օրս, ավելին, Եկատերինբուրգում փողոց է անվանակոչվել Տերտերյանի անունով: Այսօր էլ Երևանի և Եկատերինբուրգի կոնսերվատորիաների պրոֆեսոր Ավետ Տերտերյանի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում ոչ միայն կոմպոզիտորի հոբելյանական տարեթվերի հետ կապված:

Մի ցանկություն` թող էլ ավելի հաճախ մեզ մոտ հնչի տերտերյանական երաժշտությունը, բացի այն, որ 2022թ. Երևանի օպերային թատրոնի խաղացանկում է «Կրակե օղակը»` Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ և Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով:

Վերջում, մեզ հասած տեղեկություններով, առայժմ առանց մանրամասնելու տեղեկացնենք, որ Ավետ Տերտերյանի տունը, ավելի ճիշտ ապագա տուն-թանգարանը բարեբախտաբար հայտնվել է կոմպոզիտորի երկրպագուներից մեկի ձեռքում: Մանրամասներն արդեն եկող` 2025թ. սկզբներին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031