Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի բանաձևը՝ արցախահայության վերադարձի իրավունքի համար միջազգային ֆորում ստեղծելու վերաբերյալ

Դեկտեմբեր 18,2024 16:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել է պատմական բանաձև՝ երկրի կառավարությանը կոչ անելով հրավիրել միջազգային ֆորում՝ նպաստելու և խթանելու Արցախից բռնի տեղահանված բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացումը։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը կոչ է անում ուղիղ բաց երկխոսություն սկսել արցախահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև և վկայակոչում է միջազգային հանրության անհերքելի պատասխանատվությունը՝ իրենց պատմական հայրենիք տեղահանվածների ապահով վերադարձի երաշխավորման հարցում։

Կարևոր է նկատել` բացի Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներին ուղղակիորեն բանակցությունների հրավիրելուց, բանաձևի հիմնավորման մեջ հստակ նշվում է.  2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղը դատարկվել է իր հայ բնակչությունից՝ վկայակոչելով «փաստաթղթավորված էթնիկ զտումները»: Բանաձևում նաև ընդգծվում է՝ Ադրբեջանի իշխանությունների ուղղակի սպառնալիքներն ու ռազմական գործողությունները վախ են ներշնչել և ստիպել հայ բնակչությանը մի քանի օրվա ընթացքում լքել հայրենիքը։ Բացի այդ, վկայակոչվում է նաև Միջազգային քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերին ընդունված որոշումը, որով Ադրբեջանից պահանջվում էր դադարեցնել հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով եկեղեցիների, գերեզմանատների և քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման փաստագրված դեպքերը։ Այս փաստի առկայությունն ինքնին պահանջում է միջազգային երաշխիքների անհրաժեշտությունը՝ հետագայում պաշտպանելու տեղահանված հայերի կյանքը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ողջունելով բանաձևի ընդունումը, նշել է. «Սա Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից կարևոր քայլ է, որն ընդգծում է Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքին աջակցող միջազգային իրավական և քաղաքական աճող թափը։

Այժմ Շվեյցարիայի Նահանգային խորհուրդը պետք է օգտվի հնարավորությունից՝ վավերացնելով բանաձևը և հետագայում ճնշում գործադրի համապատասխան կենտրոնների վրա՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի հիմնարար իրավունքները՝  իրենց հայրենիքում վերականգնելու ապահով, արժանապատիվ կյանքն ու կեցությունը»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել