«Քանի անգամ ենք կրկնել արդեն, որ կան կարմիր գծեր, որոնք հատելն ուղղակի անհնար է։ Չի լինելու նման բան»,-լրագրողների հիշեցմանը՝ Բաքուն անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հավելեց․ «Մենք շարունակաբար կրկնում ենք, որ ՀՀ-ն ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ պայմանների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ մոտ ժամանակներս կլինի սահմանազատման հանձնաժողովի հանդիպում։
Հարցին՝ ՀՀ-ն կառաջարկի՞, որ հաջորդիվ սահմանազատում կատարվի ՀՀ-ի բռնազավթված հատվածներում, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Մեր հանդիպումները միշտ տեղի են ունենում, որից հետո մամուլի հաղորդագրություն ենք հրապարակում և առավելագույն մանրամասն ներկայացնում արդյունքները»։
Հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին առաջարկում՝ ԵՄ դիտորդներին հետ քաշել արդեն իսկ սահմանազատված ՀՀ-ի հատվածներից՝ մասնավորապես Կիրանցի հատվածից, ՀՀ փոխվարչապետը պատասխանեց․ «Դուք համատեքստից դուրս եք ձևակերպում հարցը, և ես չեմ կարողանում պատասխանել»։
Կարդացեք նաև
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի SMS-ից Դուք չեք ստացել, քանի որ ասոցացվում եք նախկինների հետ, Մհեր Գրիգորյանը զարմացավ ու հարցրեց լրագրողին․ «Իսկ ո՞նց եմ ասոցացվում»։
Հարցին՝ ե՞րբ սպասենք նորությունների նոր սահմանազատման հետ կապված, Մհեր Գրիգորյանն արձագանքեց․ «Գործընթացն ընթանում է, կարծում եմ՝ մոտ ժամանակներում կունենանք նորություն»։
Մյուս հարցին՝ ապաշրջափակման մասով կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով երկկողմ բանակցություններ են վարվում, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Դեռ չենք կարող ասել, որ բանակցություններ վարում ենք։ Մենք տվել ենք առաջարկ, որի մասով սպասում ենք պատասխանի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային