Երեւանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գեւորգ Ստեփանյանը եւ Մեսրոպ Մանուկյանը նկարահանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը նախորդ տարիներին զարդարած ամանորյա զարդարանքի դեկորները, որոնք անխնամ շպրտված են Մանկապարտեզի նախկին տնօրեն Վերոնիկա Գևորգյանի անունը ստացած «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի լքված տարածքում:
Ավագանու անդամները փաստում են, որ բոլոր դեկորները նոր են ու անվնաս եւ հաստատ այս տարի էլ կարող էին օգտագործվել:
Նրանց տվյալներով, 2024 թվականի համար Երեւան քաղաքի բյուջեով Երեւանի ամանորյա զարդարանքի համար մսխվել է 550 միլիոն դրամ:
«550 միլիոն այս տարի են դուրս գրել զարդարման համար, 35-36 միլիոն 2017 թվականին: Անցյալ տարի սա նորմալ եղել է, սա կատակ չէ, սա ոչ խոտ է, ոչ յոնջա է, ոչ սինձ է: Սա նույն այդ զարդարանքն է, ամբողջությամբ նոր, բերել են անտերությամբ շպրտել այստեղ»,- մեկ առ մեկ ցուցադրելով գետնին շպրտված տոնական լույսերը՝ հավելեցին ավագանու անդամներ Մանուկյանն ու Ստեփանյանը:
Կարդացեք նաև
Նրանք ցուցադրեցին նաեւ հայտնի տոնական զարդարման համար նախատեսված oղակները, ոսկեգույն ջահերը, աստղիկները: Գեւորգ Ստեփանյանի խոսքով, «Բա էլ ոնց մսխեն, էս է բյուջեի մսխելը: Մանկապարտեզի երկրորդ հարկում էլ են լցրել այս զարդարանքներից: Սա վերջն է, սրանք մսխում են բյուջեն ամեն ձեւ: 550 միլիոն դրամ դուրս են գրել, բայց պատրաստի կար, կարող էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար ոչ մի դրամ դուրս չգրել, էդ փողը փոխանցեցին թանկացվող տրանսպորտին, ու հունվարի 1-ից ոչ մի բան չթանկացնեին»:
«Այդ դեկորները Արտակ Ալեքսանյանի օրոք են ձեռք բերվել ու մինչեւ անցած տարի օգտագործել ենք: Դրանք բավականին մաշված են, դրանց վերականգնելը, լույսերը փոխելը բավականին մեծ ծախս էր նստելու մեզ վրա, երեւի մեզ տրված բյուջեից կրկնակին պիտի ծախսեինք վերանորոգման համար: Ընդ որում, այդ ամենը պահեստից է հանվել, հատ-հատ ստուգվել է, ինչ հնարավոր էր՝ արվել է, մնացածը էլի պետք է դնենք պահեստ: Մեզ տրամադրված է եղել 12 միլիոն դրամ, նախատեսված էր երկու փողոցի եւ տոնածառի հատվածի լուսավորման, զարդարանքի համար, մենք լուսավորել, զարդարել ենք 4 փողոց, տոնածառի հատվածը ու շարունակում ենք մեր ռեսուրսներով լուսավորել ու զարդարել»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը:
«Այնպես որ ընդդիմադիրները թող խելոք մնան: Մենք 12 միլիոնով զարդարել ենք Մալաթիա-Սեբաստիան մաքսիմալ հնարավորությամբ»,- հավելեց պարոն Մխիթարյանը:
Նա ասաց, որ նախորդ տարիների զարդարանքից ինչը պիտանի է եղել, օգտագործվել է նաեւ այս տարի. «Մնացածը շպրտված չէ: «Վերոնիկայում» մեր թաղապետարանի պահեստն է, մեր շինանյութն էլ է այնտեղ, լույսերն էլ, ինչը օգտագործում ենք ու օգտագործելու ենք: Կամ ո՞վ է իրենց թույլ տվել մտնեն «Վերոնիկայի» տարածք, մի հատ էլ վիդեո անեն»:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե այս տարվա ամանորյա զարդարանքի համար դուրս գրված միլիոնների փոխարեն կարելի էր այդ գումարներն ուղղել հունվարի 1-ից սպասվող թանկացող տրանսպորտին, որ չթանկանար՝ պարոն Մխիթարյանն այսպես արձագանքեց. «Կարող եմ ասել, որ մեկը մեկի հետ բացարձակ կապ չունի: Այդ ընդդիմադիրները ժամանակին իշխանություն են եղել: Այդ ամեն ինչը, որ գնացել է ե՛ւ տրանսպորտին, ե՛ւ զարդարանքին, լավ էլ վատնել են, լավ էլ գրպանները լցրել են: Ինչ վերաբերում է զարդարանքին, անում ենք մեր երեխաների համար, լավ տրամադրություն ստեղծելու համար, որ մեր երեխաները ուրախանան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ