ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին ներկա է գտնվել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգին:
Սա հերթական, բայց ոչ շարքային համերգ է` նշել է խմբավար Սոնա Հովհաննիսյանը, սա համերգ-նվիրում է հոբելյարներ Ռոբերտ Ամիրխանյանին և Դավիթ Ղազարյանին: Համերգին ներկա էին նաև հոբելյարները:
«Հովեր»-ի հիմնադիր-ղեկավարի խոսքով, անվանի երաժիշտները երգչախմբի կողքին են եղել առաջին օրերից և մեծ ավանդ ունեն «Հովեր»-ի ավելի քան 30-ամյա գործունեությունում:
Կարդացեք նաև
Համերգը մեկնարկել է սոլո կատարումներով, ապա հնչել են ստեղծագործություններ նաև երգչախմբի կատարմամբ: Թե՛ մենակատարների և թե՛ երգչախմբի պարագայում, հնչել են նաև առաջին կատարումներ` պրեմիերաներ:
Համերգի նման ֆորմատը երգչախմբի նախաձեռնությունն է, ծրագիրը կազմվել է մենակատարների առաջարկներով: Երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը հատուկ կարևորել է փաստը, որ մենակատարները Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վերջին տարիների շրջանավարտներն են և սոլո ելույթները նրանց կարիերայում կարևոր բաղադրիչ են:
Այս համերգը «Հովեր» պետական կամերային երգչախմբի այս տարվա նախավերջին համերգն է, ևս մեկ` տոնական ամփոփիչ համերգով «Հովեր»-ը բեմ կբարձրանա դեկտեմբերի 26-ին` Մատենադարանում:
Համերգի ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել երգչախմբին և Սոնա Հովհաննիսյանին համերգի համար և իր նոր երգը, որը դեռ չի հնչել, նվիրել երգչախմբին:
Աննա Հակոբյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին և Դավիթ Ղազարյանին հոբելյանի առթիվ և Սոնա Հովհաննիսյանին՝ հիանալի համերգի կապակցությամբ:
Աննա Հակոբյան
Առաջին տիկին